Նույն կարծիքին են

12/07/2009

«Ադրբեջանական կողմը նախագահներ Ալիեւի եւ Սարգսյանի միջեւ հուլիսի կեսերին Մոսկվայում նախատեսվող հանդիպմանը կպաշտպանի իր նախկին դիրքորոշումը, այն է` Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի Արտաքին հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը: «Կարող է քննարկվել LՂՀ-ին կարգավիճակ տալու հարցը, սակայն` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդ դիրքորոշումը կմնա անփոփոխ»,- հավելել է նա: Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ հայտարարել է, թե Ադրբեջանը երբեք չի համաձայնի ներկա ստատուս-քվոյին: Ըստ նրա` ԼՂՀ խնդրի ներկայիս ստատուս-քվոն անբավարար է: «Հայաստանը նույնպես հասկանում է դա,- հայտարարել է նա,- Մենք շատ ձեռքբերումների ենք հասել անցած 5 տարիների ընթացքում` պրահյան գործընթացից սկսած: Բանակցություններն առաջ են ընթանում: Ես կարող եմ ասել` բանակցություններն ընթանում են միջին տեմպերով, բայց դա շատ դանդաղ է: Ադրբեջանի դիրքորոշումը մնում է կայուն. հայկական զորքերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից, տարածքները պետք է ազատվեն, ներքին տեղահանվածները պետք է վերադառնան իրենց բնակավայրերը, եւ հետո կքննարկվի ԼՂՀ կարգավիճակը»: