«Ես Մարտի 1-ի առավոտյան նախագահին ասել եմ՝ գնում եմ այդ ասուլիսին մի պայմանով. դուք ինձ համաձայնություն պետք է տաք, որ եթե ես այդ հայտարարությունն անեմ, եւ ընդդիմությունը համաձայնի, դուք պատրաստ եք նստել-խոսելու։ Ինքը ասեց` այո»,- երեկ ԼՂՀ-ում կայացած ԼՂ հիմնահարցին եւ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողովի ժամանակ` պատասխանելով ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի հարցին` պատասխանատվություն զգո՞ւմ եք Մարտի 1-ի դեպքերի համար, հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Մարտի 1-ին ես ելույթ եմ ունեցել, երբ Մարտի 1-ի դեպքերը դեռ տեղի չէին ունեցել։ Ոչ ոք չէր կանխատեսում, որ մարդ կզոհվի։ Ես Նյու Յորքում էլ ասեցի` իմ աչքի մեջ արցունք կար, երբ ես այդ ելույթն էի ունենում, եւ ես շատ անկեղծորեն եմ ելույթ ունեցել։ Ես երբեք չեմ զղջացել Մարտի 1-ի իմ ելույթի համար»,- նշել է նա։