«Ինձ համար անընդունելի էր այդ հակասական վերաբերմունքը, ես կցանկանայի, որ համաներումը տարածվեր Մարտի 1-ի գործով բոլոր կալանավորների վրա: Բայց դա էլ բավարար հիմք էր, որ կոնստրուկտիվիզմ հաղորդեր մեր ներպետական քաղաքական համակարգին: ԵԽ ԽՎ-ն 1677 բանաձեւում հստակ նշել է, որ ողջունում է այդ քայլը եւ դա համարում է բավարար հիմք երկխոսության համար: Բայց այն կամուրջները, որ Վեհաժողովը գտնում է, թե կա, մեր ներքաղաքական կյանքում համարվեց, որ երկխոսության համար որեւէ հիմք չի տալիս»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Պաշտպանի հետ հարցուպատասխանի հիմնական թեման երեկ նույնպես ԵԽ ԽՎ 1677 բանաձեւն էր, համաներումը եւ Մարտի 1-ի դեպքերը: Իսկ ընդհանուր առմամբ ներքաղաքական հարցերին վերաբերող գնահատականների մեջ Ա.Հարությունյանը սահմանափակվում էր ԵԽ ԽՎ վերջին բանաձեւի բնորոշումների շրջանակում: Այսինքն` նրա գնահատականները ոչ դրանից սուր էին, ոչ էլ` մեղմ: Նա երեկ հիշեցրեց, որ ԵԽ ԽՎ-ն իր բանաձեւում ողջունել է համաներումը, բայց նաեւ նշել է, որ այն չի տարածվել Մարտի 1-ի գործով անցնող բոլոր բանտարկյալների վրա: Նշեց, որ բանաձեւում մեր իշխանություններին կոչ է արվում համաներումից հետո հանդես չգալ քաղաքացիական հայցերով, որովհետեւ դա կարող է սասանել համաներման բուն նպատակը: «Այսինքն` Վեհաժողովը հստակ ցույց է տալիս, որ շատ լավ գիտեն մեր պետական մարմինների գործելաոճը»,- ասաց Ա.Հարությունյանը: Անդրադառնալով ԵԽ ԽՎ բանաձեւի այն դրույթներին, համաձայն որոնց` անընդունելի է միայն ոստիկանի ցուցմունքով մարդկանց նկատմամբ գործ հարուցելը, կամ` եթե հետախուզման մեջ գտնվող անձինք մինչեւ հուլիսի 31-ը ներկայանան իրավապահներին, ապա նրանց պետք է թողնել ազատության մեջ, Ա. Հարությունյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի ձերբակալությունը հակասում է բանաձեւի համապատասխան դրույթին: «Սա (ԵԽ ԽՎ բանաձեւի վերոնշյալ դրույթները.- Ա. Ա.) եւս մի անգամ ահազանգ է մեր իշխանություններին»: Մեր հարցին, թե` որպես ՄԻ պաշտպան՝ ի՞նչ կարծիք ունեք Ն.Փաշինյանի ձերբակալության եւ Խաչատուր Սուքիասյանի հնարավոր ձերբակալության մասին, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Իմ մոտեցումը միանշանակ է, իմ ցանկությունը մինչեւ համաներումը եւ համաներումից հետո այն է, որ այդ մարդիկ ազատ արձակվեն: Եվ բոլոր իրավական միջոցները, որոնք կնպաստեն դրան, կոչ եմ անում՝ օգտագործեն եւ ազատ արձակեն: Իմ անձնական կարծիքն այն է, որ ինձ համար անհասկանալի է կալանք ընտրելը: Մարդը եթե ներկայացել է, անիմաստ է նրան կալանել: Կալանքի համար հստակ հիմքեր կան, այդ հիմքերից որեւէ մեկն այս դեպքում չի համապատասխանում, թե նա կարող է նորից փախնել կամ ինչ-որ հարցեր լուծել: Իհարկե, կարելի է խելագարի կանխավարկածով գնալ»:
Ամփոփելով ԵԽ ԽՎ 1677 բանաձեւի թեման` Ա. Հարությունյանն ասաց. «Բոլոր դրական քայլերն արտացոլված են, բոլոր չլուծված հարցերը` նույնպես: Իմ գնահատականն, այնուամենայնիվ, այն է, որ, ըստ բանաձեւի` չլուծված խնդիրներն ավելի շատ են, քան լուծվածները: Մենք սա պետք է հաշվի առնենք: Սա է այն պատճառը, որ Հայաստանը մնում է մոնիտորինգի տակ»: Ա. Հարությունյանի գնահատմամբ` համաներումն ավելի շուտ իրավական եւ ոչ թե քաղաքական որոշում էր:
Հիշեցմանը, թե` ամիսներ առաջ վստահեցնում էիք, որ եթե Մարտի 1-ի գործերը վիճարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ապա Հայաստանը կպարտվի, լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե` նա արդյո՞ք համաներումից հետո եւս մնում է նույն համոզմանը: «Եթե այն ժամանակ միանշանակ համոզված էի, հիմա միանշանակ համոզված չեմ, բայց Ստրասբուրգ դիմելու հիմքերը բավական ուժեղ են: Սա ես ասում եմ որպես իրավաբան, որպես եվրոպական իրավունքի մասնագետ: Բայց համաներումն այնտեղ կարող է որպես իրավական կատեգորիա դիտարկվել: Իսկ եթե պարզվի, որ այդ ընթացքում նրանց իրավունքները խախտվել են, համաներումը չի կարող հիմք հանդիսանալ, որ խախտման հիմքերն անտեսեն: Ամեն ինչ կախված է նրանից, թե խախտման ինչպիսի փաստեր են հայտնաբերելու: Համաներումը նշանակություն կունենա, բայց` ինչ չափով, չեմ կարող ասել»,- պատասխանեց Ա.Հարությունյանը: Հարցին էլ, թե` արդյո՞ք չի արժեզրկվում այս համաներումը, երբ դեռեւս շարունակվում է ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունը (խոսքը անցած շաբաթ ձերբակալված ՀԱԿ երիտասարդական թեւի ներկայացուցիչ Տիգրան Առաքելյանի մասին է), պաշտպանը պատասխանեց. «Դա մեկնաբանության խնդիր է, դուք նկատի ունեք այն երիտասարդի՞ն: Այնպես չստացվի, որ Ոստիկանությունը միշտ սխալ է: Միանշանակ Ոստիկանության աշխատողը վնասվածքով ռեանիմացիայում պառկած է, եւ նրա նկատմամբ ուժ է կիրառվել եւ գործ է հարուցվել: Պետք չէ ամեն ինչ մտցնել քաղաքականի տակ, կստացվի մի իրավիճակ, որ մյուս կողմից էլ ամենաթողություն է: Թող պարզեն, թե ինչ է կատարվել»: Հիշեցնենք, որ Տ.Առաքելյանի հետ դեպքի վայրում եղած երիտասարդներն էլ պնդում են, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններն իրենց հետապնդել են եւ մոտենալուց չեն ներկայացել ու իրենց հարվածել են զենքի խզակոթով: «Մեկ անգամ եւս ձեզ խնդրում եմ, գրեք եւ հասցրեք մեր քաղաքական գործիչներին, որ պաշտպանը չի կարող եղածից հետո որոշել, թե ով է ճիշտ: Դրա համար խնդրում եմ, որ եթե այդպիսի ակցիաներ եք անում, մեր արագ արձագանքման խմբի տղաներին ի սկզբանե հրավիրեք, որ մենք տեսնենք, թե ինչ եղավ»,- ասաց օմբուդսմենը:
Պատասխանելով հարցին, թե` «ինչո՞ւ իշխանությունները չեն ուզում համաներման ակտով ազատ արձակվի նաեւ Սարգիս Հացպանյանը», օմբուդսմենն ասաց, որ համաներումը տարածվում է «ոչ թե մարդկանց, այլ կատեգորիաների վրա»: Դիտարկմանը, թե` այդ դեպքում իրավապահ մարմիններն ինչո՞ւ ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի պարագայում հիմք չընդունեցին ՔՕ 235-րդ հոդվածի տրամաբանությունը, ըստ որի` ձերբակալման ժամանակ ունեցած ապօրինի զենքի մասին կամավոր հայտնելն ազատում է պատասխանատվությունից, եւ համաներումը չտարածվեց 235-րդ հոդվածի վրա, եւ արդյո՞ք սա պատգամավորի նկատմամբ դիտավորություն չէր, Ա. Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել, այնուամենայնիվ, այդտեղ իրավական հիմքեր կան»:
Հարց հնչեց նաեւ այն մասին, թե ինչպե՞ս է օմբուդսմենը գնահատում ԵԽ ԽՎ նստաշրջանում «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի քայլը, երբ նա իր առաջարկի տակ ստորագրելու համար դիմել էր նաեւ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակներին: Ըստ պաշտպանի` նման քայլերից պետք է զերծ մնալ: Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ, երբ ինքը խնդիրներ ուներ ՀՀ իշխանությունների հետ, եւ շատ երկրների օմբուդսմենները պաշտպանում էին իրեն, ինքը թույլ չի տվել, որ այդ գործին խառնվի Ադրբեջանի օմբուդսմենը: Ըստ նրա` Ադրբեջանի այդ նույն պատվիրակները հաստատ Զ.Փոստանջյանի չափ գործ չեն անում իրենց երկրում, բայց ընդդիմադիր պատգամավորի այդ քայլը համարեց անփորձության արդյունք:
Ի դեպ, Ա.Հարությունյանը երեկ անդրադարձավ նաեւ պետական համակարգին` տեղեկացնելով, որ այս տարի իրենց ուղղված բողոքների քանակով առաջին տեղում Ոստիկանությունն է, որին էլ հաջորդում է Կրթության եւ գիտության նախարարությունը, հետո՝ քաղաքապետարանը, դատական համակարգը եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Նա դժգոհեց նաեւ պետական պաշտոնյաների ամենաթող վերաբերմունքից, որին արժանացել է նաեւ ՄԻ պաշտպանի գրասենյակը: «Մարաշի կադաստրից տեղեկություններ ստանալու համար փող են ուզել: Երբ հետաքրքրվել ենք, թե ինչո՞ւ է ուշանում դիմումի պատասխանը, կադաստրից պատասխանել են, թե` ձեր պատասխանը պատրաստ է, պարզապես դուք պետք է վճարեք, որ ստանաք: Ես զարմացած եմ, որ մարդիկ զլանում են բացել օրենքը եւ կարդալ»,- ասաց Ա.Հարությունյանը` ավելացնելով, թե «ժամանակին եւ պրոֆեսիոնալ» պատասխաններ ստանում է միայն Ազգային անվտանգության ծառայությունից: