Երեկ խմբագրություն էին եկել Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող «Արտաշատ» հյուրանոցի բնակիչները, ովքեր խնդրում էին մամուլի միջոցով բարձրաձայնել իրենց խնդիրը: 1994-ից «Արտաշատ» հյուրանոցում ժամանակավոր բնակություն հաստատած այս մարդիկ վստահեցնում են, որ դեռ այդ տարիներից եղել է Արտաշատի քաղաքապետի որոշումն, ըստ որի` իրենք պետք է բնակարան ստանան: Սակայն մինչ օրս վերջիններս ապրում են կիսաքանդ հյուրանոցի աննկարագրելի վատ պայմաններում: Հիշեցնենք, որ «168 Ժամը» երկու տարի առաջ մի քանի հրապարակումներով անդրադարձել էր հյուրանոցի բնակիչների ինչպես պայմաններին, այնպես էլ բնակարան ստանալու փաստաթղթերով հաստատված բոլոր իրավունքներին: «Ձեր թերթում գրելուց հետո յոթ ընտանիքի բնակարան հատկացրեցին Արտաշատի Պատկանյան փողոցի նորակառույց շենքում: Բայց շուրջ 29 ընտանիք դեռեւս մնացել է հյուրանոցում, բայց որոնցից մի քանիսը վարձակալական հիմունքներով են այդ շենքում ապրում եւ բնակարանի համար հերթագրված չեն եղել, սակայն դեռ մի յոթ ընտանիք կա, որոնց պիտի բնակարան հատկացնեին, բայց չեն հատկացնում: Մենք մեր ձեռքի տակ ունենք քաղաքապետարանի բոլոր փաստաթղթերը, որով պարտավոր են մեզ բնակարան հատկացնել»,- ասում են բնակիչները` խնդրելով իրենց անունները չհրապարակել այն պատճառով, որ Արտաշատ քաղաքի եւ Արարատի մարզպետարանի վերադաս մարմնի հետ խնդիրներ են ունենում: «Մեզ նեղում են, որ գալիս ենք, բողոքում ենք: Ասում են` համ թերթին բողոքում եք, համ էլ բնակարան եք ուզում»,- պատմում են բնակիչներն, ովքեր ամեն մի դիմում-բողոքից հետո ստիպված են լինում Արարատի մարզպետարանում բացատրություններ տալ: Նշենք, որ «Արտաշատ» հյուրանոցը տարիներ առաջ սեփականաշնորհվել եւ մի քանի անգամ վերավաճառվել է, եւ հայտնի չէ` ով է սեփականատերը: Հյուրանոցի բնակիչները վստահեցնում են, որ սեփականատերն ամեն րոպե կարող է շենքը վերանորոգելու որոշում կայացնել եւ իրենց վռնդել: Ինչեւէ, օրեր առաջ հյուրանոցի բնակիչները կրկին դիմել էին ՀՀ կառավարություն, որտեղից, սակայն, դիմումներն ինչպես միշտ՝ վերահասցեագրվում են Արտաշատի քաղաքապետարան: «Մեզ Արարատի մարզպետարանից ասում են՝ ում էլ գրեք, մեկ ա, դիմումները գալու են էստեղ: Մեր բողոքների վրա ավելի են վատ տրամադրվում, բայց մենք չենք կարող հավերժ սպասել: Էդ պայմաններում էլ չենք դիմանում: Էսքան տարի սպասել ենք հույսով, որ մի օր տուն կտան, բայց համոզվում ենք, որ կարող ա մի տասը տարի էլ սպասել տան: Երիտասարդ աղջիկներ ունենք, հյուրանոցում լիքը անբարոյականներ են տանում-բերում, ինչքա՞ն կարելի ա փակված ապրել, ամաչել էդ ամեն ինչից»,- ասում են հյուրանոցի բնակիչները, որոնք, իսկապես, զրկված են նույնիսկ տարրական կոմունալ պայմաններից, քանի որ անգամ ջուր ու զուգարան չունեն: Յուրաքանչյուրն իր սենյակը վերանորոգելու հնարավորություն էլ չունի այն պարզ պատճառով, որ հյուրանոցը, փաստորեն, սեփականատեր ունի, իսկ բնակիչները չունեն այդ սենյակների հանդեպ սեփականության իրավունք, եւ այդ շենքում ձեւակերպված են իբրեւ ժամանակավոր կացարանների բնակիչներ: Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանն ի պատասխան բնակիչների դժգոհության` վստահեցնում է, որ բնակարանաշինություն Արտաշատում չի արվում, հետեւաբար, բնակարաններ տրամադրելու գործընթացը սառեցված է: «Փաստորեն մեր ձեռքի տակ կա քաղաքապետի որոշումն այն մասին, որ մեզ պետք է բնակարանով ապահովեն, բայց էդ որոշումն ուժ չունի: Մեզ միայն հուսադրում ա էն հանգամանքը, որ թերթում գրվելուց հետո յոթ ընտանիքի նոր բնակարան տվեցին նորակառույց շենքում: Բայց թե ինչո՞ւ բոլորիս չտեղավորեցին` չգիտենք»,- ասում են հյուրանոցի բնակիչները, որոնց ձեռքի տակ է Արտաշատի նախկին քաղաքապետ Սեյրան Ղազարյանի որոշումն այն մասին, որ վերջիններս հաշվառման տակ են, հետեւաբար` քաղաքապետարանը հնարավորություն ունենալու դեպքում վերջիններիս կապահովի բնակարաններով: Ի դեպ, «Արտաշատ» հյուրանոցի բնակիչները վստահեցնում են, որ մեր նախորդ հրապարակումներից հետո ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը (երբ նա դեռ ՀՀ Տարածքային կառավարման նախարարն էր) հանդիպում է կազմակերպել ինչպես բնակիչների, այնպես էլ Արտաշատի քաղաքապետի հետ: Հանդիպման ժամանակ Հ. Աբրահամյանը քաղաքապետին առաջարկել եւ հանձնարարել է Արտաշատի մանկապարտեզներից մեկի շենքը վերանորոգել եւ շահագործման հանձնել: «Մենք դրան էլ էինք համաձայն: Պրն Աբրահամյանը խոստացավ այդ կերպ լուծել այս խնդիրը, բայց Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո էդ գործը կանգնել է»,- ասում են հյուրանոցի բնակիչները` հուսալով, որ Հ. Աբրահամյանը թեեւ ներկայումս ԱԺ նախագահ է, այդուհանդերձ, հետամուտ կլինի խոստմանը եւ կարձագանքի իրենց խնդրին: