Կարեւորը կարգավիճակն է

12/07/2009

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի Բաքվում արած հայտարարությունը, թե Իլհամ Ալիեւի` «ԼՂ բնակչությունը նույնպես իրավունք ունի անվտանգ ապրելու» հայտարարությունը Երեւանում տրամադրություն է փոխել, իրականությանը չի համապատասխանում: «Պարոն Բրայզան բազմաթիվ անգամ հայտարարություններ է արել, որոնք չեն համապատասխանել իրականությանը, շատ դեպքերում էլ ինքն է ստիպված եղել հերքել իր հայտարարությունները` ասելով, որ սխալ են թարգմանել իր խոսքերը»,- երեկ ասել է ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը: «Որպես Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ բազմիցս ենք ասել` ԼՂ հիմնախնդրում գլխավոր հարցը ԼՂ կարգավիճակն է: ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման սկզբունքի շրջանակներում, ԼՂ-ն կայացած պետություն է, ավելի ժողովրդավար է, քան Ադրբեջանը, եւ, ի վերջո, մենք երբեք չենք գնալու միակողմանի զիջումների»,- ասել է նա: