«Դրսի մարտահրավերները լիքն են»,- ասում է ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը

12/07/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից պարզ դարձավ, որ ՀԱԿ-ի ներսում ընդդիմության որդեգրած մարտավարությունը ոչ բոլորն են ընդունում: «Հեշտ չէր դիմանալ հոգեբանական ճնշումներին, բայց ի պատիվ ՀԱԿ-ի ղեկավարության, մեզ հաջողվեց շրջանցել այդ վտանգավոր խութերը»,- հայտարարել էր ՀՀ առաջին նախագահը: Ի՞նչ տարաձայնությունների մասին է խոսքը, կամ` ՀԱԿ-ում հատկապես ովքե՞ր ունեն տարաձայնություններ:

– Տարաձայնություն բացարձակ չկա, կան բազմաթիվ, բազմազան մոտեցումներ, որովհետեւ կա 10 կուսակցություն, 10 քաղաքական դեմքեր ու բազմահազար համախոհներ: Մոտեցումներն, իհարկե, շատ տարբեր են: Ակտիվ քայլերի, ագրեսիվ դրսեւորումների, շատ արագ լուծումների կողմնակիցները շատ են: Մարդկանց համբերությունը սպառվում է, մարդիկ շատ արագ լուծումներ են ուզում, այնքան ակնհայտ են տեսնում անարդարությունները, իշխանափոխության անհրաժեշտությունը, որ կտրուկ քայլեր են ուզում: Բայց Տեր-Պետրոսյանը, քաղաքական խորհուրդը ավելի շատ աշխատում են` կաթիլը քար կծակի սկզբունքով, որովհետեւ, այսպես թե այնպես, արդարությունը մեր կողմն է, հասարակությունը գիտի, որ իշխանափոխությունն անհրաժեշտ է, որ այս իշխանությունը սպառված մարմին է: Եթե հանկարծ մի պահ իշխանությունից վերցնես վարչական հնարավորությունը, տակը բան չի մնա` չի աշխատի ոչ ընկերությունը, ոչ գաղափարը, չկա հասարակական աջակցություն: Վարչական ռեսուրսն այսօր միակ պահող բանն է, բայց դա էլ ունի մի խիստ վտանգավոր պահ` մի վայրկյանում կարող է փլվել այդ լծակը: Հիմա եկեք հակառակը պատկերացնենք` ՀԱԿ-ը վարչական լծակ չունի, բայց ունի այնպիսի չձեւավորված, ոչնչով իրար չկապված մարդկանց համախումբ, որը զուտ կամավորության սկզբունքների վրա, առանց ակնկալիքների թիմ է, ովքեր գիտեն, որ նույն գաղափարին են հարում, նույն նպատակին են ծառայում: Սա հզոր միջոց է, որ այդ թիմին պահում է արդեն 2 տարի: Այս իշխանությունն այդ հնարավորությունը չունի: Իսկ երբ հիմնված է լինում միայն վարչականի վրա, մի օր դրա ներսում դավաճանություն է լինելու:

– Կարծիք կա, թե ՀԱԿ-ը թուլացել է իր պայքարի մեջ եւ նորից թափ առնելու համար ինչ-որ ազդակի է սպասում: Սոցիալական հողի վրա հասարակական ընդվզում տեղի չունեցավ: Հիմա կարծես թե ընդդիմությունը սպասում է, որ ԼՂՀ հարցի դեպքում ոչ ցանկալի լուծումներ են լինելու, ինչն էլ կառաջացնի հասարակության դժգոհությունը:

– Սոցիալական խնդիրը դեռ դեմներս է, ճգնաժամը նոր է Հայաստանում թափ հավաքում: 6 ամիս, 1 տարի մենք առնվազն հետ ենք միջազգային ճգնաժամից: Բայց մեր խաղադրույքը դրա վրա չէ դրված: Հասարակության մեջ այլեւս չի մնացել որեւէ շերտ, որը կաջակցի այս իշխանություններին: Դրսի մարտահրավերները լիքն են ու ահագնանում են, ներսում էլ որեւէ խնդիր չի լուծվել: Դրսի մարտահրավերները` ԼՂՀ հարցը, Թուրքիայի հետ այդ դիվանագիտական խայտառակ կրախը լուրջ, բայց արբանյակային գործոններ են, թեեւ յուրաքանչյուրն իր բաժնում սասանում է այս ռեժիմին: Բայց հիմնական գործոնը, որը կարող է որեւէ լուրջ խնդիր լուծել, դա ժողովուրդն է: Եթե ժողովրդի կամքն աշխատում է, արբանյակ գործիքները զուգահեռ աշխատում են: Եթե դրանք տասնապատիկ անգամ էլ ահագնանան, իշխանափոխություն չի լինի, եթե չլինի ժողովրդի կամքը:

– Ժողովուրդն էլ կարծես հոգնել է փողոց դուրս գալուց, երբ տեսնում է, որ իր պայքարը մեծ հաշվով արդյունավետ չէ: Իշխանական կողմից էլ կարծիք է հնչում, թե ընդդիմությունը հազիվ մի գյուղի բնակչության չափ մարդ է կարողանում բերել հանրահավաքներին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

– Դե եթե այդպես է, ինչո՞ւ են միտինգների ժամանակ տառապում, օրերով փակում են Երեւանի մուտքերը: Շրջակայքի ամբողջ ոստիկանությունը հայտնվում է Երեւանում ու Մատենադարանի շրջակայքում: Ի՞նչն է նրանց անհանգստացնում, եթե ուժեղ իշխանություն են: Եթե այդպես է, թող հանգիստ թույլ տան, որ մարդիկ հավաքվեն, կխոսեն` կգնան: Հավատացեք, որ անհրաժեշտության դեպքում 3-4 անգամ ավելի մարդ կհավաքվի: Ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլեւ ամբողջ հասարակությունն է կոնկրետ քայլերի սպասում: Մարդկանց համբերությունն էլ է սպառվում այս կրիմինալի մասշտաբները տեսնելով: Բոլորը տեսնում են, որ հանցագործը երկրի վրա իշխանություն ունի, ոստիկանը չի կարող հանցագործին բռնել, եւ բնականաբար մարդիկ կտրուկ փոփոխություններ են ուզում: Տեսնում են, որ կրիմինալն իշխանությունների հետ շատ ավելի հարցեր կարող է լուծել, քան հասարակությունը, ընտրությունները:

– Չե՞ք կարծում, որ այդպիսով իշխանափոխության հարց չի լուծվի, եւ պայքարի ձեր ընտրած ձեւն, այնուամենայնիվ, հաջորդ հերթական ընտրություններին սպասելն է:

– Ամենեւին: Նրանց ռեսուրսները սպառվում են, խնդիրներն ահագնանում են: Համաշխարհային առեւտուրը հասել է մեզ, առանց մեզ` մեզ համար հարցեր են լուծում: Ճիշտ է, 2 տարվա ընթացքում համազգային խնդրի լուծմանը չհասնելու դեպքում դանդաղության էլեմենտներ կան, բայց Տեր-Պետրոսյանի խոհեմությունը, հաշվարկները եւ խնդրին հիմնարար լուծում տալը հարգելի մոտեցում է: