Հանդիպել են

14/07/2009

Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը եւ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը այցելել են կալանավորված քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանին: Հիշեցնենք, որ Ս.Հացպանյանը մեղադրվում է ՔՕ 333-րդ` սուտ մատնության հոդվածով եւ դատապարտվել է 3 տարի ազատազրկման: «Ս.Հացպանյանի պարագայում մտահոգիչ է այն, որ առկա են ԼՂՀ եւ ՀՀ սահմանների պաշտպանությանը նրա մասնակցությունը վկայող ակնհայտ փաստեր, բայց պետական մարմինները համառորեն հրաժարվում են այդ մասին տեղեկանք տրամադրել: Եվ պատճառն այն է, որ եթե այդ տեղեկանքը ներկայացվի, ապա համաներումը կտարածվի նաեւ Հացպանյանի նկատմամբ: Եվ քանի որ Հացպանյանին ազատ չարձակելու քաղաքական որոշում կա, պետական մարմինները չեն տրամադրում այդ տեղեկանքը»,- ասում է Ս.Սաֆարյանը: Ըստ պատգամավորի, թեեւ կալանավայրում Հացպանյանի իրավունքները չեն ոտնահարվում, բայց քաղբանտարկյալի զայրույթը անսահման է: «Կան տարբեր գրություններ, փաստաթղթեր, Մարտակերտում գտնվող համապատասխան ստորաբաժանումից պարզաբանումներ, իրեն ամրակցված զենքի մասին պաշտոնական գրություն: Այս ամենից հետո թե ԼՂՀ-ում, թե ՀՀ-ում ողջ համակարգը հրաժարվում է որեւէ տեղեկանք տրամադրել, թե նա հանդիսանում է Արցախյան ազատամարտում ներդրում ունեցող անձ»,- ասում է Ս.Սաֆարյանը: