FINITA LA COMEDIA?

12/07/2009

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն, խոսելով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումների շարքի մասին, ասել է. «Մենք ականատես ենք լինում ֆիլմի»։ Լիովին համաձայն ենք պրն Ֆասիեի դիտարկման հետ՝ մի վերապահումով. այս ամենը նման է կոմեդիայի ժանրի ֆիլմի, սակայն ոչ թե Սարգսյան-Ալիեւ հանդիպումների, այլ հենց իրենց՝ համանախագահների մասով։ Օրինակ, ինչպե՞ս այլ կերպ բնութագրել համանախագահների մեկնաբանությունները, երբ նրանք ասում են, որ Ալիեւի վերջին հայտարարությունները (այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցություններում չի քննարկվում) «մեծ քայլ են առաջ» կամ «ոչ թե փակուղի են, այլ առաջընթաց»։ Իբր՝ տեսնո՞ւմ եք պրն Ալիեւի տոնայնությունն ինչպես է փոխվել, առաջներում նա ավելի կտրուկ հայտարարություններ էր անում։ Փաստորեն՝ մեր բախտը բերել է, որ Ալիեւն առաջ չէր պահանջում հայաթափել ողջ Հայաստանը։ Չի բերում միայն համանախագահների բախտը. նրանք արդեն երրորդ անգամ չեն կարողանում Ղարաբաղ գնալ՝ «անբարենպաստ եղանակի պատճառով»։ Ի՞նչ արած, անձրեւոտ եղանակին կարելի է պառկել հյուրանոցի համարում եւ ֆիլմ դիտել, այս անգամ՝ ցանկալի է մելոդրամա։