Տարածություն եմ թողնում մտածելու համար

27/08/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Իրանցի հայտնի ռեժիսոր Աբբաս Քիարուսթամին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի
պատվավոր հյուրն էր: Վերջին տարիներին պարսկական կինոն մեծ թափ է հավաքել,
ճանաչվել ողջ աշխարհում եւ կանգնել ամուր հիմքերի վրա: Քիարուսթամիի
ֆիլմերի շնորհիվ աշխարհը տեսավ թարմ կինոհայացք: Նրա ֆիլմերի սյուժեները
կարելի է հեշտ եւ արագ վերապատմել: Նրա դանդաղ ու գեղեցիկ ֆիլմերը
երկխոսության են հրավիրում։

«Որտե՞ղ է ընկերոջ տունը» ֆիլմի հերոսը գյուղացի դպրոցական տղա է, ով
ուզում է վերադարձնել դասընկերոջ տետրը, բայց չի հիշում նրա տան տեղը:
Որոնում, մոլորվում է գիշերային ճանապարհներում: Նրա պատմությունն
ազնվության ու պատասխանատվության մասին է: «Բալի գույնը» ֆիլմը պատմում է
մահվան պատրաստվող երիտասարդի մասին, ով իր դիակը հողին հանձնել ցանկացող
է փնտրում: Երիտասարդը մտածում է մահվան մասին, իսկ ռեժիսորը՝ կյանքի:

«Տասը» ֆիլմը նկարահանված է փաստագրական կինոյի սկզբունքով, խցիկն անշարժ
է եւ ներկայացնում է ավտոմեքենայի ղեկին նստած կնոջ զրույցները որդու,
քրոջ, պատահական ուղեւորուհիների հետ: Այդ սակավաբյուջե եւ մինիմալ
տեսաշար ունեցող ֆիլմը գլուխգործոց է: Ուշադրություն է գրավում ոչ թե
սյուժեով, այլ էմոցիոնալ խտությամբ: Քիարուսթամիին հետաքրքիր են մարդկային
անորսալի հույզերը, որոնք դուրս են տրամաբանական հսկողությունից: Ամենօրյա
կյանքը շարունակվում է եւ անավարտ պատմություն դառնում: Ֆիլմն ավարտվում
է, մարդիկ շարունակում են ապրել: Ու զարմացնել իրենց ամբողջականությամբ ու
կատարելության ձգտումով:

– Հերոսի գաղափարը կինոյից վերանում է: Որոշ հանդիսականներ իմ ֆիլմերը
դիտելով կարող են հերոս հայտաբերել: Տարբեր մարդիկ տարբեր հերոսներ են
գտնում: Իմ ֆիլմերի պերսոնաժները սովորական մարդիկ են, ովքեր յուրահատուկ
իրավիճակներում են հայտնվում: Իրավիճակն է նրանց հերոս դարձնում:

– Համարում եք, որ բոլորս էլ հերոսնե՞ր ենք:

– Իհարկե, այդպես է, այլապես ֆիլմեր չէի նկարի: Սովորական մարդիկ իմ
ֆիլմերում իրենց կյանքն են տեսնում՝ կադրի շրջանակի մեջ: Ամեն մարդ ինքն է
իր կյանքի հերոսը: Յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր ճանապարհը: Իսկական
հերոսները ոչ հերոսական կյանքով ապրող մարդիկ են: Մենք մեր ֆանտազիայի ու
կարճամտության պատճառով ենք հերոսներ որոնում ու էկրան հանում: Տարիների
ընթացքում դադարել ենք տեսնել ու հասկանալ մեզ շրջապատող մարդկանց: Կինոն
հեղեղված է բառերով ու պատկերներով: Ես հակառակն եմ անում՝ տարածություն
եմ թողնում մտածելու համար։

– «Տասը» ֆիլմի ձեր հերոսուհին զգում է փոփոխությունների կարիք, բայց կարծես չի համարձակվում որեւէ բան փոխել իր կյանքում:

– Նա որեւէ բան չի փոխում իր կյանքում, քանի որ պատմվում է նրա կյանքի
ընդամենը մեկ ու կես ժամվա պատմությունը: Բայց դա չի նշանակում, որ նա չի
փոխվի ֆիլմի ավարտից հետո: Այդ հատվածից հետո նա կարող է կտրուկ քայլերի
դիմել: Բայց կարող է եւ չդիմել: Ամեն մի հանդիսական տեսնում է այն, ինչ
ուզում է: Միայն այդ կինը չէ կարեւոր, այլ այն ընդհանուր ճանապարհը, որը
կբացվի դիտողի համար: Եթե հանդիսատեսը չի տեսնում ուրիշ ճանապարհ, ֆիլմի
պերսոնաժները վերածվում են կեղծ կերպարների: Ամեն մարդ ինքն իր մեջ պետք է
տեսնի փոփոխության հնարավորությունը:

– Մարդն ազա՞տ է իր ընտրության մեջ, ի զորո՞ւ է փոխել սեփական կյանքը:

– Իրականում մարդն անճար է եւ որեւէ բան փոխել չի կարող: Բայց եթե
նույնիսկ չի կարող, լավ կլինի հավատա, որ կարող է: Ուզում եմ մեջբերել իմ
սիրած էքզիստենցիալիստների խոսքերը, որոնք գուցե չափազանցված են ու
նույնիսկ անմարդկային. «Եթե մարդն ի ծնե անդամալույծ է ու չի կարող
հարյուր մետր վազքի մեջ առաջինը լինել, դա միայն իր մեղքով է»: Այդ բառերի
մեջ չափազանցություն կա, բայց այդ միտքը մեր օգտին է աշխատում, պետք է
հավատալ, որ դա ճիշտ է: Ավելի լավ է այդպես կարծել: Քո իրավիճակի հետ
հաշտվելու ամենահեշտ միջոցն անընդհատ ուրիշին մեղադրելն է: Իհարկե,
կյանքում տրվում են շանսեր, անկասկած գոյություն ունի բախտի գաղափարը,
շրջապատի ազդեցությունը, բայց լավ կլինի հավատալ, որ մենք ենք մեր
ճակատագրի տերը: «Մեղավորն ուրիշներն են» ասելով՝ մենք մեծ վնասներ ենք
հասցնում մարդկությանը:

– Իսլամական ու քրիստոնեական մշակույթների միջեւ կամուրջներ կարո՞ղ են ստեղծվել:

– Կարծում են, եթե մենք չփչացնենք այն մարդկային հարաբերությունների
կամուրջները, որոնք վաղուց գոյություն ունեն, նոր կամուրջներ կառուցելու
կարիք չի լինի: Կապն արդեն կա: Իմ ողջ կյանքի ընթացքում ես տարիներ
շարունակ շփվել եմ հայ ընկերների հետ, առանց մտածելու, որ պետք է որեւէ
հատուկ կամուրջ ստեղծեմ: Շփվելու համար հատուկ քայլեր անել պետք չէ:
Կոտրված կամուրջի գաղափարը քաղաքական դեմքերն են առաջ բերում ու
շահարկում: Նրանց ձեռնտու է կարծել, որ քրիստոնյաներն ու մահմեդականները
հակառակ բանակներում են: Մարդիկ հաշտությունից ու միացումից են օգուտ
քաղում, իսկ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, ընդհակառակը, ուզում են
խզել այդ կապը:

– Ավանդույթները չե՞ն խանգարում:

– Ոչ, մարդիկ առանց մեծ ջանքերի են հաղթահարում այդ դժվարությունները: Եթե
մարդիկ ընդունեն, որ որոշում կայացնելիս պետք չէ իրենցից ավելի տարեց ու
ավանդապաշտ խնամակալներից խորհուրդ հարցնել, շփումը կստացվի: Պետք է, պետք
չէ՝ ամեն մարդ ինքն է որոշում: Խնամակալների իշխանությունը եթե չլինի,
մարդիկ չեն վախենա ու ավելի հեշտ կանեն իրենց ընտրությունը: Բակում կամ
աստիճանների վրա խաղացող տարբեր հարեւանների երեխաները ոչ ազգային, ոչ
կրոնական տարբերություն չեն տեսնում: Ծնողներն են հետո բացատրում նրանց
այդ հասկացողությունների իմաստն ու տարբերությունները:

-1997թ. ձեր «Բալի գույնը» ֆիլմը հաղթեց Կաննի փառատոնում ու հայտնի
դարձրեց պարսկական կինոն: Որեւէ հայկական ֆիլմ՝ մրցանակ ստանալով, կարո՞ղ
է զարգացնել հայկական կինոարտադրությունը:

– Փարաջանովը, օրինակ, երբեք չի ցանկացել համաշխարհային կինոդեմք դառնալ:
Նա պարզապես ֆիլմեր է նկարել՝ հավատարիմ լինելով ինքն իրեն: Եվ
համաշխարհային փառքի է հասել՝ առանց որեւէ մրցանակ շահելու: Մրցանակը
կարող է օգնել, բայց դա որոշիչ նշանակություն չի կարող ունենալ: Ամեն մարդ
պետք է ձգտի ուժեղ լինել: Եթե ուժեղ լինի, լավ ֆիլմեր կնկարահանի: Եվ
մարդիկ, բնականաբար, կհետաքրքրվեն լավ ֆիլմերով: Կարեւորը յուրահատուկ
լինելն է, եթե ընդօրինակես ուրիշներին, հաջողություն չես ունենա ու
օրիգինալ չես համարվի: Եթե քաղաքական դեմքերը չմիջամտեն ու խորհուրդներ
չտան, կարող է ստեղծվել դրսի համար հետաքրքիր հայկական ֆիլմ:

– Դուք քաղաքական ճնշում զգացե՞լ եք:

– Իմ ֆիլմերն այնպիսին են, որ քաղաքական ճնշումների չեն ենթարկվում:
Իրանում, իհարկե, խիստ գրախոսություն կա, բայց ես քաղաքական ֆիլմ սարքող
ռեժիսոր չեմ: Շատերն ինձ սխալ հասկանալու պատճառով են մեղադրել, բայց ես
քաղաքական նպատակներ չեմ հետապնդում իմ ֆիլմերում: Դեմ եմ
գաղափարախոսությանը, քանի որ համարում եմ, որ ոչ ոք մարդկությանը փրկելու
դեղատոմս չի ստեղծել: Դեղատոմսերը գրում են մարգարեներն ու քաղաքական
դեմքերը: Եվ միայն իրենք գիտեն՝ ինչպե՞ս փրկել աշխարհը: Արվեստագետները
փրկիչներ չեն, նրանք միայն բարձրաձայն ասում են իրենց մտքերը:

– Իսկ այդ մտքերն օգնո՞ւմ են մեզ փրկվել մեկուսացումից:

– Եթե փորձեմ իրատես լինել, պիտի ասեմ՝ այո, բայց բավական թանկ գնով:

Հ. Գ. Քիարուսթամին Երեւանում ներկայացրեց իր լուսանկարների
հավաքածուն, որն էլ փառատոնի ավարտից հետո նվիրեց Փարաջանովի թանգարանին:
Դա մեծ ու շատ գեղեցիկ նվեր է մեր քաղաքին: «Լուսանկարը պարզ ու անշարժ
ռեժիսուրա է: Երբ նայում եմ բնությանը, տեսնում եմ շրջանակի մեջ տեղադրված
բնապատկերներ: Կադրի որոնումն անդադար աշխատանք է»,- ասում է նա: Ինչպես
ասաց Քիարուսթամին՝ ինքը բավական ժլատ է եւ հազվադեպ է նվերներ անում,
սակայն որոշեց այդ նվերն անել՝ ի շնորհակալություն Երեւանին: Իսկ քաղաքն
էլ, իր հերթին, նրան պարգեւատրեց հուշամեդալով: