Մտքին, որ հայ ազատամարտիկների կողմից կյանքի գնով ազատագրված տարածքները վաղ թե ուշ հանձնվելու են Ադրբեջանի վերահսկողությանը, Հայաստանի իշխանությունները տարիների ընթացքում հասարակությանը տարբեր մեթոդներով կարծես թե արդեն հաշտեցրել էին: Ընդ որում, շրջանցվում էր, անգամ` համարյա մոռացության էր մատնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական Շահումյանի եւ Գետաշենի` Հայաստանին վերադարձնելու անհրաժեշտության թեման: Հասարակությանը տարածքային այս կորուստներին եւս հաշտեցրել էին:
Այսինքն, մեր հասարակությունը ադրբեջանական հսկողությանը հինգ հայտնի շրջանները հանձնելու մասին գիտեր, գիտեր վաղուց, որքան մինչ հուլիսի 11-ին Իտալիայի Ակվիլա քաղաքում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում Ամերիկայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հայտնի հորդորը: Սակայն Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի եւ Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարությունը նոր քննարկումների եւ վերլուծությունների հիմք դարձավ:
Դատելով երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի լավատեսական ելույթներից, որ Ղարաբաղյան կարգավորումը Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից ենթադրում է համարժեք զիջումներ, վստահ էինք, որ, ինչպես Վիլյամ Սարոյանն էր ասում, մահը մեր դեպքում բացառություն կաներ: Այսինքն` հասարակությունը գոնե Հայաստանի անվտանգության եւ ազգային շահերի պաշտպանության հարցում չէր ցանկանում չվստահել երկրի ղեկավարներին: Ընդ որում, խոսքը Հայաստանի բոլոր երեք նախագահների մասին է, թեեւ նրանք երեքն էլ միմյանց մինչ օրս մեղադրում են Ղարաբաղն առանց երկար-բարակ սակարկության վաճառելու ցանկության մեջ: Գործող նախագահն այսօր Սերժ Սարգսյանն է, եւ նրա ղեկավարությամբ իրականացվող Հայաստանի արտաքին քաղաքականությունից դժգոհ քաղաքական ուժերը` ՀՅԴ նախաձեռնությամբ, հուլիսի 10-11-ը հավաքվել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում` քննարկելու հայ-թուրքական հարաբերություններն ու արցախյան հիմնախնդիրը: Համահայկական համաժողովը որոշակի տպավորություն թողեց: Ինչպես համաժողովի ընդունած բանաձեւում է ընդգծված, այն կազմակերպված էր ԼՂՀ նախագահի բարձր հովանավորությամբ եւ խիստ ներկայացուցչական էր` համաժողովին մասնակցում էին հայեր` ժամանած 25 երկրներից: Պատվիրակների թիվն էլ` ՀՀ ԱԺ պատգամավորների թվի չափ՝ առանց Խաչատուր Սուքիասյանի` 130: Իր ներկայությամբ եւ օրհնությամբ համաժողովը պատվել էր նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը: Ինչը ենթադրում է նաեւ նրա համաձայնությունը գոնե այն հայտարարությանը, որը տարածվեց համաժողովի ավարտից հետո:
Հետաքրքիր էր այն, որ Արցախի բարձրագույն ղեկավարությունը, փաստորեն, հովանավորել էր իշխանական կոալիցիան կամավոր լքած կուսակցությանը: Իսկ կոալիցիայից ՀՅԴ-ն դուրս էր եկել` ունենալով սկզբունքային անհամաձայնություն ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության հետ: Մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների ընթացքի: Իսկ հայ-թուրքական բանակցություններում հայկական կողմի թմբկահարվող` առանց նախապայմանների ձեւաչափը, միեւնույն է, ենթադրում է նաեւ Ղարաբաղյան խնդրի հանգուցալուծում, ինչի մասին բացեիբաց եւ արդեն երկար ժամանակ հայտարարում է մասնավորապես Թուրքիայի վարչապետը, հետեւաբար ստացվում է, որ ՀՅԴ-ն իշխանությունների հետ սկզբունքային տարաձայնություններ ունի նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Հետաքրքիր է, որ հենց համաժողովի ընթացքում տեղի ունեցավ ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Ղարաբաղի մասին: Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին եւ Դմիտրի Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հորդորում են օր առաջ կարգավորել Ղարաբաղյան խնդիրը, «լուծել իրենց (Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների.- Լ.Ա.) միջեւ մնացած սակավաթիվ տարաձայնություններն ու ավարտական տեսքի բերել Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը», որն, ինչպես նշված է փաստաթղթում, հանգեցնելու է «բանական փոխզիջման» հիմք ընդունելով Մադրիդյան սկզբունքները: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը շտապեց ողջունել նախագահների հայտարարությունը` արժանանալով քաղաքական ուժերի պարսավանքին: Համաժողովի ընթացքում դաշնակցական գործիչները սպառնացին քննարկել անգամ Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի խնդիրը: Սակայն արժե չմոռանալ, որ հատկապես ՀՀ վարչապետն ու ՀՀ արտգործնախարարն իրենց բոլոր քայլերից հետո պարտաճանաչորեն նշում են, որ կատարում են երկրի նախագահի հանձնարարությունը, այսինքն` որ իրենց բոլոր գործողությունները համաձայնեցված են երկրի առաջին դեմքի հետ: Իսկ Սերժ Սարգսյանը նաեւ Դաշնակցության նախագահն է: Գուցե՛ Վահան Հովհաննիսյանից հետո, սակայն այն նախագահն է, ում ՀՅԴ-ն, դժկամությամբ, սակայն շնորհավորեց նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Այնպես որ, պահանջել ՀՀ արտգործնախարարի հրաժարականը` կեցվածք ընդունելով, թե գլխի չեն ընկնում` ում հրահանգով է շարժվում նա, այնքան էլ պատվաբեր քաղաքականություն չէ:
Ինչ վերաբերում է Մոսկվայում ուրբաթ օրը կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպմանը, ապա քաղաքագետները հավատացած են, որ Ղարաբաղյան հակամարտությունը շարունակելու է մնալ չլուծված դեռ երկար ժամանակ, որ Մադրիդյան սկզբունքները մնալու են զուտ որպես պատմական, բայց ոչ գործնական արժեք ներկայացնող փաստաթուղթ: Ճիշտ, ինչպես հուլիսի 10-11-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՅԴ ընդունած բանաձեւը: