«Վաղ թե ուշ ստիպված ենք լինելու վճարել բոլոր պարտքերը»

14/07/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Ոսկե ծիրան-2009» կինոփառատոնի պատվավոր հյուրերից են կինոռեժիսոր Սերգեյ Սոլովյովն ու դերասանուհի Տատյանա Դրուբիչը, ովքեր միանգամից երկու` «2 Ասսա 2» եւ «Աննա Կարենինա» ֆիլմերն են բերել Երեւան:

Տ.Դրուբիչը ռուսական կինոյում զարմանալի դեր ունի, նա կնոջ ինտելեկտն ու գեղեցկությունը միավորելով, չափազանց բարձր մասնագիտական նշաձող է առաջադրել: 50-ամյա դերասանուհին արտաքնապես կարծես աշակերտուհի լինի եւ իր դիտարկումներում շատ անկեղծ ու ճշմարտացի է: Նա ասաց, որ առաջին անգամ է եկել Հայաստան, եւ վերջերս իր մոտ տարօրինակ տագնապ է ծնվել Հայաստանի հետագա ճակատագրի համար. «Չգիտեմ` ինչո՞ւ, բայց ես մտահոգվում եմ Հայաստանի համար: Եվ շատ շնորհակալ եմ ռեժիսոր Ռոման Բալայանին, ով մեզ պատմում է այստեղ կատարվածի մասին»:

Խոսելով Աննա Կարենինայի դերի մասին` նա նկատեց, որ նկարահանման հրապարակում իրեն թվում էր, որ ոտքերն ու ձեռքերը կապկպած իրեն ծովն են նետել ու ասել են` դե լողա. «Աննա Կարենինային չի կարելի միայն դերասանական վարպետությամբ խաղալ: Այս դերի համար կանացի, պրոֆեսիոնալ եւ էլի շատ խնդիրներ պետք է գործի դրվեն: Կարող եմ ասել, որ իմ կատարումն ինձ չի հիասթափեցրել` չնայած, որ ես սկզբում շատ էի վախենում Աննայից: Ռիչարդ Գիրը մի անգամ ասաց մեզ, որ Հոլիվուդի դերասանուհիների 90%-ը երազում է այդ դերի մասին, բայց ոչ մի դերասանուհի իրականում «Աննա Կարենինա» վեպը չի կարդացել: Այդ վեպն իսկական անդունդ է, որի մեջ սուզվելով` հասկանում ես, որ ցանկացած կին կարող է Աննայի դերը խաղալ` շիկահերը, սեւահերը, սեւամորթը, չինուհին, երիտասարդը կամ ծերը, քանի որ Աննան իդեալական, բացարձակ կնոջ կերպար է: Եվ Տոլստոյը կարծես իր հերոսուհու վրա փորձարկել է սոցիալական բոլոր ինովացիաները, որոնք կային իր ժամանակ: Գիտեք, հարուստ կամ հաջողակ լինելը պարզապես միֆեր են, իրականում ամենակարեւորը, երբ քեզ սիրում են, եւ դու այդ սերը առանց սեփական խղճի հետ փոխզիջումների գնալու ես ընդունում»:

«Աննա Կարենինայի» նկարահանումները ձգվել են 14 տարի, այսինքն` Տ.Դրոբիչը ֆիլմի նկարահանումների սկզբում իր պերսոնաժից երիտասարդ է եղել, իսկ հետո` ավելի ծեր: Այս ֆիլմը նա մաքուր իմպրովիզացիա է անվանում, քանի որ իր ամուսին ու ֆիլմի ռեժիսոր Ս. Սոլովյովը նրան սցենար չէր տվել` ասելով` դու ինքդ ավելի լավ գիտես, թե ինչ պետք է անել: «Հասկանում եք, մեզ բոլորիս թվում է, որ մենք տարբեր ենք, սակայն իրականում մենք նույնն ենք ու շատ լավ գիտենք, որ գալու է այս աշխարհի հետ մեր հաշիվները փակելու ժամանակը: Բոլորս էլ հատուցելու ենք մեր ապրած կյանքի համար: Ինչպես տարիներ առաջ, այնպես էլ հիմա, շատերը կարող են ասել` ինչ արտառոց բան կա, որ կինը դավաճանում է ամուսնուն, բոլորն են դա անում, կարելի է նաեւ այդպես ապրել: Այսինքն` ժպտալ ու սեղանի տակ, գաղտնի շոյել սիրեցյալի ոտքը, մի փոքր ստել ու ինքդ քեզ խաբելով՝ ասել` դա սարսափելի չէ: Եվ Աննա Կարենինան, եւ՛ «Ասսայի» հերոսուհին պարզապես չեն կարող շարունակել ապրել, նրանք արդեն իրենք իրենց այդ հարցերը տվել են»,- ասաց նա:

Սոլովյով-Դրուբիչ ստեղծագործական զույգն իրենց ֆիլմերում միշտ ընդգծում են մարդկային պարտքերը վճարելու անհրաժեշտության մասին: Ս.Սոլովյովը նույնիսկ մանրամասնեց. «Վճարելու ենք մինչեւ վերջին կոպեկը: Ո՛չ դուք, ո՛չ էլ ես այլ ճակատագիր ունենալ պարզապես չենք կարող: Իհարկե, մեզ հարմար է մտածել, որ կարող ենք խուսափել այդ ճակատագրից, բայց դրանից իրավիճակը չի փոխվում»: «2 Ասսա 2» ֆիլմը, որը 20 տարի առաջ ստեղծած «Ասսայի» շարունակությունն է, ներկայացրեց հանդիսատեսին խառն ու վայրիվերո ժամանակների մի կոլաժային պատմություն, որի յուրաքանչյուր պերսոնաժ ինքն իր մեղքի կրողն է: Առաջին «Ասսան» խորհրդային հանդիսատեսի համար բոլորովին նոր հերոս ու բոլորովին նոր` ընդհատակյա ըմբոստ երաժշտական իրավիճակ բացահայտեց: 20 տարի առաջ ֆիլմի ավարտին հնչում էր Վիկտոր Ցոյի «Մենք փոփոխություններ ենք սպասում» հայտնի երգը: «Երբ Ցոյը երգում էր, ես էլ կանգնած մարզադաշտում, երգում էի նրա հետ, ու որպես կատարյալ ապուշ՝ բարձր վանկարկում էի` փոփոխություննե՜ր եմ ուզում: Հիմա այդ փոփոխությունները եկան: Չեմ կարող ասել, կյանքն ավելի լա՞վն է դարձել, թե՞ վատը: Այն պարզապես ուրիշ է: Իմ երկու ֆիլմերն էլ արտաքին ուրախությունից զուրկ են: Բայց նաեւ ոչ մի դեպքում դրանք տխուր հիասթափության մասին չեն: Ավելի շուտ դրանք հուշում են, որ պետք է ողջամիտ լինել: Աստվածաշնչում ասված է` տխրությունը մեղք է: Պետք չէ տխրել, ավելի լավ է դեմ առ դեմ կյանքին հանդիպել»,- ասաց Ս. Սոլովյովը:

Իսկ «Մոսկվա» կինոթատրոնում «2 Ասսա 2»-ը ներկայացնելուց առաջ նկատեց, որ խնդրել է ֆիլմի ձայնը առավելագույնի հասցնել, որպեսզի իրական ռոք համերգի պատրանք ստեղծվի ու թվա, որ դահլիճի առաստաղը փուլ է գալիս: Մեր կյանքում շատ բաներ կան, որոնք սկզբում պետք է փլվեն, որպեսզի հետո ողջամտության կարիքը զգացվի: