Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղատոմսին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դեղատոմսերը գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Կապույտ վուշը (սինիյ լյոն) ժողովրդական բժշկության մեջ
Ասում են՝ կապույտ վուշ, քանի որ այս բույսի ծաղկման շրջանում ծաղիկները կապույտ են լինում: Վուշը մարդու կողմից օգտագործվել է անհիշելի ժամանակներից: Եթե նրա ցողունները օգտագործվել են կտորեղեն ստանալու համար, ապա սերմերը մարդիկ օգտագործել են որպես դեղամիջոց: Ավելի ուշ վուշի սերմերից սկսել են ստանալ ձեթ, որը, գիտնականների հավաստմամբ, իր օգտակար հատկանիշներով չի զիջում զեյթունի ձեթին, նույնիսկ ինչ-որ հատկանիշներով գերազանցում է: Վուշի սերմերը հիմնականում գործածվում են աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման ու նորագոյացությունների հետագա զարգացման կանխման նպատակով:
Ահա թե ինչ է գրում մեր ընթերցող Կարինե Սիմոնյանը. «Դեռեւս 2 տարի առաջ, ինձ նայելով, ցանկացած փորձառու բժիշկ կհասկանար, որ իմ մարսողության հետ կապված` ինչ-որ բան այն չէ, ավելի ճիշտ` աղիներիս աշխատանքը այնքան էլ լավ չէր: Դեռ մանկուց շաբաթվա յոթ օրը ես ուտում էի միս, իսկ բանջարեղեններից` միայն կարտոֆիլ: Այստեղից էլ իմ մշտական խնդիրները` քրոնիկական փորկապություն, սպազմ աղիներում եւ այլն: Փորձում էի ընդունել թուլացնող պրեպարատներ, բայց դրանով ավելի էի բարդացնում վիճակս, քանի որ դրանց երկարատեւ գործածումը վնասում էր օրգանիզմիս: Ահա այսպիսի խնդիրներով էլ ապրում էի, մինչեւ մտերիմներիցս մեկը ինձ մի գրքույկ տվեց վուշի ձեթի օգտակարության մասին: Ես սկսեցի ընդունել վուշի սերմեր ծեծած-մանրացրած վիճակում, մեծ քանակությամբ հեղուկով: Կարելի է նաեւ աղալ սրճաղացով, բայց ոչ շատ մանր, եւ առավոտյան ու երեկոյան կուլ տալ 2 ճաշի գդալ սերմ 2 բաժակ ջրով: Ջուրը անպայման պետք է շատ լինի: Այսպես 1 շաբաթ շարունակելուց հետո ես սկսեցի զգալ նրա օգտակարությունը: Այժմ վուշը, կարելի է ասել, ես օգտագործում եմ որպես համեմունք, աղցանների մեջ, իսկ նրա սերմերից պատրաստված լորձանման հեղուկը շատ լավ է կնճռոտված մաշկին: Մինչ այսօր, այն, ինչ կապված է վուշի հետ, ինձ համար սրբություն է»:
Վուշի ձեթը շատ լավ է սկլերոզին: Դրա համար անհրաժեշտ է 3 ամիսը մեկ անգամ 10-12 օր ընդունել վուշի ձեթ: Առավոտյան եւ երեկոյան քաղցած վիճակում խմել 1 ճաշի գդալ ձեթ: Ճիշտ է, ձեթը մի փոքր այրման զգացում է առաջացնում, բայց մեծ կում անելով՝ չեք էլ զգում համը: Այս դեղատոմսը կարելի է գործածել բոլորին` պրոֆիլակտիկ նպատակով, քանի որ այն բացասական ազդեցություն չունի:
Վուշի սերմերից պատրաստված թուրմը ողողման համար կարելի է օգտագործել բերանի խոռոչի բորբոքային հիվանդությունների դեպքում, կամ կարելի է դրանով հոգնա անել կոլիտների ժամանակ: Թուրմը պատրաստվում է հետեւյալ կերպ. 1 ճաշի գդալ վուշի սերմը լցնել 0,5լ եռջրի մեջ եւ թրմել 1 ժամ: Հետո քամել եւ օրը 3 անգամ խմել բաժակի 1/3-ից:
Վուշի սերմերի լորձանման նյութը կարելի է կոմպրեսների տեսքով օգտագործել մաշկի բորբոքային հիվանդությունների ժամանակ:
Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս վուշի ձեթը ընդունել 1 ճաշի գդալից, օրը 2-3 անգամ, որպես հակագլիստային միջոց:
Հնում մարդիկ հավատում էին նաեւ այն կարծիքին, որ եթե հղի կինը նստած վուշի թուրմի վաննա ընդունի, ապա հեշտ կծննդաբերի:
Վուշի սերմերն ու ձեթը լայն գործածություն ունեն կոսմետոլոգիայում: Դեմքի վրայի սեւ կետիկների առկայության դեպքում շատ լավ օգնում է շաբաթը 1 անգամ վուշի սերմերով գոլ կոմպրեսը: Թանզիֆի փոքրիկ պարկի մեջ լցնել վուշի սերմերից, այնուհետեւ գոլ ջրի մեջ մի քիչ թողնելով՝ դնել դեմքին ու պահել 20 րոպե: Այս կոմպրեսից հետո սեւ կետիկները հեշտ հեռացվում են:
Իսկ ահա թե ինչ է գրել Ավիցենան վուշի սերմերի մասին «Բժշկագիտության մասին կանոններում». «Բնական սոդայի ու թուզի հետ վուշի սերմերը շատ լավ միջոց են պեպենների ու ճարպային խալերի դեմ: Իսկ եթե վուշի սերմերը հավասար քանակությամբ մեղրի ու կոտեմի հետ խառնեք ու կոմպրես ընդունեք, ձեր եղունգները չեն ջարդվի ու շերտավորվի:
Վուշի բոված սերմերը շատ լավ օգնում են խորխաբեր հազին, աղեստամոքսային տրակտի ու կանացի հիվանդությունների դեպքում»:
Օգտակար խորհուրդներ ցիստիտի դեպքում
Ցիստիտը միզապարկի սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը կարող է կրկնվել` դառնալով քրոնիկ: Տնային պայմաններում պատրաստված գարու ջրի եւ կիտրոնի հյութի խառնուրդը սննդարար ըմպելիք է, որը ցիստիտի դեպքում կարելի է խմել թեյի ու սուրճի փոխարեն: 100գ գարեձավարի վրա լցնել այնքան ջուր, որ հազիվ ծածկի, դնել կրակին եւ եփել մինչեւ եռալը, հետո քամել, ջուրը թափել: Հետո քափկիրի վրա մնացած ձավարի վրա լցնել 0,5 լիտր եռջուր: Ավելացնել մեկ կիտրոնի միջուկ եւ թողնել ըմպելիքը հովանա: Ստացված հեղուկը քամել եւ դնել սառնարանի մեջ: Խմել հաճախակի:
Վերցնել հավասարաչափ լորենու ծաղիկներ եւ սեւ հաղարջենու տերեւներ: Երկու ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 2 բաժակ եռջուր ու թրմել թերմոսով ողջ գիշեր: Առավոտյան քամել եւ ընդունել օրը 3 անգամ, 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ: