Բուժիչ նամակներ

14/07/2009 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Գերչակը (կաստորկա) դեղամիջոց է «ամեն ինչի» դեմ

Չնայած նրան, որ գերչակի յուղն օժտված է բազում բուժիչ հատկություններով, վերաբերմունքն այս բուսական դեղամիջոցի հանդեպ` չգիտես համի, թե ինչ-որ մի այլ հատկության պատճառով, մի քիչ քամահրական է:

Գերչակի յուղը ոչ թանկարժեք բուսական դեղամիջոց է` բավականին երկար պահպանման ժամկետով, որը կարելի է գտնել ցանկացած դեղատանը: Այն ստանում են գենեգերչակի կամ տզկանեփի սերմերից: Այն դեղատներում կարելի է հանդիպել նաեւ «գենեգերչակի յուղ» անվանումով: Գերչակի յուղը պետք է պահել մի քիչ սառը ու մութ տեղում` փակ վիճակում:

Գերչակը հիանալի մեթոդ է թափված մազերը վերականգնելու համար: Դրա համար անհրաժեշտ է մազարմատներին քսել գերչակի յուղի եւ օղու խառնուրդ` 2:1 հարաբերությամբ: Այս պրոցեդուրան սկզբից պետք է անել շաբաթը 2 անգամ, հետո շարունակել շաբաթը 1 անգամ: Որոշ ժամանակ հետո մազերի նորմալ աճը վերականգնվում է: Գերչակը նպաստում է նաեւ թարթիչների ու հոնքերի աճին:

Նաեւ, եթե շոգին ստիպված եք եղել հագնել նեղ, բարձրակրունկ կոշիկներ, եւ ձեր ոտքերին առաջացել են կոշտուկներ կամ հարվածությունից առաջացել են վերքեր, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում, քսեք գերչակի յուղ: Այն արագ վերականգնում է էպիթելային հյուսվածքն ու լավացնում է վերքը: Նույնիսկ ամենածանր դեպքերը կապաքինվեն 2-3 շաբաթվա ընթացքում:

Գերչակի յուղը հանգիստ կարելի է գործածել այրվածքների, կտրվածքների դեպքում:

Գերչակի ձեթից շատ են «վախենում» գորտնուկները: Դրա միջոցով գորտնուկները վերացնելու համար անհրաժեշտ է ամեն օր առավոտյան ու երեկոյան 15-20 րոպե գորտնուկի վրա քսել գերչակի ձեթ:

Այն նաեւ հիանալի դեղամիջոց է թութքի դեմ: Միջոցը, որը խորհուրդ է տրվում, շատ փորձված միջոց է: Ընդամենն անհրաժեշտ է մեկ կաթոցիչ գերչակի ձեթը լցնել հետանցքի մեջ: Արդյունքը երկար սպասեցնել չի տա` ընդամենը 10 րոպե հետո թեթեւություն կզգաք, իսկ 3-4 օր հետո թութքը կներծծվի:

Հարկ է նշել, որ գերչակի ձեթը հիանալի միջոց է ամռանն անտառային տիզերի կծածի դեմ: Սկզբում այն քսում են, որպեսզի միջատին հեշտ հանեն մաշկի միջից, իսկ հետո քսում են, որպեսզի բորբոքված մասն ապաքինվի:

Գերչակի ձեթը հիանալի միջոց է գերհոգնած ու կարմրած աչքերի դեպքում, իհարկե, եթե այլ խնդիրների հետեւանքով չեն կարմրել աչքերը` արյան ճնշում եւ այլն: Անհրաժեշտ է պարզապես քնելուց առաջ յուրաքանչյուր աչքի մեջ մեկ կաթիլ կաթեցնել:

Ժողովրդի մեջ ընդունված է գերչակի ձեթն օգտագործել մրսածության ու հազի դեպքում` մի քիչ տաքացրած վիճակում մերսելով կրծքավանդակն ու մեջքը:

Իսկ մեր ընթերցողներից Անահիտ Սիմոնյանն առաջարկում է գերչակի ձեթով աղիները մաքրելու փորձված միջոց: «Անհրաժեշտ է դեղատնից վերցնել գերչակի ձեթ` 1կգ-ին 1գ չափաբաժնով, այսինքն` եթե ձեր մարմնի քաշը 66 կգ է, ուրեմն` պետք է վերցնել 66 գրամ գերչակի ձեթ: Այնուհետեւ այն խառնել թարմ քամած կիտրոնի հյութի հետ: Կիտրոնի հյութը պետք է լինի ձեթի քանակի կրկնակին, այսինքն` մոտ 120գրամ: Լավ խառնել ու խմել առանց հոտ քաշելու` մի շնչով: Մասնագետները նման պրոցեդուրայի կատարումը խորհուրդ են տալիս երեկոյան ժամը 19:00-21:00-ն ընկած միջակայքում` երկուշաբթի եւ հինգշաբթի օրերին»:

Ինչպես փոքրիկներին պաշտպանել մոծակներից

Սոդայի լուծույթով (1 գդալ կերակրի սոդա` 1 բաժակ ջրին) օրական մի քանի անգամ շփեք մարմնի բաց մասերը: Քանի դեռ սոդային ծածկույթը մնում է մաշկի վրա, մոծակները դժկամությամբ կնստեն երեխայի մարմնին: Այդպիսի լուծույթով թրջած տամպոնով կարելի է որոշ չափով նվազեցնել նաեւ այդ խայթոցից առաջացած քորը: Դրան օգնում է նաեւ ցանկացած սպիրտային լուծույթը, օրինակ` բորի սպիրտը:

Կարելի է փորձել նաեւ մեկ այլ միջոց. պոկեք եզանլեզվի մի տերեւ, լվացեք, մաքրեք խավերը` միջներակները, եւ հենց հյութը դուրս գա, դրեք խայթված տեղի վրա:

Խորհուրդ են տալիս ընթերցողները

Մաշկը թարմ պահելու համար խորհուրդ է տրվում ընդունել աղաջրով տաք (35-37 աստիճան) լոգանք (1կգ աղ` լիքը թասին): Փորձեք այն 2-3 շաբաթ կանոնավոր ընդունել, թեկուզ` օրումեջ, 10-ական րոպե, բայց ոչ անմիջապես քնելուց առաջ, որովհետեւ մաշկը փոքր-ինչ գրգռվում է:

Հատկապես ամռանը մաշկը կթարմանա, եթե դեմքը շփեք սառույցով: Ցանկալի է՝ սառույցը պատրաստված լինի անանուխի, երիցուկի, լորենու ծաղիկների, եղեսպակի թուրմերից: