Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության հիմնադրման շուրջ բարձրացված աղմուկը ոչ միայն նվազման միտումներ չի դրսեւորում, այլեւ խոստանում է նոր թափ հավաքել ու ընդլայնել տարածման շրջանակը:
Հանդիսանալով Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) անդամ, ես ձեռնպահ կմնամ Արմենական-ՌԱԿ հիմնադիրներին ու նրա ստեղծման ակունքում կանգնած անձանց պիտակավորելու գայթակղությունից, քանզի նրանց անձամբ չեմ ճանաչում, ու առաջնորդվելով անմեղության կանխավարկածով նաեւ հասարակական հարաբերություններում, չեմ կարող նոր կուսակցություն ստեղծելու նպատակն ի սկզբանե անազնիվ որակել: Հարկ է նշել, որ հակամարտող կողմերը բավական լավ են ճանաչում միմյանց, իրար հետ ճանապարհ են անցել, եւ գործի նրբերանգներին անտեղյակ որեւէ մեկին, այդ թվում` նաեւ ինձ, խորհուրդ չի տրվում ներքաշվել տարաբնույթ խարդավանքների մեջ, իսկ հրապարակային բանավեճին կարելի է միջամտել միայն իրազեկվածության սահմաններում ու «մի՛ վնասիր» սկզբունքը խորապես հարգելով:
Պետք է նկատի ունենալ, որ Արմենական-ՌԱԿ հիմնադիրներն իրենց կյանքով, անցած ճանապարհով ու ծանրակշիռ ավանդով են ապացուցել, որ հանդիսանում են ռամկավար-ազատական գաղափարի նվիրյալներ: Եվ եթե այսօր նրանք ունենալով նոր կուսակցություն հիմնադրելու բավարար հնարավորություն, նպատակադրվել են հզորացնել ՌԱԿ-ը` շարունակելով դեռ 1885 թվականին ստեղծվածի գաղափարներն ու ավանդույթները, կարելի է հետեւություն անել, որ սա իրավիճակով պայմանավորված մերկանտիլ որոշում չէ:
Միեւնույն ժամանակ, չեմ կարող չփաստել, որ ՌԱԿ-ում ու ՀՌԱԿ-ում, սփյուռքում ու հայրենիքում եւս պակաս նվիրյալներ չկան: Ինձ բախտ է վիճակվել Հորդանանում կայացած ընդհանուր պատգամավորական ժողովի ժամանակ հանդիպել նրանցից մի քանիսի հետ: Այնտեղ կային 70, անգամ 80-ն անց տարիքի պատկառելի այրեր (մասնավորապես` Նորայր Դեվլեթյան (Եգիպտոս), Սարգիս Խաչատուրյան (Հունաստան), Չարլզ Բալթոպետրոսյան (Ֆրանսիա), Անդրանիկ Հայկյան (ԱՄՆ), Անդրանիկ Չաթըրջյան (Կանադա), որոնց առանց չափազանցության կարելի է համարել կենդանի լեգենդներ, նրանց անցած ճանապարհն ու վաստակն անուրանալի է, եւ պարզապես ազնիվ չէ կարծել, թե նրանք այդքան տարածություն էին կտրել ու Հորդանան հասել սոսկ անձնական շահադիտական նպատակներով ինչ-որ որոշումներ կայացնելու համար: Այս գործում ո՛չ իշխանական լծակներ կան, ո՛չ էլ վայելքներ` միայն հոգս ու նյութական ծախսեր, եւ նրանք իրենց հաստատակամությամբ ու փորձառությամբ համընդհանուր գործի մեջ արժանապատվորեն «իրենց խաչն» են տանում, մինչեւ ժամանակին ու պատշաճ կերպով էստաֆետը կհանձնեն նոր սերունդին: Եվ եթե հակամարտող կողմերում հավաքվել են նվիրյալներ, ապա այստեղ տեւական բանավեճի թեմա էլ չկա, քանզի օրինական ընտրությունների միջոցով է ձեւավորվում կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմինը: Այսօր, երբ արմենական-ռամկավարների որոշ ընկերներ խոսում են Հորդանանում անցկացված պատգամավորական ժողովի լեգիտիմության մասին, ուզում եմ նշել, որ որքան էլ հայերը սերիալների սիրահար լինեն, այս հարցը ձգելով ու խճճելով սերիալի սյուժե չես ստանա: Այն չափազանց պարզ է. ՌԱԿ կանոնադրության մեջ հստակ գրված է, թե երբ է համագումարը համարվում իրավազոր` քանի շրջանակ պետք է մասնակցի ու քանի պատգամավոր ներկայացված լինի, որպեսզի քվորումն ապահովված լինի: Եթե այդ կետերը չեն խախտվել, ուրեմն համագումարն օրինական է, անկախ նրանից, թե քանի շրջանակ չի մասնակցել, քանի պատվիրակ է բոյկոտել համագումարը կամ էլ վերջում քանիսն են դժգոհ մնացել արդյունքներից:
Սա կարեւորում եմ նրա համար, որ եթե հանգամանքների բերումով արմենական-ռամկավարներն այսօր իրենց մեջ բավարար ուժ են տեսնում Հայաստանում անցկացվելիք համագումարի միջոցով ՌԱԿ-ն իրենց շուրջ համախմբելու ու Հորդանանում անցկացված համագումարն անվանում են անօրինական, ապա մեծ է վտանգը, որ ցանկացած պահի ու ցանկացած վայրում, մեկ ուրիշը` կուսակցությունը «վերցնելու» բավարար հնարավորություն ունենալու դեպքում, կարող է նախաձեռնել նոր համագումար ու հայտարարել, որ իսկական կուսակցությունն իրենք են, քանի որ իրենց մեջ էլ կան ռամկավարական գործի նվիրյալներ ու ի վիճակի են ավելին անել, քան մյուսները: Իսկ երեւանյան համագումարի օրինականությունը կասկածի տակ դնելն առանձնապես բարդ չի լինի, առավել եւս վատ նախադեպի այս ցցուն օրինակի առկայության պարագայում: Կարծում եմ` արմենական-ռամկավարները աշնանը կայանալիք իրենց հավաքը ոչ մի պարագայում չպետք է համարեն միավորիչ համագումար: Այս փուլում համախոհների ընդլայնված այդ ժողովը նախ աշխարհասփյուռ ռամկավարներին ու համակիրներին պետք է ցույց տա, թե իրականում ովքեր են ընդգրկված այդ ձեռնարկում, ինչ արժանիքներ ունեն, ինչ ռեսուրսների են տիրապետում, եւ ինչ են պատրաստվում անել ապագայում: Իսկ համախմբում կարող է տեղի ունենալ ուժերի հարաբերակցության երկկողմանի «ստուգատեսի» արդյունքներն ամփոփելուց հետո միայն, գործընթացի բնականոն զարգացման արդյունքում, այլ ոչ թե դեպքերն արհեստականորեն արագացնելով, միջոցների մեջ խտրականություն չդնելով:
Հավատացնում եմ, որ ՀՌԱԿ ներկայիս վիճակը թե՛ սփյուռքում, թե՛ առավելեւս` հայրենիքում չի գոհացնում շատ շատերին, եւ նրանց ճնշող մեծամասնությունը պատրաստակամ է լծվել կուսակցության դերի ու հեղինակության բարձրացման գործին: Բայց եթե այդ քայլերը չլինեն օրինական` նրանցից շատ քչերը կկանգնեն արմենական-ռամկավարների կողքին, իսկ քայլերը կլինեն երկչոտ ու կաշկանդված, որքան էլ դրանք ազնիվ մղումներով պայմանավորված լինեն, քանզի համոզված են, որ ՀՀ-ում քաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխության դեպքում երեւանյան համագումարը համարվելու է անօրինական, իսկ իրենք որակվելու են պառակտիչ: Եթե կան մարդիկ, որոնք դժգոհ են ՌԱԿ ու ՀՌԱԿ ատենապետեր Մայք Խարապեանից կամ Հարություն Առաքելյանից, եւ նրանցից պրծնելու ձեւը համարում են նոր կուսակցություն հիմնադրելն ու Հորդանանի համագումարը ապօրինի համարելը, ապա հավատացնում եմ, որ դրանով ոչ միայն հարցը չեն լուծում, այլ ընդակառակը` այդ մարդկանց հասարակության աչքում հերոսացնում են` դարձնելով հալածյալ, ու այս ընթացքում նրանց` իրենց տեսանկյունից, անգործությունը դրական ֆոնով սրբագրում: Եթե նրանք վատ են աշխատել, ապա արմենական-ռամկավարներն իրենց նորաստեղծ կառույցի լավ աշխատանքով միայն կարող են տալ նրանց գնահատականը, եւ ամենեւին կարիք չկա համախմբմանը միտված քայլերը սկսել սփյուռքում տասնամյակներով գործող կառույցը քանդելու փորձերից: Արե՛ք օգտակար գործ, եւ մարդիկ կմիանան ձեզ, կփառաբանեն ու ձեռքերի վրա կտանեն-կբազմեցնեն կուսակցության ամենաբարձր աթոռին, քանզի հոգնել են պերմանենտ պառակտումներից ու գզվռտոցներից: Թե չէ այս վիճակն ինձ հիշեցնում է այն քարոզիչներին, որոնք Աստծո խոսքը արդյունավետ կերպով հանրությանը հասցնելու համար առաջարկում էին հեթանոսական աղոթատեղիները վերացնել ու նույն վայրերում քրիստոնեականը կառուցել: Մինչդեռ կյանքը ցույց տվեց, որ քրիստոնեությունն այսպիսի լայն տարածում է գտել ամենեւին ոչ այն պատճառով, որ նախորդների ուխտատեղիները ժամանակին հիմնահատակ քանդվել են: Հիսուս Քրիստոսն ասելիքը ժողովրդին հասցնելու համար քարոզելու մեծ փորձ ունեցող քրմերի չէ որ փնտրում էր, այլ համախոհների` ձկնորս լինի թե մաքսավոր, քանզի ամենահամոզիչ խոսք ասողը նա է, ով հավատում է իր ասածին` նոր միայն հավատացնում ուրիշներին:
Համոզված եմ, որ համախմբման մասին իրական նպատակներ ունեցողները ոչ մի պարագայում չպետք է պիտակավորեն ընդդիմախոսներին, քանզի ապագա գործընկերոջն ընդառաջ գնալու համար ուղիներ են որոնում, ոչ թե` գոյություն ունեցող կամուրջներն այրում: Ռամկավար ազատական կուսակցությունը հայ իրականության մեջ իր արժանի տեղն ունի, սեփական էջը` հայոց պատմության մեջ, եւ անկախ նրանից, թե ով երբ է հայտնվել այնտեղ, պետք է ունակ լինի իր պատմական առաքելությունը գիտակցելու, իրեն վիճակված պատասխանատվության բաժինը ուսերին կրելու, այլ ոչ թե ամենահին ավանդական կուսակցությանը վերաբերվի որպես բիզնես պրոյեկտի:
Էդվարդ ԱՆՏԻՆՅԱՆ
ՀՌԱԿ փոխատենապետ