ԱՄՆ Սենատի Ֆինանսական հատկացումների հանձնաժողովը հավանություն է տվել հաջորդ ֆինանսական տարվա՝ արտասահմանյան երկրներին հատկացվող բյուջեի նախագծին: Ամերիկայի Հայկական համագումարի հաղորդմամբ` Հայաստանի համար նախատեսված է 30 մլն դոլար: Սենատը պահպանել է ԱՄՆ նախագահի վարչակազմի առաջարկությունը` ՀՀ-ին հատկացնել 30 միլիոն` 18 միլիոնով պակաս, քան այս ֆինանսական տարվա համար էր հատկացված: Այնինչ` Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ու ենթահանձնաժողովն արդեն իսկ ավելացրել են ֆինանսական աջակցության չափը` 30 միլիոնից հասցնելով 48 միլիոնի եւ ԼՂ-ի համար սահմանելով 10 միլիոն դոլարի աջակցություն: «ԱՄՆ աջակցությունը թույլ է տալիս ՀՀ-ին փոխհատուցել Թուրքիայի կողմից շրջափակման ազդեցությունը: Համագումարը կշարունակի աշխատել թե Սենատի, թե Ներկայացուցիչների պալատի հետ, որպեսզի հնարավորինս ապահովի ֆինանսական օժանդակությունը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին»,- ասել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: