Հայաստանի ընդդիմության գործունեության հիմնական ուղղությունն այսօր դարձել է միջազգային կազմակերպություններին ուղղված ամենատարբեր ահազանգերը:
Այդ կազմակերպություններից ամենահզոր եւ հեղինակավորներից մեկը, որը մշտապես սերտ հարաբերությունների մեջ է գտնվում Հայաստանի հետ եւ կարեւոր ազդեցություն պահպանում նրա ներքին կյանքի վրա՝ Եվրախորհուրդն է։ Պատահական չէ, որ վերջին տարվա ներքաղաքական ամենասուր խնդիրները գտնվում են նրա կառույցների մոնիտորինգի տակ, եւ նա հիմնական զսպող ուժն է այն բոլոր օրինախախտումների, որոնց մշակույթը ձեւավորվել է մեր «ազատ ժողովրդավարության» զարգացման շուրջ 20 տարիների ընթացքում։ Այս ճնշումներին արձագանքելու մի մեծ հատվածը ընկնում է Հայաստանի խորհրդարանի վրա, որը դրանով ստանում է հավելյալ հոգս ու լիազորություններ՝ երկրում բնականոն զարգացումն ապահովելու գործում։
Ավելորդ է հիշեցնել, թե ինչպիսի մեծ սպասելիքներ (եւ սպառնալիքներ) կային ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանից, որը պետք է ամփոփեր մեկ տարուց ավելի՝ նախագահական վերջին ընտրություններից ի վեր ՀՀ-ում ծավալվող քաղաքական իրադարձությունների, նրանց շուրջ ընդունված բանաձեւերի կատարման արդյունքները։ Քաղաքական վերլուծաբաններից շատերի պնդմամբ` այսպիսի լարված իրավիճակում մեծ եւ լուրջ դերակատարում ունեցան ԱԺ խոսնակի կողմից կազմակերպված նախապատրաստական աշխատանքները, եւ ԵԽ ԽՎ նստաշրջանում իր անմիջական մասնակցությամբ։ Վեհաժողովն արձանագրեց այս ուղղությամբ իշխանությունների կողմից կատարված դրական քայլերը, իսկ քննադատող գնահատականները չափավորված էին եւ զուսպ։ Ընդդիմության ելույթները, այդ թվում՝ ԵԽ ԽՎ ներկայացուցիչների կողմից, բնութագրվեցին որպես չափազանց կոշտ, չստանալով ընդունելություն, իսկ որոշ «կանացի վեճուկռիվը» ընկալվեց որպես բազմակարծության արտահայտություն։ Ամենակարեւորը՝ «սանկցիաների» բնույթի որոշումներ չեղան, եւ «վճռական» մոտեցումները հետաձգվեցին մեկ անգամ եւս՝ մինչեւ սեպտեմբեր։ Կարելի էր նկատել նաեւ դեռեւս մայիսի վերջին ՀՀ նախագահի կողմից ձեւակերպված մի խնդրի հետեւողական առաջխաղացումը, որ արատավոր շրջանից դուրս գալու համար ինչ-որ պահի պետք է, ի վերջո, կարողանալ կանգ առնել եւ սկսել նոր էջից։ Այս տեսակետը ընդգծված է լիագումար նիստում ՀՀ ԱԺ խոսնակի ելույթի մեջ, ինչպեսեւ համանման ձեւակերպումներով արտահայտություն գտավ վեհաժողովի կողմից ընդունված թիվ 1677 բանաձեւում։
Այժմ արդեն որոշ քաղաքական ուժեր «սպառնում են» հաջորդ՝ սեպտեմբերյան նստաշրջանով, չնայած կարծում ենք, որ մինչ այդ նոր կարեւոր խնդիրներ կարող են ծագել, եւ հնարավոր է իրականացվի հարցերի փակման հետագա գործընթաց։ Դրա համար, իհարկե, ամառային արձակուրդների փոխարեն Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հատուկ հանձնաժողովում, որին փոխանցվել են հայտնի Փաստահավաք խմբի չավարտած աշխատանքները, սպասվում է քրտնաջան աշխատանք գլխավոր «գայթակղության քարի»՝ Մարտի 1-ի իրադարձությունների քննության գծով։ Մինչեւ սեպտեմբեր 2000 էջ նյութ պետք է ուսումնասիրվի, բազմաթիվ հարցեր խճճվել են հիմնավորապես, այնպես որ՝ սա «ուչաստկովիի» գործ չէ, եւ պահանջում է լրջագույն մոտեցում ու, ամենակարեւորը՝ արդյունքներ։ Եթե պատժվողներ կան ընդդիմության կողմից, այնպես էլ ի վերջո դրանք պիտի բացահայտվեն բռնությունների չափաքանակը վայրենությունների հասցրած իշխանության շրջանակներից։ Դա նաեւ ԱԺ-ի խղճի ու հեղինակության հարցն է։
Եվ վերջապես, Եվրախորհրդի այս նիստից հետո պետք է ընդունել, որ ընդդիմության արմատական հատվածի հիմնական ծրագիրը՝ նախագահի հրաժարական (այն է՝ վարչակարգի փոփոխություն), այսօր այլեւս կորցրել է քաղաքական բովանդակությունը։
Այնպես ստացվեց, որ քաղաքական առումով ՀՀ-ում նոր վարչակարգի առաջին տարին ամփոփվեց նաեւ ԵԽ ԽՎ այս վեհաժողովով, որին վերապահված էր գնահատելու այդ ժամանակահատվածի հիմնական քաղաքական իրադարձությունները հանրապետությունում։ Այդ առումով` ակնհայտ է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի դերը քաղաքական կյանքում։ Նրա գործունեության մեկ տարին դեռ չի լրացել, սակայն այն անցավ բուռն ժամանակաշրջանում, որը մեծ պահանջներ էր առաջադրել երկրի բոլոր մակարդակների ղեկավարների աշխատանքի, այդ թվում` երկրի երկրորդ քաղաքական դեմքի գործունեության նկատմամբ։ ԱԺ մեր նախկին նախագահները հիմնականում ընտրվել էին քաղաքական գործոնների ազդեցության տակ, կամ իրադրության համապատասխան դասավորությունների շնորհիվ։ Այսօր ԱԺ նախագահի չափավոր քաղաքականացվածությունը դրական հետք է թողնում խորհրդարանի մթնոլորտի վրա։ Այս իմաստով, լինելով ղեկավարող խմբակցության ներկայացուցիչ, նա այնուամենայնիվ առավել ընդունելի է մեծամասնության համար Ազգային ժողովում։ Պետք է նկատի ունենալ նաեւ, որ Ազգային ժողովը միայն պատգամավորները չեն։ Մեր ժողովրդի ընտրական առայժմ ցածր կուլտուրայի պայմաններում շատ կարեւոր գործոն է դառնում ԱԺ աշխատակազմի աշխուժացման, մակարդակի եւ բարոյաէթիկական մթնոլորտի բարձրացման գործոնը, որը նկատվել է նոր խոսնակի գործունեության ընթացքում։ Այստեղ, ի տարբերություն պատգամավորական կազմի, հնարավոր է եւ շատ կարեւորվում է կադրային քաղաքականությունը։
Այսօր եթե մենք դեռ ամենեւին չենք կարող ասել, որ ունենք ինտելեկտուալ խորհրդարան, ապա այն, համենայնդեպս, կարելի է ազատական եւ ինքնուրույն համարել։ Դրա լավագույն օրինակներից էր վերջերս հարկային փաթեթի ետ ուղարկելը։ Նման, եւ ավելի կատեգորիկ պահանջներ նախկինում էլ շատ են ներկայացվել, եւ ԱԺ բոլոր ժամանակների նախագահները որպես կանոն ամեն տեսակ թաքնված եւ բացահայտ ճնշում գործադրել են խորհրդարանականների վրա, անցկացնելու կառավարության կամքը։
Հատկապես պառլամենտական գործունեության մեջ շատ կարեւոր է ճգնաժամային համաձայնությունների պրակտիկան։ Մենք դա տեսնում ենք առաջին հերթին Դավիթ Հարությունյանի, այնուհետեւ՝ Արմեն Ռուստամյանի եւ այլոց գործելաոճում։ Դեռեւս ոչ երկար խորհրդարանական այս գործունեության ընթացքում պարզվեց, որ այդ մթնոլորտի ստեղծողն է նաեւ այսօրվա ԱԺ նախագահը։ Այստեղ օգտակար կլիներ նաեւ էթիկայի եւ բարոյականության հանձնաժողովի առկայությունը, որը գործում էր, օրինակ, մեր առաջին գումարման խորհրդարանում։
Բոլորն են նկատել, որ Ազգային ժողովը գնալով հասարակական բանավեճի ավելի ակտիվ մասնակիցն է դառնում։ Դա պարպում է լարումները, եւ քաղաքական գործընթացը դադարում է անհանգրվան ճանապարհ լինելուց։ Եթե նշում են, թե երկրում քաղաքական ճգնաժամ չկա՝ մեծապես դա պառլամենտով է արտացոլվում։
Երկրի խնդիրների քննարկման եւ լուծման գերակա տեղափոխումը խորհրդարան, դա ուժեղ հասարակություն ունենալու հիմնական գրավականներից է։ Առավել եւս, որ առաջիկայում մեծ սպասելիքներ կան ներքին եւ արտաքին քաղաքականության ասպարեզում։
Սերգեյ ՎԱՐԴԱՆՅԱՆ