Մենագրություն

27/08/2005 Վ. ԹՈՒՆՅԱՆ, Պատմական գիտությունների

Հասարակության քաղաքական կյանքի, ժողովրդի քաղաքական պատմության
իմացությունն անհնարին է առանց նրա քաղաքական էլիտայի հետազոտության:
Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն, ըստ էության, ներկայացնում է որպես
փոփոխվող, միմյանց հաջորդող քաղաքական էլիտաների պատմություն: Դա
հասարակության սոցիալ-քաղաքական, հոգեւոր գործառության օրինաչափությունն
է: Նրանցով են գաղափար կազմում վարվող քաղաքականության, ազգի քաղաքական
ձգտումների, կարողությունների վերաբերյալ: Ինչպես գրախոսվող
մենագրությունում է արժեւորվում` առանց քաղաքական էլիտայի՝ կույր է
ժողովրդի քաղաքական առաջադիմությունը, այն ժողովրդի քաղաքակրթվածության
ցուցանիշ է, նաեւ նրանցով, նրանցից նշանավորներով է ժողովուրդը հաստատում
եւ արտահայտում իր ինքնությունը: Այդ այդպես է, ընդգծում է հեղինակը,
քանզի ժողովուրդն իր սոցիալ-քաղաքական զարգացման տարբերակներն ընտրում եւ
իրականացնում է ամենից առաջ քաղաքական էլիտայի միջոցով:

«Բնական օժտվածությամբ գեներ, ինտելեկտ, դրանց հիման վրա գիտելիքներ,
փորձ` ահա էլիտար գործչի քաղաքական գործունեության հիմնարար, հիմնական
նախադրյալը»,- ծավալուն քննարկումների արդյունքում ամփոփում է հեղինակը:
«Դա է մտքի, մտածողական ներթափանցումների միջոցով քաղաքական
հարաբերությունների մեջ մտնելու, քաղաքականության մեջ
ստեղծագործականություն դրսեւորելու պարտադիր պայմանը»,- ճշմարիտ է
եզրահանգումը: Դրա հետ միասին, նա որպես հասարակական, ազգային չարիք է
արժեւորում ինտելեկտուալ խղճուկների միտքն էլիտայի շրջանակներ:

Կոնկրետ տվյալների հիման վրա կատարված քննարկումների ընդհանրացում է
հանդիսանում ուշագրավ եզրահանգումը` «Էլիտարը պաշտոն չէ, որակ է: Նրան չեն
նշանակում, ունենալով ի ծնե տվյալներ, էլիտար դառնում են» (էջ 48):

Լուսաբանվող փոխհարաբերություններում քաղաքական առաջնահերթ խնդիր է
համարվում` «ժողովրդին մղել հստակ կողմնորոշումների, նպաստել քաղաքական
գործողությունների համար ունեցած ներուժի ճիշտ գնահատմանը, ընդհանրապես
բարոյա-քաղաքական բազմաբնույթ ինքնաճանաչմանը» (էջ 116): Մասնավորապես
ներկա պայմաններում գործնական նշանակություն ունի հեղինակի այն
եզրահանգումը, որ արտահայտելով մասսայի շահերը, քաղաքական էլիտան խնդիր
ունի… պահպանել լիարժեք ինքնավարություն եւ ինքնուրույնություն,
չենթարկվելով նրա ամեն տեսակի տարերային, տնայնագործական
ազդեցություններին: Պետք է մերժվի այն էլիտար գործիչների վարքագիծը, որը
բովանդակում է դեմագոգիա, շողոքորթում, հարմարվողականություն` այդ
գործելակերպով մասսաների մոտ հեղինակություն վայելելու սպասումներով: «Ո՛չ
իշխանացում, ո՛չ էլ մասսայացում` մասսաների գրկում հանգրվանում» (էջ 120),
– կարծում եմ` ճիշտ է հեղինակը:

…Ինչպես գրքի ամբողջ շարադրանքում, այստեղ նույնպես աչքի են ընկնում
գործնական նպատակամղվածությունն ու գիտական-քաղաքական ազնվությունը: Իրոք,
միայն նախապես հակատրամադրվածությամբ հակված լինելու հանգամանքներով է
հնարավոր չհամաձայնել պրոֆ. Մինասյանի այն փաստագրման հետ, որ Հայաստանի
խորհրդայնացումից հետո, ըստ էության, պատմական հայրենիքում իրականացել է
ազգային կազմակերպված օջախի ստեղծման գաղափարը, ստեղծվել են ազգային,
քաղաքական, տնտեսական, մշակութային գիտական զարգացած օջախներ, Հայաստանն
ունեցել է ինքնուրույն պետության շատ ատրիբուտներ, վարչակազմի բարձրորակ
կադրեր եւ, որ ամենից ավելի կարեւորներից է, Հայաստանի Հանրապետությունն
ամենեւին էլ չի եղել քաղաքագիտական խուլ ու անկիրթ մի ծայրամասային գավառ,
գործել է իր հայրենիքին ու ազգին բոլորանվեր լիարժեք քաղաքական էլիտա:
Յուրաքանչյուր հայի եւ ազնիվ քաղաքացու ցավ է պատճառում այն իրողության
պատկերումը, որ այդ երկիրն ամայացել է, եւ ժողովրդի մի մեծ հատված
արտագաղթի ճանապարհն է բռնել, եւ դա՝ այն պատճառով, որ մասնավորապես
իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարման ղեկը վարել են այդ գործին
լրիվ անտեղյակ, լավագույն դեպքում՝ միջակությունները, ամենուրեք ծնվել են
կառավարման հայտնագործություն ներկայացվող մեխանիզմներ, ֆոնդեր,
ասոցիացիաներ, վարվում են բազմաբնույթ սեմինարներ, հլու-հնազանդ վզները
ծռած աշակերտների նման գլուխ են խոնարհում արտասահմանից եկած դրամաշորթ
ավանտյուրիստների առջեւ, նրանց փորձագիտությամբ սահմանադրություններ եւ
այլ բախտորոշ օրենքներ են մշակվում, վերամշակվում, որոնք կարճ ժամանակ անց
խոտան են դառնում եւ դարձվում:

«…Կարգազրկվեց, հասարակական-քաղաքական ասպարեզից հեռացվեց եւ
աղքատության ճիրաններում գերվեց գործող քաղաքական էլիտան: Քաղաքական
էլիտայի տարածքում ստեղծվեց վակուում, հայ հասարակությունը մտավ քաղաքական
էլիտայի գոյության ճգնաժամ»,- փաստարկվում է գրքում: Ճշմարիտ է հեղինակի
եզրահանգումը` բանը սկսվել էր զարգացման բարձր մակարդակով օժտված
կառավարող էլիտայի թերագնահատումից եւ վարկաբեկումից: Նոր կարգերի
հաստատման ճանապարհին քաղաքական էլիտայի հետ միասին շարքից հանվել էր նաեւ
մտավորականության ճնշող մեծամասնությունը: Հասարակական շնորհազրկման էին
ենթարկվել առանձնապես ինտելեկտուալ շնորհալիները:

«… Ազգային մեծարժեք, իսկական Երեւանցի մտավորականների որոշակի հատվածը,
– փաստում է հեղինակը, – քաղցից փրկվելու համար էժան վաճառել է քաղաքի
կենտրոնում գտնվող տասնյակ տարիների իրենց բնակարանները եւ ավելի էժանները
գնել է ծայրամասերում ստեղծված Արեշներում ու Բանգլադեշներում: Գնորդների
մեծ մասը գյուղերի ու մարզային կենտրոնների իրենց «էլիտարացնող»
նորահարուստ պաշտոնատերներն են, իրավապահ մարմինների ոչ քիչ ղեկավար
աշխատողները: Արմատապես փոխված է Երեւանի կենտրոնի բնակիչների սոցիալական
կառուցվածքը,- ազնիվ է հեղինակի մտահոգությունը: Եվ գրքում այդ համալիրում
է դիտարկվում մեկ այլ տեսանելի գործընթաց, որը գնահատվում է որպես լիարժեք
էլիտայի ձեւավորման լրջագույն խոչընդոտ` այս նոր տերերը լայնորեն
ընդգրկվելով կառավարող էլիտայում, դարձել են քաղաքական էլիտայի
կարգավիճակի հայցվորներ, իսպառ զրկված լինելով էլիտար գործչին բնորոշող
հատկանիշներից: – Խիստ պակասավոր եւ լիարժեք չէ շարժումը դեպի գիտություն
եւ կրթություն, չի ստացվի կիրթ էլիտա, այսինքն էլիտան էլիտա չէ, ակնբախ է
նրա ձեւախեղումը», – բազմաբնույթ տվյալների վերլուծությունների
արդյունքում ընդհանրացվում է աշխատության մեջ:

…Կարծում եմ, որ պրոֆ. Մ. Մինասյանի աշխատությունն օժտված է ճանաչողական
եւ գործնական անուրանալի հատկանիշներով եւ կարող է օգտակար լինել ինչպես՝
մասնագետների, ուսանողների, այնպես էլ՝ ընթերցողների լայն շրջանակների
համար: