Երեկ Ստեփանակերտում մեկնարկեց ԼՂ հիմնահարցին եւ հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդաժողովը, որը կազմակերպել էր ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդը։
Բացման խոսքում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը նշեց, որ արտաքին քաղաքականության «ճակատում» Հայաստանի համար խիստ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում։ Ըստ նրա` ինչպես ԼՂՀ հարցը, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը, այնպես էլ Ջավախքի հարցն ու հայության առջեւ ծառացած մյուս բոլոր մարտահրավերները պետք է դիտարկել ամբողջականության մեջ։ «Միամտություն է կարծել, թե կարելի է զիջել ազգային որեւէ հարցում` չվտանգելով ամբողջը»,- ասաց Հ. Մարգարյանը։ Անդրադառնալով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը, նա նշեց, թե այստեղ իրենք «սխալ ընթացք են տեսնում»։ «Պահանջում ենք վերադառնալ սկզբնական կետին՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններին եւ վերականգնել ՀՀ պետականության զարգացման ազգային ուղեգիծը»,- ասաց Հ. Մարգարյանը։ Նա նաեւ նշեց, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փաստացի կանգ է առել, փաստացիորեն հանված է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգից, թեեւ ՀՀ իշխանություններն այդ մասին հայտարարություն չեն արել եւ շարունակում են պնդել, թե ցեղասպանության հարցը շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության օրակարգում։ Իսկ ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերի հանձնախմբի ղեկավար Կիրո Մանոյանը խոսեց այն մասին, թե ինչ կտա եւ ինչ չի տա մեզ հայ-թուրքական սահմանի բացումը։ Ըստ նրա` դրական կարելի է համարել այն, որ սահմանի բացման հետեւանքով Հայաստանը կդառնա ավելի ինքնուրույն ու ավելի քիչ կախվածություն կունենա ինչպես Վրաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Հայաստանի համար, ըստ Կ. Մանոյանի` դրական կլինի նաեւ այն, որ սահմանի բացմամբ հայկական կողմն Արցախի հարցում քաղաքական առավելություն կստանա։ Սակայն Կ. Մանոյանի ասելով` սահմանի բացումը Հայաստանին չի տա անվտանգության երաշխիք, քանի որ Թուրքիան դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Իսկ դաշնակցական Արմեն Ռուստամյանի կարծիքով էլ` ԼՂ հարցում ընթացող վերջին զարգացումներին ու ադրբեջանական կողմի հայտարարություններին ՀՀ իշխանությունների արձագանքն ադեկվատ չէ։ Ըստ նրա` տարածաշրջանային փոփոխություններից, մասնավորապես՝ Ռուս-վրացական պատերազմից «բոլորն ինչ-որ բան շահեցին, բացի Հայաստանից»։ Խորհրդաժողովին զեկուցումներով հանդես եկան նաեւ տարբեր երկրներից Հայաստան ժամանած մասնագետներ։ Ելույթ ունեցան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը, ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը։ Ծավալուն ելույթներ ունեցան նաեւ ԼՂ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը ու ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Նրանք երկուսն էլ կարեւորեցին հայ ժողովրդի ռեսուրսները մոբիլիզացնելու անհրաժեշտությունը։ Վ. Օսկանյանի ասելով, դրա համար ստեղծվել են մի շարք նախապայմաններ՝ նոր իրավիճակ տարածաշրջանում, իշխանությունների կողմից վարած քաղաքականության հետեւանքով ստեղծվել է բարդ իրավիճակ Հայաստանի համար, ապրիլի 22-ի հռչակագիրը (ճանապարհային քարտեզ) սեպ է խրել Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ, Հայաստանի ներքաղաքական լարված իրավիճակը, ժողովրդավարության բացակայությունը եւ այլն։ Վ. Օսկանյանի ասելով՝ այդ նպատակը նախկինում դրել էր հայկական կողմը ԼՂ հարցի լուծման գործընթացում, այն է՝ դե ֆակտո՝ անկախ, դե յուրե՝ Հայաստանի կազմում, ժամանակավրեպ է, եւ մենք պետք է հստակեցնենք, թե ի՞նչ ենք ուզում այսօր։
Իսկ ըստ Գ. Պետրոսյանի` «Եթե մենք իրավունք ունեինք զինադադարի հաստատման փաստաթղթի տակ ստորագրել, ապա մենք իրավունք ունենք նաեւ կառուցել մեր խաղաղ կյանքը, եւ դա անժխտելի է բոլորի համար, առաջին հերթին՝ մեզ համար: Չի կարելի տարբեր մեկնաբանություններով եւ գործընթացներով այդ հստակ եւ անվիճելի հանգամանքը նսեմացնել, հաշվի չառնել: Մենք ունենք խնդիր` դառնալու բանակցությունների կողմ` որպես քաղաքական սուբյեկտ»: Ըստ նրա, ԼՂ հակամարտության կարգավորման խնդրում կա մի շատ կարեւոր հանգամանք, որը վերաբերում է բանակցային ձեւաչափին: «Մենք բազմիցս իշխանական տարբեր մակարդակներով ասել ենք, որ քննարկվող տարբեր կետերի շուրջ ունենք լուրջ վերապահումներ: Քննարկումներին չենք մասնակցում, բացի Հայաստանի հետ կոնսուլտացիաներ անցկացնելուց»,- ընդգծեց Գ. Պետրոսյանը` հավելելով, թե այսօր ցանկացած ձեւով պետք է խուսափել պատերազմից, որը կարելի է անել միայն ու միայն լուրջ, ակտիվ նախաձեռնություններով: Նաեւ նշեց. «Պետք է մտածել, թե անհրաժեշտության դեպքում ինչ ձեւով պետք է մեր ուժերը լարենք եւ մոբիլիզացվենք, քանի որ պատերազմի վտանգ միշտ էլ առկա է»։