Ճաշ մանանեխից առաջ

14/07/2009

«Հաջորդ շաբաթ Մոսկվայում կայանալիք Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից Միացյալ Նահանգները առաջընթաց է սպասում»,- այդ մասին երեւանյան բանակցություններից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը: Վերջինս կարճատեւ երեւանյան այցելության ընթացքում հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Շաբաթ օրը նախագահական նստավայրում հրավիրված համատեղ ասուլիսի ժամանակ Նալբանդյանն ու ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալը տեղեկացրել են, որ Ղարաբաղյան հիմնախնդրից բացի, Երեւանում քննարկվել են նաեւ հայ-թուրքական, հայ-ամերիկյան հարաբերությունները եւ Հայաստանում ժողովրդավարության վիճակը: Սակայն, ինչպես նշել է ամերիկացի դիվանագետը, այցի հիմնական նպատակը Ղարաբաղյան հարցի քննարկումն է եղել: «Մեր պատվիրակությունը Բաքվում հանդիպել է նախագահ Ալիեւի հետ, եւ Ադրբեջանում ու այստեղ ունեցած մեր քննարկումների արդյունքում մեզ մոտ տպավորություն է առաջացել, որ երկու կողմերն էլ փորձում են ընդհանուր լուծումներ գտնել` հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի արդյունքում, ինչպես ասված է երեք նախագահների համատեղ հայտարարության մեջ, թույլ կտան օգտագործել այս հնարավորությունը եւ մոսկովյան հանդիպման ընթացքում առաջընթաց գրանցել,- հայտարարել է Սթեյնբերգը` ավելացնելով,- Եվ հիմք ընդունելով առաջ ընթանալու` երկու կողմերի վճռական տրամադրվածությունը, կարծում եմ, որ առկա է կառուցողական դիրքորոշում: Ես չէի ցանկանա կանխատեսումներ կատարել մոսկովյան հանդիպման արդյունքների վերաբերյալ, սակայն մենք հիմք ենք ընդունում երկու կողմերի տրամադրվածությունը` լուրջ լինել նպատակների իրագործման առումով, եւ մենք հույս ունենք, որ գալիք շաբաթվա ընթացքում մենք ի վիճակի կլինենք առաջ շարժվել»: Սթեյնբերգը անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններին` նշելով, որ Վաշինգտոնում բարձր են գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնելու` Հայաստանի ղեկավարության ջանքերը, ինչը դրական ազդեցություն կթողնի ոչ միայն երկու երկրների փոխհարաբերությունների, այլեւ ողջ տարածաշրջանի վրա: «Մենք ողջունում ենք այն ջանքերը, որ նախագահ Սարգսյանն ու արտգործնախարար Նալբանդյանը գործադրում են Հայաստանի ու Թուրքիայի հաշտեցման ճանապարհին առաջ շարժվելու համար, ինչը հնարավորություն կստեղծի երկու երկրների միջեւ սահմանների վերաբացման ու երկուստեք տնտեսական եւ քաղաքական կապերի հաստատման համար: Եվ պետք է ասեմ, որ ի սկզբանե մենք նշել ենք, թե այս գործընթացը պետք է կապ չունենա որեւէ այլ գործընթացի հետ, ու մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ առաջընթաց կգրանցեն այս ուղղությամբ, որովհետեւ այն բխում է երկու երկրների շահերից: Ուստի մենք խրախուսելու ենք, որ այս գործընթացն առաջ շարժվի` կապ չունենալով որեւէ այլ հարցի հետ,- հայտարարել է Ջեյմս Սթեյնբերգը` ավելացնելով,- Սակայն, միեւնույն ժամանակ, մենք կողջունենք Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերող զուգահեռ առաջընթացը, որի հետ կապված, ինչպես նշեցի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կառուցողական դիրքորոշումը քաջալերում է ինձ»: Էդվարդ Նալբանդյանը, իր հերթին, ասել է, որ պաշտոնական Երեւանը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների ղեկավարների` Բարաք Օբամայի, Նիկոլա Սարկոզիի ու Դմիտրի Մեդվեդեւի`«Մեծ ութնյակի» գագաթաժողովի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունած համատեղ հայտարարությունը, եւ նշել է, թե ԵԱՀԿ-ի ու այլ կայքէջերում հրապարակված Մադրիդյան սկզբունքների մի մասի շուրջ ընթանում են բանակցություններ, իսկ որոշ սկզբունքներ չեն էլ քննարկվել: Սակայն, ըստ Նալբանդյանի, «կարեւոր է, որ այն, ինչի մասին բավական երկար ժամանակ հայտարարում էր Հայաստանը, այստեղ միանշանակորեն ասվում է` որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, որը պետք է ունենա իրավական պարտադրող ուժ»: Նալբանդյանի խոսքերով, կարեւոր է նաեւ այն, որ խոսվում է Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ անխափան ցամաքային կապի ու անվտանգության երաշխիքների մասին: Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա կողմերը իրենց գոհունակությունն են հայտնել Վաշինգտոնի ու Երեւանի միջեւ հաստատված փոխհարաբերություններից, Ջեյմս Սթեյնբերգն էլ ավելացրել է, թե ԱՄՆ-ում ողջունում են Հայաստանի խորհրդարանի կողմից հայտարարված համաներումը: