Երեկ ԱԺ արտահերթ նիստում քննարկվող` ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ հատուկ փոխառության իրավունքին համարժեք 202.400 մլն գումարի չափով վարկ տրամադրելու համաձայնագիրը լուրջ քննադատության արժանացավ ոչ միայն ընդդիմադիր պատգամավորների, այլեւ կոալիցիոն անդամների կողմից: Չնայած հնչած սուր քննադատություններին ու որակումներին, 57 կողմ, 14 դեմ եւ 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն հաստատեց այդ համաձայնագիրը: Օրինակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց. «Ասում էինք՝ արագ անենք, գնանք, բայց չստացվեց: Իշխանության մի թեւը մտածում է, որ մյուս թեւին կարա ֆռռացնի, արեք` ըտենց բան չանենք»: Զեկուցող Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանից պատգամավորները փորձում էին պարզել, թե կառավարությունը ինչպե՞ս է պատրաստվում օգտագործել այս վարկը: Վ. Բոստանջյանը նախ ասաց, թե անընդունելի է այն փաստը, որ կառավարությունն այս վարկի տրամադրման գործընթացն իրականացրել է նամակագրության միջոցով, ու հավելեց. «Նամակի հիման վրա տիկին Օմեսին ասում են` մի քիչ փող տվեք, էլի: Ես ավարտել եմ Պոլիտեխնիկը, որտեղ տղամարդկանց զուգարանի վրա գրված էր` «նայիր աջ», աջի վրա գրված էր` «նայիր ձախ»: Երբ ձախ էիր նայում գրված էր` «Եկել ես գործո՞վ, թե՞ աջ ու ձախ նայելու»: Մի ալարեք, մի հատ կարդացեք այս համաձայնագիրը, լրիվ աջ ու ձախի ինստիտուտներ են»: ԲՀԿ-ական պատգամավորի դիտարկմամբ, վտանգավոր է ոչ միայն այս գործընթացի իրականացման համար ընտրված ձեւը, այլեւ այն, որ պայմանագրով հստակ չէ նաեւ, թե ինչ տոկոսադրույքով է այն տրվելու: Ի դեպ, այս առիթից օգտվելով՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականությունը քննադատեցին նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները: Օրինակ, ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի գնահատմամբ` մեր տնտեսությունը «սատկում է»: «Ես դեմ չեմ, որ կառավարությունը վարկ վերցնի, սակայն ո՞ւր են գնալու այս գումարները: Եթե ամբողջ աշխարհում տնտեսական ճգնաժամ է, ինչո՞ւ եք նման ծախսերի մեջ մտնում, չէ՞ որ այս վարկը պետք է վերադարձնենք: Վաղը ասելու եք` եկեք հարկերը ավելացնենք, արտաքին պարտքերի սպասարկման համար: Աշխարհի բոլոր երկրներում ապրանքի գներն իջել են, մենակ Հայաստանում է, որ թանկանում է: Ո՞վ է հարկերը վճարելու»,- ասաց նա: «Ժառանգության» պատգամավոր Ստեփան Սաֆարյանն էլ իր գործընկերներին հիշեցրեց, որ Տ. Սարգսյանի կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության կնքահայրը ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու կոալիցիան է: «Այս քաղաքականությունը մի օրում չի ծնվել,- հիշեցրեց նա` օրինակ բերելով նաեւ հետեւյալը,- Կառավարությունը 30 միլիոն դրամի մրցույթ է հայտարարել` կառավարության շենքի վերանորոգման համար: Մրցույթը շահել է մի կազմակերպություն, որի ղեկավարը վարչապետի հորեղբոր տղան է»: