«Երեւան Ջուր» ընկերության առեւտրային տնօրեն Գագիկ Մարգարյանը երեկ հայտարարել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 8-ի որոշմամբ, հուլիսի 8-ից ընկերության մատուցած ծառայությունների սակագինը փոխվել է: Ըստ այդմ` այսուհետ ընկերության սպասարկման տարածքում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագինը 172.8 դրամի փոխարեն կազմելու է 181 դրամ: Այսինքն` նախկին սակագնից 8,2 դրամով ավելի: Նոր սակագինը կիրառելու համար ընկերությունն օգտագործելու է հաշվարկային մեթոդ: Այսպես` հուլիսի ցուցմունքից հանվելու է նախորդ ամսվա ցուցմունքը, հաշվվելու է օրերի քանակի տարբերությունը, գրանցված ծախսը բաժանվելու է օրերի քանակի վրա, որից էլ ստացվելու է միջին օրական սպառման ցուցանիշը: Նշենք` նոր սակագինը հաշվվելու է հուլիսի 8-ից: