Հայկական սարդոստայն

27/08/2005

Հայերը Ամերիկայում տարբեր են: Լավն են, վատն են, ազնիվ են կամ սրիկա են:
«Ինձ մեղադրեցին, որ ես հայերին գեղեցիկ չեմ ներկայացրել: Իմ ֆիլմում
բոլոր հայերը սրիկաներ են»,- ասաց ռեժիսոր Վահե Խաչատրյանը, ում
«Սարդոստայն» ֆիլմը վերջերս ցուցադրվեց «Մոսկվա» կինոթատրոնում: Աշխատելով
հեռու մնալ եզրահանգումներից ու պաթետիկ խոսքերից, նա ստեղծել է մի թեթեւ
ու ոչ հավակնոտ ամերիկահայ պատմություն: Թեեւ նույն պատմությունը կարելի
էր անվանել ամերիկա-ռուս կամ ամերիկա-հոլանդական, քանի որ ցանկացած ազգի
ներկայացուցիչ՝ նոր միջավայր ընկնելով, փորձում է համակերպվել:
Համակերպումն ու բարեկեցիկ կյանքի ձգտումը ըստ ֆիլմի հեղինակի՝ հաճախ
խաբեություն ու երկերեսանություն է ենթադրում: «Սարդոստայնում» բոլորը
բոլորին խաբում են, «մուռ» են հանում, փորձում ստորացնել միմյանց,
անազնվությամբ փող կորզել, սիրահետել՝ ցանկանալով ապահով կյանքի հասնել,
թունավորել, շանտաժի ենթարկել: Դերասաններից շատերը պրոֆեսիոնալներ չեն,
երիտասարդ են ու գեղեցիկ, խաղում են այնպես` ինչպես ապրում են, խոսում են՝
խառնելով հայերենն ու անգլերենը: Ֆիլմի սյուժեն հետաքրքիր է, անընդհատ
հյուսվում ու հանգուցալուծվում են նոր սյուժետային գծերը՝ ապացուցելով, որ
բոլորն էլ այնպիսին չեն, ինչպիսին թվում են: Դիտում ես, սպասելով, թե
սյուժետային ի՞նչ նոր պտույտ կստեղծվի, ո՞վ ում կխաբի, ի՞նչ նոր սիրային
եռանկյունի ու քառանկյունի կհայտնվի: «Սարդոստայնը» մեծ հետք չի թողնի
հայկական կինոյում, սակայն այն կարող է հուշել, որ թեթեւ ու հետաքրքրաշարժ
ֆիլմեր ստեղծելով, մենք կարող ենք ապահովել այն կինոբազմազանությունը, որը
շատ անհրաժեշտ է: Տասը նման ֆիլմերից անպայման մեկը հաջող կլինի:
«Սարդոստայնի» երեւանյան պրեմիերայից հետո հանդիսատեսը շնորհավորում էր Վ.
Խաչատրյանին, բարի խոսքեր ասում, սակայն շատերը, դահլիճից դուրս գալով
իրար ասում էին՝ ի՞նչ ֆիլմ էր, որ: Հաջողությունը շատ երկերեսանի բան է:

Ն.Հ.