«Այն ժամանակ, երբ որ հաղթահարվի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, Հայաստանը մնալու է իր ներքին տնտեսական ճգնաժամի հետ միայնակ: Այդ ներքին ճգնաժամն ավելի երկար է ձգվելու»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:
Ըստ նրա` դրա հիմնական պատճառն այն է, որ ժամանակին չենք տեսնում մեր տնտեսությունում առկա խնդիրները: «Մեր տնտեսության մեջ արձանագրված անհաջողությունների հիմնական պատճառը տնտեսական քաղաքականության կտրուկ փոփոխություններն են»,- ասել է նա` ընդգծելով, թե Ազգային ժողովի կողմից վերջին երկու նստաշրջաններում ընդունված տնտեսությանը վերաբերող որոշ օրենքներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ տնտեսական քաղաքականությունը փոխվել է: Անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին, Տ. Թորոսյանը նշել է, որ մեր երկրի հիմնական թերությունն ու անհաջողությունների հիմնական պատճառն այն է, որ բազմակուսակցական համակարգը ոչ միայն քայքայվում, այլեւ դեգրադացվում է: Եվ այս պարագայում, Տ. Թորոսյանի համոզմամբ` նոր որակի քաղաքական ուժեր են պետք: «Ցավոք սրտի, կուսակցությունները շատ հաճախ հրաժարվում են գաղափարներից` դարձնելով դրանք ձեւական միջոցներ կուսակցությունները ներկայացնելու համար»,- ասել է նա` հավելելով, որ Հայաստանում կան սոցիալիստական կուսակցություններ, որոնք գործնականում լիբերալ կամ ծայրահեղական լիբերալ գաղափարների կրող են: «Կան կուսակցություններ, որոնք ներկայանում են որպես ազգային, ազգայնական, բայց շատ հաճախ ամենալուրջ հարցերում բոլորովին այլ դիրքորոշումներ ունեն: Ցավալի է այն, որ դա համատարած երեւույթ է մեր բազմակուսակցական համակարգում»,- ընդգծել է ԱԺ նախկին նախագահը: Սակայն, ըստ նրա` ակնհայտ է, որ եթե ուզում են, որպեսզի երկրում առկա խնդիրները լուծվեն, ապա պետք է ունենալ ունակ քաղաքական ուժեր, որոնք ունեն ուժեղ անդամներ ու որոնք պատրաստ են երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել: «Եթե եղած քաղաքական ուժերն իրենց մեջ ուժ գտնեն հաղթահարելու իրենց ներքին ճգնաժամը, իհարկե, լավ կլինի: Բայց գործընթացները ցույց են տալիս, որ դա գործնականում անհավանական է»,- ասել է նա: Տ. Թորոսյանի կարծիքով, բազմակուսակցական համակարգի թերություններից մեկն էլ այն է, որ հասարակությունը լիարժեքորեն չի աջակցում ո՛չ ընդդիմության, ո՛չ իշխանության մեջ եղած կուսակցություններին: Անդրադառնալով Հայաստանի վերաբերյալ ԵԽ ԽՎ կողմից ընդունած 1677 բանաձեւին, Տ. Թորոսյանն ասել է, թե Եվրոպայի խորհուրդը կամ որեւէ այլ միջազգային կազմակերպություն երբեք որեւէ երկրի խնդիր չեն լուծում: Ըստ նրա` այդ կառույցներն ընդամենն օգնում են իրենց անդամակցող երկրներին` ճիշտ տեսնելու իրենց երկրում առկա խնդիրները: Նրա դիտարկմամբ` ՀՀ-ում անլուրջ վերաբերմունք կա ԵԽ ԽՎ-ի հանդեպ: Որպես օրինակ, նա նշել է այն հանգամանքը, որ ԵԽ ԽՎ կողմից ընդունված 1677 բանաձեւից հետո` Հայաստանում 10-15 օր շարունակ միայն քննարկվել է ԵԽ ԽՎ-ում «Ժառանգության» անդամ Զարուհի Փոստանջյանի հայտնի քայլը, ինչն անթույլատրել է: «Եթե մենք իսկապես ուզում ենք, որ մեզ լուրջ ընդունեն, ԵԽ լիարժեք անդամ լինենք, ապա պետք է փոխվի նման վերաբերմունքը»,- ասել է Տ. Թորոսյանը: Ըստ նրա` 1677 բանաձեւից անկհայտ է մի բան. «Բանաձեւն արձանագրում է, որ Հայաստանում դեռեւս շարունակվում է քաղաքական ճգնաժամը: Բանաձեւը մի ճանապարհային քարտեզ է այդ ճգնաժամը հաղթահարելու համար: Ցավոք, հաճախ փաստաթղթերը, հատկապես միջազգային կառույցների, լիարժեքորեն չեն ընկալվում, բայց անգամ բանաձեւում առկա ձեւակերպումներն ակնհայտ մի բանի մասին են խոսում` նախկինում ընդունված որեւէ բանաձեւ լիարժեքորեն չի կատարվել, եւ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, պարտավոր է բոլոր բանաձեւերում արձանագրված դրույթներն իրականացնել, որպեսզի երկրում հաղթահարվի քաղաքական ճգնաժամը»: