Դեռեւս 2008թ. Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերանորոգման համար ՀՀ կառավարությունը մրցույթ էր հայտարարել, որը շահեց Արագածոտնի մարզի «Բերրիություն» ՍՊԸ-ն:
Վերանորոգման աշխատանքների համար տրամադրված գումարի չափը 51 միլիոն դրամ էր: Շենքի վերանորոգման աշխատանքները 2008թ. սկսեցին օգոստոսին, որն, ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կամո Արզումանյանի` պետք է ավարտին հասցվի նոյեմբերի սկզբին: Սակայն Ապարանից Կապան բերված շինարարների համար երեւի այդքան էլ էական չէր այն փաստը, որ թատրոնի հենց նոր շենքում պետք է կայանար «Արմմոնո» միջազգային 5-րդ փառատոնը, որից մեկ շաբաթ առաջ դեռեւս չէր երեւում վերանորոգման աշխատանքների վերջը: Այս հանգամանքն ու շինարարների անփույթ աշխատանքը զայրացրել էր Կամո Արզումանյանին: Նախ՝ թատրոնը վերանորոգվեց՝ առանց բեմի (հիշեցնենք, որ թատրոնի այս նոր շենքը նախկինում եղել էր կինոցուցադրությունների դահլիճ), հետո էլ` ապարանցի շինարարները մոռացել էին շենքի ջրահեռացման համակարգի մասին, որն այսօր թողնում է իր հետեւանքները, եւ թատրոնի դահլիճ մտնելիս խոնավության հոտից ստիպված ես շունչդ պահել: «Մինչեւ փառատոնը մենք պատրաստեցինք այս բեմը: Պատկերացնո՞ւմ եք՝ թատրոնն առանց բեմի»,- ասում է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կամո Արզումանյանը, ով, արդեն 19 տարի է՝ ղեկավարում է թատրոնը՝ մի թատրոն, որը հայ-ադրբեջանական պատերազմական տարիներին ուներ իր ջոկատն ու հստակ խաղացանկը:
Բեմահարթակը՝ խրամատներ
1992թ. հուլիսին Կապան քաղաքի վրա ծանր հրետանուց արձակվեց առաջին արկը: Այդ ժամանակ արդեն շատերն ընդգրկվեցին կամավորական ջոկատներում: Կապանի այսօր արդեն 74-ամյա թատրոնի աշխատակիցները եւս կազմեցին իրենց կամավորական ջոկատը: «Այդ տարիներին մեր թատրոնից ոչ մի դերասան դուրս չեկավ: Ցանկացած ազատագրված տարածքում, խրամատում եղել է մեր թատրոնը: Մեր առաջին ուղեկալը եղել է Բախտաշ գյուղը, դրանից հետո եղանք Ղուբատլուի, Հորադիզի, Ջաբրայիլի, Ղարաբաղի շրջաններում: Մեր փոքրիկ ջոկատը բաղկացած էր 26 հոգուց, որտեղ նաեւ նկարիչներ կային: Մեր ազատամարտիկների հետ եղանք բոլոր տեղերում: Մենք ոգեւորում էինք նրանց»,- պատմում է Կամո Արզումանյանը՝ ցավով նկատելով, որ իրենց ջոկատն էլ տվեց զոհեր, եւ իրենք էլ ունեցան նաեւ վիրավորներ: «Ծանր օրեր ապրեցինք, բայց չընկճվեցինք: Դահլիճները ռմբակոծված էին, եւ փողոցում՝ թամաշայի կարգավիճակում ներկայացումներ էինք խաղում: Մենք չէինք ասում՝ բեմ կա՞, թե՞ ոչ: Շատ հաճախ գորգը փռում էինք ու ներկայացում խաղում: Հետո դա դարձավ ավանդական, եւ ամեն զորակոչի ժամանակ գնում էինք մեր խոսքով նրանց ոգեշնչելու»,- հիշում է Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Վազգեն Սարգսյանն էլ պատերազմական գոտիներում իրենց բեմադրությունները հիշում է ամենայն մանրամասնությամբ: «Չինարի գյուղում էինք, որը ռմբակոծվում էր: Այդ տարիներին հացը քոսպա էր հիշեցնում, այսինքն՝ այն հացը, որը մարդիկ չեն ուտում, այլ տալիս էին անասուններին: Բայց այդ հացն էլ մեզ համար մեծ նշանակություն ուներ, ու կարեւորն այն էր, որ մենք սոված չէինք մնում: Իհարկե, հետո ստամոքսի սուր ցավեր էինք ունենում»,- ասում է նա: Սակայն թատրոնի համար ծանրագույն ժամանակաշրջանը դեռ ետեւում էր, երբ պատերազմին նախորդում է հուսալքության ժամանակաշրջանը: «Մեզ համար 1997-98թթ. էին դրանք: Դա ավելի շատ սպասումների շրջանն էր, որոնք, կարծես այդպես էլ չիրականացան»,- նկատում է Վազգեն Սարգսյանը՝ նորից հիշելով թատրոնի լավ ժամանակները: Այս մասին նաեւ երանությամբ էր հիշում թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ով եւս թատրոնի լավագույն ժամանակներ է համարում 1958 թվականը եւ 1985-88թթ., երբ հայ մեծ դերասաններն աշխատում էին Կապանի Մայր թատրոնում, որտեղ անգամ Դավիթ Մալյանն էր ներկայացրել իր դիպլոմային աշխատանքը: «1985-88թթ. Մհեր Մկրտչյանը եկավ Կապան: Խաղում էինք «Պաղտասար աղբար» ներկայացումը, որտեղ Մհեր Մկրտչյանը Պաղտասար աղբարի դերն էր կատարում, ես էլ՝ Սուրի: Մեկնեցինք Մոսկվա հյուրախաղերի: Այստեղ անհամբեր սպասում էինք, թե արդյո՞ք Մոսկվան կընդունի Ալբերտ Մկրտչյանի «Հին օրերի երգը»: Այնպիսի ցնծությամբ ընդունեցինք այն լուրը, երբ լսեցինք, որ ֆիլմն ընդունվել է: Այդ ժամանակ Մհերն ասաց. «Ոնց որ Աբոն ռեժիսոր ա դառնում»: Մի անգամ էլ, հիշում եմ, գրիմի սենյակում էր Մհեր Մկրտչյանը, երբ մեկը վազելով ներս մտավ եւ ասաց Մհերին՝ «Դրսում լիքը ժողովուրդ կա, քեզ են սպասում, արի, մի հատ տեսնեն՝ ծիծաղեն»: Մհերը վիրավորվեց՝ ավելի ուշ հասկանալով, որ ժողովուրդն իր կերպարների համար է ծիծաղում»,- հիշում է Կամո Արզումանյանը: Իսկ թատրոնի ռեժիսորի սենյակում հավաքվել էին դերասանները, ովքեր չէին ուզում խոսել իրենց թատրոնի, ավելի ճիշտ՝ իրենց կյանքի դժվարությունների մասին: Դեռ տարիներ առաջ թատրոնի դերասանները վարձատրվում էին 7000-9000 դրամով, իսկ հիմա, ըստ նրանց, աշխատավարձերն անհամեմատ բարձրացել են՝ նվազագույն աշխատավարձի չափն այժմ 35.000 դրամ է: «Ես ուղղակի լավատես եմ: Չեմ ուզում խոսել հացի խնդրի մասին: Դա ինձ համար չէ»,- ասում է դերասան Նատալյա Բաղդասարյանը, ով արդեն 36 տարի բեմում է: Այս տարիների ընթացքում Նատալյա Բաղդասարյանը խաղացել է շուրջ 135 դեր: Այս մասին Նատալյան խոսում է սյունեցու հպարտությամբ ու վիրավորվում, երբ մայրաքաղաքի թատրոններում կարծիք են հայտնում, թե պետք է շրջանների թատրոնները փակել: «Հասկանո՞ւմ եք, դա վիրավորական է: Երբ մայրաքաղաք հյուրեր են գալիս, տանում են Օպերա, որ հայերիս հնարավորությունները տեսնեն, իսկ կյանքի ծիծաղելի կողմերը շտկելու համար նրանց տանում են Երաժշտական կոմեդիայի թատրոն: Սա այլ է Կապանում: Այստեղ հյուրն առանց թատրոն գալու կարծիք է կազմում թատրոնի մասին»,- նշում է Նատալյա Բաղդասարյանը՝ մի պահ նայելով գրիմի սենյակի հայելուն, որտեղ գուցե տարիների փորձն է փնտրում ու մայրաքաղաքի թատրոններից վիրավորված՝ հայացքը թաքցնում հայելու մեջ: «Ես ուղղակի լավատես եմ»,- ավելացնում է դերասանուհին: Իսկ ռեժիսորի սենյակում դեռ շարունակվում էին «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացման փորձերը: Դերասանները խաղում էին մեծ ոգեւորությամբ, թեեւ այն ընդամենը փորձ էր: Ռեժիսոր Վազգեն Սարգսյանը նորից ուղղում է՝ մեկին խնդրում է մի քիչ երազային ասել այս կամ այն նախադասությունը, մյուսին՝ ավելի զայրացած: Քիչ հետո սենյակում քննարկում է սկսվում, որն ավելի շատ նման էր մենախոսությունների մի շարանի, որտեղ դերասանները սկսում են թվարկել իրենց դերերը, նշել բառի լրջությունը ու դերասանի վտանգավոր գործը: «Կարեւորը՝ հանդիսատեսին չխաբես: Նա հաստատ կզգա, որ իր հետ կեղծ ես խոսում»,- ասում են դերասանները: Այստեղ էլ հատվում են բոլորի խոհերի եզրագծերը: «Մեր Կապանի հանդիսատեսի պես ջերմ՝ ոչ մի տեղ չկա: Մի որոշ ժամանակ առաջ Վազիկը հիվանդ էր (խոսքը թատրոնի ռեժիսոր Վ. Սարգսյանի մասին է.- Մ.Մ.): Երբ մեզ տեսնում էին՝ հարցնում էին՝ Վազիկը հունց ա՞»,- ոգեւորված պատմում են դերասանները: Իսկ Վազգեն Սարգսյանին հանդիսատեսը հաճախ տեսնում էր ոչ միայն բեմում, այլեւ Ողջի գետի եզերքին՝ ձուկ որսալիս: Դերասան Վազգեն Սարգսյանի համար ձկնորսությունը հետաքրքիր բացատրություն ունի. «Երբ ձկնորսը ձուկ է որսում, նա նայում է գետին, իսկ երբ արվեստագետն է ձուկ որսում՝ նա նայում է գետից այն կողմ կատարվածին»: Դերասանները շարունակում են ընդհատված փորձը, եւ այնտեղից դուրս գալուց առաջ երիտասարդ դերասաններից մեկը խնդրում է իր անունն էլ գրել: «Իմ անունն էլ կգրե՞ք՝ Գոռ Հակոբյան»,- ասում է երիտասարդ դերասանը՝ ծիծաղելով նայելով իրենից ավագ դերասաններին: Հենց այսպես էլ հեռանում եմ Կապանի Մայր թատրոնից: Ի դեպ, առաջիկայում թատրոնը պատրաստվում է մեկնել Մեծամոր եւ Էջմիածին՝ հյուրախաղերի: