Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ

12/07/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, «հրաշալի եռյակը»՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Մեթյու Բրայզան,
Յուրի Մերզլյակովն ու Բեռնար Ֆասիեն կրկին Երեւանում էին։

Նրանց, ինչպես նաեւ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ընդունել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ապա նաեւ՝ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Հերթական անգամ համանախագահներն իրենց ափսոսանքն են հայտնել, որ չկարողացան այցելել Ստեփանակերտ (արդեն երրորդ անգամ): Ու հերթական անգամ՝ «եղանակային վատ պայմանների պատճառով»։ Առաջ անցնելով նշենք, որ երբ ասուլիսի ժամանակ նրանք կրկնել են այդ բացատրությունը, լրագրողները չեն կարողացել զսպել ծիծաղը, եւ Բեռնար Ֆասիեն նկատելով դա՝ ասել է. «Իզուր եք ծիծաղում: Ծիծաղողներին խորհուրդ կտամ դրա փոխարեն զանգահարել պարոն Սահակյանին եւ հարցնել, թե ինչ ենք զրուցել»:

Հետո հանդիպել են լրագրողների հետ եւ առաջին հերթին նշել, որ տարածաշրջան են այցելել Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպումը նախապատրաստելու համար: Եվ եթե հուլիսի 17-ին նախագահները Մոսկվայում հանդիպեն, ապա դա վերջին 13 ամիսների ընթացքում կլինի նախագահների 6-րդ հանդիպումը:

Ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հույս է հայտնել, թե Մոսկվայում կայանալիք հանդիպմանը կկոնկրետանան այն 2-3 կետերը, որոնց շուրջ առաջընթաց են արձանագրել Պրահայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում: Նա ասել է, որ մադրիդյան առաջարկներն իրենցից ներկայացնում են 15 կետերի հավաքածու, որոնցից յուրաքանչյուրի շուրջ պետք է տեղի ունենա խորքային քննարկում: Ֆրանսիացի համանախագահն ասել է, որ 2-3 կետի շուրջ այդ քննարկումն առկա է, եւ իրենք հույս ունեն, որ նախագահները հուլիսին այդ կետերը կհամաձայնեցնեն, կամփոփեն եւ նոր թեմա կբացեն բանակցության համար: Սրանից ավելի համանախագահները փակագծերը չեն բացել, ասելով, որ դետալներ հայտնել չեն կարող:

Նշենք, որ «հրաշալի եռյակի» ամենաակտիվ ու ամենաժպտերես անդամը՝ ամերիկացի Մեթյու Բրայզան, մինչեւ լրագրողների հետ հանդիպելն արդեն հասցրել էր հարցազրույց տալ «Ազատություն» ռ/կ-ին եւ ասել, որ «լիահույս» է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման վերաբերյալ։ Ավելին՝ շտապել էր մեզ ուրախացնել, նշելով, որ Ալիեւի վերջին հայտարարությունները (որ ԼՂ կարգավիճակի հարցը բանակցություններում չի քննարկվում) «ոչ թե փակուղի են, այլ առաջընթաց»։ Ամերիկացի դիվանագետը նաեւ հիմնավորում էր հորինել, իբր. «եթե համեմատեք այս հարցազրույցում նրա ասածները նախկինում արտահայտված դիրքորոշումների հետ, կտեսնեք տոնի փոփոխություն»։ Նույն խոսքերը նա կրկնել է ավելի ուշ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խորհուրդ տալով Ալիեւի հայտարարություններն ընկալել այն լույսի ներքո, որ Ադրբեջանի նախագահը կարգավորմանն է նախապատրաստում իր ժողովրդին։ Նրան «պաձերժկա» են արել գործընկերները։ Ֆասիեն դա անվանել է «Մեծ քայլ դեպի առաջ», իսկ Յու. Մերզլյակովն էլ փորձել է մտնել Ադրբեջանի նախագահի դրության մեջ՝ ասելով. «Տարօրինակ կլիներ կարծել, որ Ադրբեջանի նախագահը կհայտարարեր, որ երազում է Ղարաբաղն անկախ տեսնելու մասին»։ Մերզլյակովը նաեւ փորձել է ներթափանցել Ալիեւի հոգու խորքը եւ ասել, որ խոսելով կարգավիճակի հեռավորության մասին ու բացառելով Ղարաբաղի անկախությունը, Ալիեւը թերեւս հույս է ուղղակի հայտնում, որ Ղարաբաղի ժողովուրդը կարգավիճակի հանրաքվեի ժամանակ կքվեարկի Ադրբեջանի կազմում լինելու օգտին: «Մենք չենք կարող խոչընդոտել Ալիեւին հուսալ այդ բանը»,- ասել է ռուս դիվանագետը՝ ավելացնելով, որ տարօրինակ կլիներ հայերից էլ պահանջել, որ նրանք ընդունեն Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում մնալը: Մի խոսքով, բախտներս բերել է, որ Ալիեւը նախկինում ավելի խիստ հայտարարություններ չի արել, օրինակ՝ չի ասել, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը Ադրբեջանին չի պատկանում։ Թե չէ հիմա կհայտարարեր, որ մի մասից հրաժարվում է, ու մենք էլ, համանախագահներին հավատալով, պիտի ուրախությունից գլուխներս կորցնեինք։

Ավելացնենք, որ ասուլիսի սկզբում խոսելով հուլիսի 17-ին նախատեսված Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին, Բ. Ֆասիեն, չգիտես ինչու, այս ամբողջ գործընթացը նմանեցրել է ֆիլմի։ Կոնկրետ իրենց՝ համանախագահների մեկնաբանությունների մասով համաձայն ենք. լրիվ կոմեդիայի տպավորություն է թողնում։