Վտանգավոր եւ սրընթաց հանգուցալուծում

14/07/2009

Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունների վերաբերյալ երեկ հայտարարությամբ հանդես է եկել Հայ Ազգային կոնգրեսը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում արձանագրվում են լրջագույն զարգացումներ, որոնք կարող են բախտորոշ լինել հարցի վերջնական լուծման առումով։ Կարեւոր հանգրվան էր ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Ֆրանսիայի նախագահների հուլիսի 10-ի հայտարարությունը, որի կապակցությամբ Հայ Ազգային կոնգրեսը հայտարարում է.

1. Երեք նախագահների հայտարարությունը չի բացահայտում բուն (նորացված) փաստաթուղթը, որը պետք է դրվի լուծման հիմքում, ուստի Հայ Ազգային կոնգրեսը իր վերջնական գնահատականը թողնում է ապագային, երբ պարզ կդառնան փաստաթղթի էությունը բացահայտող մանրամասները:

2. Միեւնույն ժամանակ, նշված հայտարարության պարունակած տեղեկությունները՝ զուգակցված պաշտոնական այլ հայտարարությունների ընձեռած տեղեկատվությանը (որոնք չեն հերքվել Հայաստանի իշխանությունների կողմից), լուրջ մտահոգության տեղիք են տալիս: Մասնավորապես պարզ է դառնում, որ՝

– այլեւս չի քննարկվում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, եւ ըստ էության ֆիկցիա է դառնում վարչախմբի կողմից ավելի քան 10 տարի թմբկահարված փաթեթային լուծումը.

– ըստ էության, օրակարգից հանվել է հանրաքվեի դրույթը. այն փոխարինվել է ավելի անորոշ ձեւակերպումներով.

– անհստակ ու անբավարար լուծում է տրվում ՀՀ-ԼՂՀ ցամաքային կապի՝ Լաչինի միջանցքի կարգավիճակի սահմանման հարցին.

– եթե նախկինում խոսվում էր միայն վերադարձվող տարածքներ փախստականների վերադարձի մասին, այժմ արդեն խոսվում է նաեւ նրանց վերադարձի մասին բուն Լեռնային Ղարաբաղ.

– կարգավորման հրապարակված սկզբունքներում ոչ մի խոսք չկա շրջափակումների վերացման մասին.

3. Վտանգավոր այս զարգացումների մասին Կոնգրեսն ահազանգում է արդեն 1.5 տարի շարունակ: Պաշտոնական քարոզչությունն ու կեղծ ընդդիմությունն այս ընթացքում շեղել է ժողովրդի ուշադրությունը մեր ահազանգերից, փորձել հանդարտեցնել հասարակությանը` ասելով, թե ղարաբաղյան կարգավորման գործընթացում լուրջ զարգացումներ չկան, եւ ստատուս-քվոն կպահպանվի դեռ երկար ժամանակ:

4. Բնական է, որ միջազգային հանրությունը չէր կարող չօգտագործել լավագույն առիթը. ՀՀ իշխանությունների եւ, մասնավորապես, Ս. Սարգսյանի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը, երկրում ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը, քաղբանտարկյալների եւ համատարած կոռուպցիայի առկայությունը։ Այս հիմքի վրա է, որ նա Հայաստանի իշխանություններին հարկադրեց լուրջ զիջումների գնալ ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ղարաբաղյան կարգավորման գործընթացներում: Չվայելելով ժողովրդի վստահությունը եւ չունենալով լեգիտիմություն, Սերժ Սարգսյանը եւ նրա գլխավորած ավազակապետական իշխանությունը գնաց այդ զիջումներին՝ պահպանելու համար իր իշխանությունը:

5. ԼՂՀ կարգավորման գործընթացը սրընթաց հանգուցալուծման է գնում եւ՝ ամենեւին ոչ հայանպաստ ելքով։ Երկրի ներսում սեփական ժողովրդի հետ հաշտության հասնելու, ազգային համախմբման մթնոլորտ հաստատելու փոխարեն, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ անհամեմատ ուժեղացնել ՀՀ-ի դիրքերը բանակցային գործընթացում, Ս.Սարգսյանի վարչախումբը գերադասում է ոչ համարժեք զիջումների գնալ, ինչը հավասարազոր է ազգային դավաճանության։

Ճակատագրական ու վտանգավոր այս գործընթացը կանխելու եւ Սերժ Սարգսյանին բախտորոշ փաստաթուղթ ստորագրել թույլ չտալու մեկ ձեւ կա. ՀՀ-ի եւ Ղարաբաղի բնակչության, բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի համատեղ ջանքերով պահանջել Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականը, անցկացնել արտահերթ նախագահական, ապա նաեւ խորհրդարանական ընտրություններ, ձեւավորել ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, որը հնարավորություն կունենա միջազգային հանրության առջեւ լիարժեքորեն պաշտպանել հայ ժողովրդի ազգային շահերը»: