Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը երեկ` մեկնաբանելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կանխատեսումները տնտեսական անկման 3 սցենարների վերաբերյալ, ասել է. «Շատ բան կախված է նրանից, թե ինչ տեղի կունենա համաշխարհային տնտեսությունում, ինչքան շուտ վերականգնումը կսկսվի Ռուսաստանի տնտեսությունում եւ Հայաստանի տնտեսության համար կարեւոր այլ երկրներում, ինչպիսին կլինեն մետաղի` հատկապես պղնձի գները: Իրականում, մենք հիմնվում ենք տարբեր կանխատեսումների վրա: Այն, ինչ փորձում է անել Հայաստանի կառավարությունը, հենվելն է տարբեր սցենարների վրա, որպեսզի ավելի լավ նախապատրաստվի, եթե հանկարծ իրավիճակը մեր սպասածից ավելի վատթարանա»: Նա նաեւ նշել է. «Մենք բոլորս գիտենք, որ իրավիճակը Հայաստանի տնտեսությունում շատ դժվար է եւ իսկապես շատ են խնդիրները, ու կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի հաղթահարի տնտեսության առջեւ ծառացած դժվարությունները»: Ա. Ալամը տեղեկացրել է, որ առաջիկա շաբաթներին, երբ կամբողջացվեն նաեւ հունիս ամսվա տվյալները, ՀԲ-ն վերանայելու է ՀՀ տնտեսության այս տարվա իրավիճակի վերաբերյալ իր կանխատեսումները: «Մեր վերջին գնահատականի համաձայն, այս տարի Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկումը կկազմի մոտ 9.5%, բայց այս կանխատեսումներն անընդհատ փոխվում են, երբ նոր տեղեկություններ են ի հայտ գալիս»,- նշել է Ալամը: