Գործընթաց չկա

12/07/2009

«ԼՂՀ հակամարտության շուրջ ընթացող բանակցությունները ձեւական բնույթ են կրում: Առաջիկա հանդիպման ժամանակ եւս ոչինչ չի լինի, որովհետեւ գործընթաց չկա: Ռուսները հայտնվել են հիմար իրավիճակում. նրանք ստորագրել են «Մայնդորֆյան համաձայնագիրը», սակայն ամերիկացիները բռնել են նրանց ձեռքը եւ հայտարարել են, թե իրենք երբեք չեն ճանաչի տեղային այդ որոշման օրինականությունը»,- երեկվա ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը: Ըստ նրա` «Մայնդորֆյան համաձայնագիրը» միանգամայն այլ է եղել, եւ այժմ ռուսներն ուղղակի ձեւացնում են, թե գործընթացը շարունակվում է: «Երբ հայ քաղաքական գործիչներին ասում են` իրավիճակը լավ է, նրանք ասում են` դե, վերջ, լավ է` լավ է: Ու գնում են ուտել-խմելու: Ասում ես` կա ռիսկ, վտանգ, նրանք բարձրացնում են ձեռքներն ու ասում, թե պետք է գնալ զիջումների: Փաստորեն, հայկական քաղաքական գործիչների դաս գոյություն չունի: Կան մարդիկ, ովքեր միայն տեղ են զբաղեցնում: Եթե մի փոքր վտանգի մասին հայտնես, խուճապի մեջ կընկնեն ու կհանձնեն ամեն ինչ»,- ասել է Ի. Մուրադյանը` չնշելով, թե խոսքը քաղաքական որ գործիչների մասին է: