Արտասահմանում աշխատող հայազգի կինոգործիչները միշտ հայկական թեմատիկային անդրադառնալու մեծ ցանկություն են ունենում, սակայն հաճախ վախենում են դա անել։
Պատասխանատվությունն է մեծ, քանի որ պարզապես հայ ընտանիքի պատմությունը ներկայացնելը հերիք չէ, պետք է նաեւ բացատրել ՝ թե ինչու են հայ ընտանիքները հաստատվել Եվրոպայում կամ Ամերիկայում։ Իսկ դա նշանակում է, որ առաջ է գալու Եղեռնի թեման, պայթյունավտանգ ու բարդ մի իրողություն, որը էկրան բարձրանալով՝ կարող է կորցնել իր ազդեցությունը։ Անրի Վերնոյն ու Ատոմ Էգոյանը համարձակվեցին նման ֆիլմեր անել։ Իսկ ֆրանսահայ կինոպրոդյուսեր Ալեն Թերզյանը որոշեց այլ ճանապարհով գնալ։ Նա արտադրեց մի ֆիլմ, որն ընդամենը ակնարկում էր Եղեռնի մասին, իսկ հիմնական գործողությունները կատարվում էին Ֆրանսիայում ապրող մաֆիոզ կլան ստեղծած Մալաքյանների ընտանիքում։
«Մերձավոր շրջան» ֆիլմը, որով բացվեց 6-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը, հայ գանգստերների մասին է։ Ֆիլմի գլխավոր դերը կատարել է Ժան Ռենոն։ «Մերձավոր շրջանը» միջին որակի ֆրանսիական ֆիլմ է: Ֆիլմի ռեժիսոր Լորան Տյուելը Երեւանում ասաց, որ գրելով ֆիլմի սցենարը՝ առաջին հերթին ուշադրություն է դարձրել այն ամուր ընտանեկան կապերին, որոնցով հայտնի են հայ ընտանիքները։ «Ես ինքս ծագումով իտալացի եմ, ու ինձ հետաքրքրեց արտագաղթի ու ազգային արմատների ամրության թեման։ Հայկական ընտանիքներում միշտ նկատելի է յուրատեսակ ներքին միավորումը, եւ նշանակություն չունի՝ այդ միավորումը օրինակա՞ն, թե՞ անօրինական գործունեության մեջ է արտահայտվում»,- ասաց նա։ «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը՝ բացատրելով, թե ինչու են իրենք որպես բացման ֆիլմ հենց այդ բավականին թույլ ֆիլմն ընտրել, ասաց. «Փառատոնը նախեւառաջ քաղաքականություն է: Մենք շատ էինք ուզում Երեւան հրավիրել Ալեն Թերզյանին, իսկ նրա այցի նախապայմանը այդ ֆիլմի ցուցադրումն էր։ Ցավոք, ոչ միշտ կարող ենք միայն արվեստի չափանիշներով ուղղորդվել: Եվ մենք նախընտրեցինք հայկական կինոյի վաղվա օրվա համար որեւէ քայլ անել»:
Ալեն Թերզյանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է եւ երկար տարիներ դասավանդել է Սորբոնի համալսարանում, նկատում է, որ Ֆրանսիա ներգաղթած շատ մարդկանց համար դժվար է դիմանալ գայթակղությանը. «Շատերը չեն ուզում անգամ ֆրանսերեն լեզուն սովորել ու նախընտրում են իրենց կյանքը սկսել «Ֆերրարիների» կամ «Մազերատտիների» գողությամբ։ Երբ մենք թողեցինք հայկական հողը ու Եվրոպա տեղափոխվեցինք, իմ մայրն ֆրանսերեն չգիտեր, բայց մի քանի տարի հետո ֆրանսերեն լեզվի ուսուցչուհի էր աշխատում։ Ուզում եմ ասել, որ պետք չէ ժամանակից առաջ անցնել ցանկանալ ու սխալներ գործել։ Մայրս, օրինակ, 40 տարի աշխատել է, որպեսզի ես կարողանամ սովորել»,- ասաց նա։ Եվ պատմեց, որ իր 95-ամյա մայրը իրեն ու իր քրոջը միշտ ստիպում էր տանը հայերեն խոսել, ասելով՝ պետք է մաքուր ու մարդավարի ապրենք։ Իսկ Հ.Խաչատրյանը կատակով նկատեց, որ Ալեն Թերզյանը որոշել է սկզբից հայ մաֆիոզների մասին ֆիլմ նկարել, որպեսզի հայկական թեմայի նկատմամբ եղած վախը կոտրվի։
Ալեն Թերզյանը «Սեզար» կինոակադեմիայի նախագահն է, նաեւ ղեկավարում է Ֆրանսիայի պրոդյուսերների գիլդիան։ Նա առաջին անգամ է Հայաստանում, թեեւ նշում է, որ իր այցը պետք է դեռ 6 տարի առաջ կայանար։ Լինելով Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մտերիմներից, նա պետք է ավելի վաղ գար Հայաստան, սակայն ստիպված էր մեկնել Հոնկոնգ, որտեղ ֆիլմ էր նկարահանում Ժերար Դեպարդյոյի մասնակցությամբ։
Խոսելով հայ կինոգործիչների հետ ենթադրվող համագործակցության մասին, Ալեն Թերզյանն ասաց, որ, դժբախտաբար, նման նախագծերը վաղը կամ մոտ ժամանակներում դեռ չեն կարող իրականություն դառնալ։ Իսկ «Ոսկե ծիրանը» համոզված է, որ նա կարող է աջակցել հայ կինոյին: Համենայնդեպս, Ալեն Թերզյանին Մշակույթի նախարարությունն արդեն «Ոսկե մեդալ» է շնորհել: