Ոչ տեսնում է, ոչ` լսում

12/07/2009

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը` «ՌԻԱ-Նովոստիին» տված հարցազրույցում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարություններին` ասել է. «Ալիեւը չի տեսնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր պոտենցիալ անփոխարինելի բռնատիրական իշխանության բարձունքից, նա առավել եւս չի տեսնում ԼՂՀ ժողովրդավարական զարգացումը, չի տեսնում Ադրբեջանի կողմից բռնազավթված ԼՂՀ տարածքները, չի տեսնում հարյուր-հազարավոր հայ փախստականներին` Ադրբեջանից եւ ԼՂՀ որոշ շրջաններից, որտեղ իր նախորդներին հաջողվել էր իրականացնել էթնիկ զտումներ»: Ավելին, ըստ ԼՂՀ նախկին նախագահի` Ալիեւը չի հիշում, որ ԼՂՀ-ն կայացել է միջազգային իրավունքի բոլոր նորմերին լիովին համապատասխան: «Նա չի հիշում Ադրբեջանի ամբողջ տարածքում (Սումգայիթ, Կիրովաբադ, Շամխոր, Բաքու…) իրականացված հայերի ջարդերը: Չի հիշում, որ միջազգային ահաբեկչական կառույցների գրոհայինների ներգրավմամբ, Ադրբեջանը ԼՂՀ-ի դեմ սանձազերծեց լայնածավալ ռազմական ագրեսիա, ինչի արդյունքում երկու կողմերն էլ ունեցան մարդկային ու նյութական հսկայական կորուստներ: Չի հիշում, թե Ադրբեջանի համար որքան անփառունակ վախճան ունեցավ ուժային այդ արկածախնդրությունը եւ ում հետ, վերջիվերջո, նա ստիպված եղավ 1994թ. մայիսին հրադադարի մասին համաձայնագիր ստորագրել»: Ա. Ղուկասյանի հավաստմամբ` Ալիեւը չի լսում միջազգային հանրության կոչերը` վերջ տալ ռազմաշունչ հռետորաբանությանը, շփման գոտուց դուրս բերել դիպուկահարներին, դադարեցնել թշնամական քարոզչությունը: «Նա լսում է միայն ինքն իրեն, բայց խոսել փորձում է միջնորդների, Հայաստանի, եւ որ ամենացինիկն է` ԼՂՀ ժողովրդի շահերի դիտակետից»,- հավելել է նա: