Երեկ մեր թերթի խմբագրությանն էին դիմել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի եւ հարակից թաղամասերի բազմաթիվ բնակիչներ` խնդրելով այցելել այդ տարածք եւ տեսնել, թե ինչ կենցաղային պայմաններում են ապրում տեղի հարյուրավոր ընտանիքները: Այցելելով Եղվարդ՝ մենք ականատես եղանք մի տեսարանի, որ բազմաթիվ ընտանիքներ ստիպված են գոյատեւել նողկալի, հակահիգիենիկ պայմաններում, քանի որ այս քաղաքում եւ հարակից թաղամասերում խմելու, ինչպես նաեւ ոռոգման ջուրն իսպառ բացակայում է: Բնակիչները հասկանալիորեն չէին կարողանում զսպել իրենց վրդովմունքը, քանի որ վերջիններս իսկապես արդեն քանի տարի` զրկված են ջուր խմելու տարրական իրավունքից: Ավելին` ծանոթանալով այս մարդկանց կենսակերպին՝ համոզվեցինք, որ Եղվարդում 21-րդ դարը դեռ մուտք չի գործել, քանի որ մայրաքաղաքին գրեթե կպած այս թաղամասերի բնակիչները ստիպված են լինում մղոններ կտրել դույլերով եւ տարաներով ջուր բերելու համար: Մեզ հետ զրույցում վերջիններս վստահեցրին, որ տասնյակ դիմումներ են ուղարկել ինչպես «Երեւան ջուր» ՓԲԸ, այնպես էլ Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչություն (ՊՀՀՀՏ), սակայն երկու կառույցների կողմից էլ այդ դիմումներն արժանանում են անտարբեր վերաբերմունքի: «Օրվա մեջ հազիվ մեկ ժամ ջուր տան, կամ չտան, ընդ որում, պատահում է, որ շաբաթներով ջուր չենք ունենում: Գնում Զովունուց կամ մեկ այլ տարածքից կրում-բերում ենք: Իսկ տալու դեպքում էլ՝ ժանգոտ, կեղտոտ ջուր են տալիս, որն ընդհանրապես չենք խմում, վախենում ենք: Տարվա մեջ մի քանի անգամ մենք ամբողջ բնակչությունով հանդերձ՝ փորլուծ ենք ունենում: Կարող եք նայել եւ ինքներդ համոզվել: Էլ չենք ասում, որ ջրի մեջ ճիճուներ էլ են վխտում»,- վրդովված պատմում են բնակիչները, որոնց մանկահասակ երեխաներն, ի դեպ, ժամանակ առ ժամանակ հայտնվում են հիվանդանոցներում՝ ջրի պատճառով տարածված փորացավի համար: Ի դեպ, Եղվարդում ծորակներից հազվադեպ հոսող ջուրն, ըստ բնակիչների` ոմանց մոտ նույնիսկ մաշկային հիվանդություններ է առաջացնում: Եղվարդի մասնավորապես Նատի թաղամասի բնակիչները վստահեցնում են, որ տեղի առանց այդ էլ սոցիալապես անապահով ընտանիքներն իրենց չնչին եկամուտը ստիպված են լինում մսխել խմելու ջուր գնելու համար, քանի որ «Երեւան ջուր» ընկերության մատակարարած ջուրն արտաքուստ կոյուղու ջրի նման է, իսկ լաբորատոր զննության ենթարկելու պարագայում կարող են համոզվել, որ հարյուրավոր այս ընտանիքներին տրամադրում են կեղտոտ, հակահիգիենիկ ջուր: «Երեւան ջուր» ընկերության Եղվարդի բաժանորդներն, օրինակ` որոշել են ընկերության ֆրանսիացի ղեկավարությանը պատժելու համար մի օր հանդիպում կազմակերպել եւ անխոս առաջարկել խմել իրենց մատակարարած մեկ բաժակ ջրից: «Դուք պատկերացնո՞ւմ եք ինչ աբսուրդ երկրում ենք ապրում: Մենք մեր պետության մեջ իրավունք չունենք պահանջել մաքուր ու ժամանակին ջուր մատակարարել, որովհետեւ ընկերության ֆրանսիացի տերերը որոշել են, որ հայ բաժանորդների հետ կարելի ա ոնց ուզենան վարվեն: Դիմում ենք իրենց` բանի տեղ չեն դնում, զանգահարում ենք, չեն միացնում: Չի բացառվում, որ էդ ֆրանսիացի ղեկավարները տեղյակ էլ չեն, որովհետեւ աշխատակիցներն էնպես են դողում, փակում ճանապարհը, որ հանկարծ նրանց հետ չխոսենք»,- ասում են վրդովված բնակիչներն, ովքեր իսկապես խմելու ջրի խնդրի պատճառով իրենց ստորացած ու նվաստացած են զգում: Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի եւ հարակից թաղամասերի բնակիչները ՀՀ իշխանություններին կոչ են անում արձագանքել եւ «Երեւան ջուր» ընկերությանը պարտավորեցնել պատշաճ ջրամատակարարում իրականացնել` հարգելով ՀՀ քաղաքացիների գոնե տարրական իրավունքները: «Ինչքա՞ն կարելի է օտարների խաթրին չկպնելու պատճառով հայ մարդուն, սեփական երկրի քաղաքացուն նվաստացնել: Չէ՞ որ այս խնդրով առաջին հերթին պիտի հետաքրքրված լինի մեր կառավարությունը, որովհետեւ հարյուրավոր ընտանիքներ ջրի կարոտ են մնում, եւ սա՝ այն դեպքում, երբ մեր երկիրը համարում են քաղաքակիրթ երկիր: Եթե ֆրանսիացու հետ էսպես վարվեին` կդիմեր դատարան ու պետությանը խայտառակ անելով՝ մեծ փողեր կշահեր, բայց սովոր են, որ հայ մարդը գլուխը կախ պիտի հարմարվի»,- դժգոհում են բնակիչները: Վալերա Մովսիսյանը վստահեցնում է, որ արդեն հոգնել են դիմում-բողոքներ ուղարկելով այս կամ այն կառույց, որովհետեւ մշտապես դրանք մնում են անպատասխան. «Իրենք լավագույն դեպքում մեզ պատասխանում են, թե պատշաճ ջրամատակարարում իրականացնում են, բայց, ստացվում է` մեզ հիմարացնում են: Մենք շաբաթներով ջուր չենք ունենում: Նույնիսկ բանկայով իրենց ցույց ենք տվել, ոնց որ մեզի անալիզ լինի, բայց ոչ մի ուշադրություն»: Ի դեպ, մենք կապվեցինք ԱՆ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության պետի տեղակալ Ղազարոս Հակոբյանի հետ եւ տեղեկացրինք բնակիչներին սպառնացող վտանգի մասին: Վերջինս մեզ խոստացավ իսկույնեւեթ մասնագետներին հանձնարարել, ստուգումներ իրականացնել: Այն որ մամուլի ահազանգերին այս կառույցից անմիջապես արձագանքում են` փաստ է, սակայն թե ինչո՞ւ շարքային քաղաքացիների բազմաթիվ ահազանգերին հետամուտ չեն լինում, անհասկանալի է: Ղ. Հակոբյանը վստահեցրեց, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից, ինչպես նաեւ հարակից թաղամասերից իրենք ահազանգեր չեն ստացել, եւ ինքն առաջին անգամ է լսում, որ այդ տարածքում ջրի աղտոտվածության խնդիր կա: Հակադարձելով տեսչության պետի պնդումներին՝ տեղի բնակիչները վստահեցնում են, որ մասնավորապես համատարած փորացավերի դեպքերի առիթով անդադար ահազանգել են ԱՆ ՊՀՀՀՏ Եղվարդի տարածքային մասնաճյուղ: Այլ հարց է, որ Սանէպիդ կայանը, մեղմ ասած` «թքած ունի» մարդկանց առողջության վրա եւ ահազանգերին այնքան էլ լուրջ չի վերաբերվում: Եղվարդի հանրակացարանի բնակիչ Արմեն Օրբելյանն էլ վստահեցնում է, որ հանրակացարանում ժամանակավոր բնակություն հաստատած շուրջ 40 ընտանիք օգտվում է բակում տեղադրված մեկ ծորակից. «Դե՛, դուք պատկերացրեք, թե ինչ ա կատարվում: Լավագույն դեպքում 1 ժամ ժանգոտ ջուր են տալիս, ու էդ 40 ընտանիքը պիտի հասցնի դույլերով կրել»: Արտավազդ Մուրադխանյանն էլ վեց երեխաների հայր է, որի երեխաների մոտ փորացավն արդեն սովորական երեւույթ է դարձել: «Հիմա էլի գոնե արձակուրդ ա, բայց ուսումնական տարին որ սկսվում ա` մեր ուշքն ու միտքը երեխաներին մաքուր դպրոց ճանապարհելն ա: Ո՞վ ա տեսել, որ էս քաղաքակիրթ դարում մարդ բաժակներով ջուրը գլխին լցնելով լողանա: Էլ չեմ ասում, որ ժանգոտ ու վտանգավոր ջրով»: Եգոր Թադեւոսյանը աշխատում է Եղվարդում գտնվող «Սեմուր ընդ կո» գործարանում: Նա վստահեցնում է, որ գործարանի ղեկավարությունը ստիպված է լինում տոննաներով մաքուր ջուր գնել, որպեսզի աշխատակիցների անվտանգությունն ապահովված լինի. «Ես աշխատավայրում ավելի ապահով եմ, քան իմ տանը, որովհետեւ էստեղ գոնե գիտեմ, որ մարդիկ փող են տալիս, մաքուր ջրով ապահովում են, բայց մենք էնքան հնարավորություն չունենք, որ էդքան գումար մենակ ջրի վրա ծախսենք: Մտե՛ք գործարանի զուգարանները նայեք ու կհամոզվեք, որ մարդիկ հիգիենան ապահովելու համար մեծ ծախսեր են անում: Հարյուրավոր աշխատողներ ունեն ու ստիպված են լինում օրական մեքենաներով ջուր գնել: Սարսափելի վիճակ ա, երեւի կառավարության համար Եղվարդը որպես բնակավայր գոյություն չունի, իսկ քաղաքացու շահերի վրա թքած ունեն»: Եղվարդցիները վստահեցնում են, որ ջրի խնդրի պատճառով պարբերաբար նույնիսկ վիճաբանություններ են լինում, որովհետեւ այստեղ մարդիկ ջրին «կակա» են ասում: Հետաքրքիր է նաեւ այն հանգամանքը, որ «Երեւան ջուր» ընկերության աշխատակիցները ջրի վարձավճարները գանձելու հարցում շատ պարտաճանաչ են եւ չնչին պարտքերի դեպքում էլ սպառնում են բաժանորդներին դատի տալ: Եղվարդի Նատի թաղամասի բնակիչ Սվետա Կարապետյանը վստահեցնում է, որ ամռան այս տապին իրենք ստիպված են լինում օգտագործել նեխած հոտով, ժանգոտ, ճիճուներով հագեցած ջուրը. «Խնդրում եմ` ասե՛ք. 24 ժամվա մեջ տրվող 1 ժամ ջրից դուք կարո՞ղ եք օգտվել: Ախր սա ո՞ր դարն ա, էլ չեմ ասում, որ ես երկրորդ հարկի բնակիչ եմ եւ շաբաթներով ջուր չեմ ունենում, որովհետեւ ջուրը չի էլ բարձրանում երկրորդ հարկ: Տրված 1-ժամյա ջուրն էլ տիղմ ու խողովակների կեղտաջուրն ա: Փաստորեն, պիտի համաճարակ լինի, որ մեր երկրի ղեկավարությունը խառնվի իրար»: Եղվարդի բնակիչները վստահեցնում են` «Վճարման օրը պատին են դեմ տալիս, թե` ֆրանսիացիք խեղդում են, շուտ արեք մուծեք: Մեր կառավարությունն ո՞ւմ կողմից ա, ֆրանսիացիների՞, թե՞ մեր: Մեզ հիմա ահավոր վիճակում են պահում ու եթե մեր իշխանություններն իրենց քաղաքացիներին գոնե մի քիչ հարգում են` թող էս հարցին լուծում տան, այլապես կհավաքվենք ու կգնանք բողոքի ցույցի»:
Հարկ է նշել, որ Կոտայքի մարզում են գտնվում «Սեմուր ընդ կո», «Ադիդաս», «Էլիպս», «Սեզ» գործարանները: Տեղի բնակիչները հիմնականում այս գործարանների աշխատակիցներ են եւ վստահեցնում են, որ գործարանների սեփականատերերն այս ճգնաժամային պայմաններում ստիպված են լինում հավելյալ գումարներ ծախսել տոննաներով մաքուր ջուր գնելու համար: Հետաքրքիրն այն է, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից եւ հարակից թաղամասերից միայն բացառություն է կազմում սնկի բիզնեսով զբաղվող արտադրությունը, որն, ըստ բնակիչների` հավանաբար «Երեւան ջրի» հետ եկել է փոխշահավետ համաձայնության: «Այսինքն, եթե հնարավոր ա ջրով ապահովել, ապա ինչո՞ւ հնարավոր չի բոլորին ապահովել»,- դժգոհում են նրանք:
Ի դեպ, երեկ ողջ օրվա ընթացքում մենք փորձեցինք կապվել «Երեւան ջուր» ընկերության ներկայացուցիչների հետ, սակայն պարզվում է՝ նույնիսկ լրատվամիջոցների համար այս ընկերությունը հասանելի չէ: Ընկերության մամուլի պատասխանատուի հեռախոսահամարը ամբողջ օրվա ընթացքում չէր պատասխանում: «Սփյուռ» տեղեկատուից մեզ փոխանցեցին ընդամենը մեկ հեռախոսահամար` 1-85, որին ամբողջ օրվա ընթացքում պատասխանում էր հեռախոսառոբոտը, տեղեկացնելով` «Երեւան ջուր, բարեւ ձեզ. այս պահին ձեր զանգը չի կարող սպասարկվել, խնդրում ենք զանգահարել ավելի ուշ»: Այս նախադասությունը մենք ստիպված եղանք լսել ողջ օրվա ընթացքում: