Հացադուլը դադարեցրել է

12/07/2009

Անազատության մեջ գտնվող ՀԱԿ երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանը երեկ իր փաստաբան Վարդուհի Էլբակյանի միջոցով հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Հուլիսի 5-ին ինձ ապօրինի ձերբակալեցին` իբր խուլիգանական արարք կատարելու համար: Իրականում ես` իմ ընկերների հետ, օրենքով սահմանված կարգով, թռուցիկներ բաժանելով, իրազեկում էի հուլիսի 2-ին նշանակված քաղաքապետարանի կողմից թիվ 102 որոշմամբ ի գիտություն ընդունված հանրահավաքի մասին, իսկ մեզ վրա հարձակվեց քաղաքացիական հագուստով բանդիտների մի խումբ: Հաջորդ օրը` հուլիսի 6-ին, ես ի բողոք ապօրինի ձերբակալության` հացադուլ հայտարարեցի: Նույն օրն ինձ ազատ արձակելու պահանջով ՀՀՇ վարչության մոտ անժամկետ հացադուլ հայտարարեցին իմ ընկերները` Կարեն Կարապետյանը, Նարեկ Այվազյանը, Սարգիս Գեւորգյանը, Սարգիս Խաչատրյանը, Առաքել Սեմիրջյանը, Արայիկ Միրզոյանը, Գոռ Սարգսյանը: Նկատի ունենալով, որ դատարանի ապօրինի որոշմամբ ինձ կալանավորել են 2 ամիս ժամկետով, անհանգստանալով իմ ընկերների առողջության համար, ինչն անհրաժեշտ է խուժանապետության դեմ մեր պայքարին, անսալով հացադուլը դադարեցնելու եւ պայքարի այլ ձեւ ընտրելու ՀՀՇ վարչության կոչին, ես` Տիգրան Առաքելյանս, դադարեցնում եմ հացադուլը եւ կոչ անում հացադուլ հայտարարած իմ ընկերներին վարվել նույն կերպ»: