Ինքնաթիռային արագություն

12/07/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ, թեեւ շատ զգուշավոր, բայց լավատեսական կանխատեսումներ արեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա, սակայն, տնտեսության կտրուկ վերելքի մասին չխոսեց (ինչպես Ներսես Երիցյանը), սակայն տեղեկացրեց, որ արդեն սկսել են նկատվել կայունացման որոշակի միտումներ։

«Մեր սպասումներն այնպիսին են, որ ընդհանուր կայունացման միտումները տարվա կեսից կսկսեն նկատվել եւ տարվա վերջում դրանք ավելի ակնառու կդառնան, եւ մենք հաջորդ տարվա կեսից կսկսենք դանդաղ, բայց որոշ չափով տնտեսության անկման վերականգնման գործընթացը։ Հաջորդ տարի մենք կանխատեսում ենք ունենալ միգուցե փոքր, բայց, այնուհանդերձ, աճ` մոտ 1-1,5%»,- նշեց Տ. Դավթյանը։

Խոսելով տնտեսական զարգացումների մասին` Ֆինանսների նախարարը Հայաստանի տնտեսությունը նմանեցրեց փոքրիկ օդանավի, որը քիչ վառելիքով ընկել է տուրբուլենտության գոտու (ճգնաժամի մեջ)։ Ավտոպիլոտն էլ չի աշխատում, եւ անձնակազմը, այսինքն` կառավարությունը, աշխատում է վատ շարժիչներով աշխատող ինքնաթիռն անվնաս տեղ հասցնել, ընդ որում` այնպես, որ ուղեւորները ցնցումները չզգան։ Տ. Դավթյանի կարծիքով, անձնակազմին դա կարծես հաջողվում է։ «13 տոկոս տնտեսական աճից 8 ամսվա ընթացքում իջանք մինչեւ մինուս 16 տոկոս: 30 տոկոսի անկում եղավ… Այդպիսի անկումը ցանկացած երկրի համար լուրջ խնդիրներ է առաջացնում, կոլապս, կանգնում է ամբողջ երկիրը։ Կինոներում որ ցույց են տալիս` «Մեծ դեպրեսիայի» նման. հաց են կտրում, ասենք, «բոչկա» են դնում, սուպ են բաժանում փողոցներում»,- ասաց Տ. Դավթյանը` ավելացնելով, որ մեզ մոտ նման բաներ չեղան: Այսինքն` մեր ինքնաթիռը դեռ ընթացքի մեջ է։ «Աշխատավարձերի չվճարման դեպքեր չկան եւ չեն կարող լինել։ Մենք 100%-ով կատարում ենք բյուջեում նախատեսված ծախսերի ծավալները։ Սիստեմային ոչ մի խնդիր չունենք ոչ միայն աշխատավարձի, այլեւ թոշակների, սոցիալական վճարումների, այդ թվում նաեւ՝ կապիտալ ծախսերի հետ կապված։ Մենք անհրաժեշտ ռեսուրսներ ունենք,- ասում է նախարարը` ավելացնելով,- Մարդիկ «տՏ ոՏսՖՔՏՎց րփպՑց» չեն զգում (ճգնաժամի ազդեցությունը.- Բ. Թ.): Զգում են, որ այս տարի մի քիչ վատ է, քան անցած տարի, բայց մթնոլորտը` ճգնաժամի, դեպրեսիայի, տխուր բաների, չկա: Իրիկունը գնում եք` մեքենաների քանակը չի պակասում, կաֆեներում տեղ չկա»։ Ավելին` պարզվում է՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ ճգնաժամը վերջացել է։ Ընդ որում, երբ նախարարը կիրակի օրերը ազատ լինելով՝ դուրս է գալիս զբոսնելու, այդ մարդիկ պատահական հանդիպում են նրան եւ հարցնում` «ոնց որ պրծավ, չէ՞, էս կրիզիսը»:

Տ.Դավթյանի խոսքերով` դրական միտումներ են նկատվում նաեւ հարկահավաքման ոլորտում. հունիսին հավաքագրված հարկերը գերազանցել են մայիսի ցուցանիշին, իսկ հուլիսի առաջին 10 օրվա տվյալներով` հավաքագրված հարկերը 15%-ով գերազանցել են հունիսի ցուցանիշը։ Վերադառնալով տնտեսական վիճակի հեռանկարներին` Տ. Դավթյանն իր զգուշավոր լավատեսությունը հիմնավորեց արտերկրից ներգրավված վարկային միջոցներով, որոնց շնորհիվ տնտեսությունը կսկսի աշխուժանալ։ Իսկ բյուջետային ծախսերի կրճատում` սեկվեստր իրականացնելը ֆինանսների նախարարը սխալ է համարում` շեշտելով, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է բյուջեի դեֆիցիտի մեծացման միջոցով խթանել տնտեսությունը, վարել ընդլայնողական քաղաքականություն։ Արտաքին պարտքի չափն էլ Տ. Դավթյանը համարում է թույլատրելիի սահմաններում եւ նշում, որ ԿԲ-ի պարտքն էլ հաշվի առնելու դեպքում այն չի գերազանցի ՀՆԱ-ի 37%-ը։

Տ. Դավթյանը չի ընդունում այն քննադատությունները, որ կառավարության հակաճգնաժամային քայլերը շատ դանդաղ են ընթանում, եւ բարեփոխումներն էլ բավարար չափով ակտիվ չեն իրականացվում։ «Բարեփոխումները մենք չեն դանդաղեցրել կամ էլ կանգնեցրել: Շարունակում ենք։ Տեսանելի չէ, բայց արվում է: Ինչ վերաբերում է արագությանը, ինչպիսի արագություն որ մենք հիմա ցուցադրում ենք, աննախադեպ է»,- ասաց նախարարը: Իսկ կառավարության օպերատիվությունը ապացուցելու համար նաեւ օրինակ բերեց. «Ռուսական վարկի պայմանագիրը ստորագրվեց մայիսի 20-ին, ամբողջ ներպետական ընթացակարգերը ավարտվեցին հունիսի 2-ին: 12 օրում: Ոչ մեկը դրա վրա ուշադրություն չդարձրեց: Այդ գործընթացը սովորաբար 6 ամիս է տեւում: 12 օրում անել, դա ես գիտեմ, թե ինչքան ջանք է պահանջվել»,- նշեց նախարարը:

Կառավարության գործողությունների արագությունը ցույց տալու համար նա մի համեմատական էլ արեց` 1 միլիարդ դոլար փող ներգրավեցինք ընդամենը 6 ամսվա ընթացքում, այն դեպքում, երբ 20 տարվա ընթացքում ներգրավել ենք 1 ու կես միլիարդ: Փաստորեն` փող հայթայթելու հարցում մենք կայծակնային արագություն ենք զարգացրել ու 6 ամսում հայթայթել ենք արդեն շուրջ 1 միլիարդ դոլար։ «Արդյո՞ք դա բավարար է մեր տնտեսությանը, թե՞ դեռ լրացուցիչ ռեսուրսներ ներգրավելու կարիք կա»` մեր այս հարցին ի պատասխան, Տ. Դավթյանը պատասխանեց. «Կարծում եմ` այն ռեսուրսները, որ ներգրավել ենք, ընդհանուր առմամբ բավարար են, որ այս մեկ-երկու տարին հանգիստ, նորմալ բնականոն դուրս գանք: Նաեւ Եվրամիության հետ էլ ենք բանակցությունների մեջ: Կարող ենք հոգեբանորեն հանգիստ զգալ, որովհետեւ մենք ունենք բավարար ռեսուրսներ այս երկու տարին նորմալ, առանց ճոխությունների, էկոնոմ ռեժիմով գնալու առաջ: Լրացուցիչ ռեսուրսների ներգրավման անհրաժեշտություն չկա»:

Այս առումով` փոքր-ինչ հակասություն կա կառավարության ներսում. ըստ Տ. Դավթյանի` լրացուցիչ պարտքային բեռի տակ ընկնելու կարիք չկա, մինչդեռ կառավարության նախավերջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսել էր «Եվրազեսի» շրջանակում ձեւավորված հակաճգնաժամային հիմնադրամից վարկեր վերցնելու հնարավորության մասին։ Հիշեցնենք, որ վարչապետը ցավով նշել էր, թե փող վերցնելու հնարավորության կա, սակայն ծրագրեր դեռ չկան։ Եվ կառավարության անդամներին հանձնարարել էր «ծրագրեր բացահայտել», որպեսզի «կարողանանք օգտվել այս բացառիկ հնարավորությունից, եւ ինչքան շուտ, այնքան լավ»։ Ֆինանսների նախարարից հետաքրքրվեցինք, թե` ի՞նչ գումարի մասին է խոսքը («Եվրազէսից» Հայաստանին տրվելիք) եւ ինչպիսի՞ն են լինելու պայմանները։ Տ. Դավթյանը չմանրամասնեց` նշելով, որ «Եվրազէսի» ֆոնդը նոր է ձեւավորվել, միջոցները նոր են կուտակվում, եւ ամենայն հավանականությամբ` տարվա վերջին նոր կսկսի աշխատել: Իսկ ծրագրերը «էս գլխից» է պետք մշակել, որովհետեւ, ինչպես նշեց Տ. Դավթյանը. «Ծրագրերը մի օրվա խնդիր չի: Այն լուրջ ուսումնասիրություն է պահանջում: Ծրագիրը ցանկություն չի»: Նշենք, որ «Եվրազէսի» հիմնադրամում նախատեսված է մինչեւ 10 միլիարդ դոլարի ռեսուրս, որի առյուծի բաժինը` 7.5 միլիարդը, Ռուսաստանի ներդրումն է։ Հայաստանի ներդրումը կազմում է ընդամենը 1 միլիոն դոլար` ռեսուրսների մեկ տասը հազարերորդ մասը։