Մնալու է կիզակետում

12/07/2009

«Հարավային Կովկասում բացառվում է ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը. տարածաշրջանը կշարունակի մնալ այդ երկրների շահերի բախման կիզակետ»,- երեկվա ասուլիսում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` նշելով, որ Կովկասում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ընդհանուր շահեր չունեն: Ըստ նրա` երկու գերտերությունները ձգտում են միանգամայն տարբեր նպատակների. ԱՄՆ-ը ցանկանում է, որ Կովկասում գլխավոր դերակատարություն ստանձնի Թուրքիան. դա նույնիսկ Թուրքիան չի ժխտում: ԱՄՆ-ը ցանկանում է Կովկասյան պլատֆորմի ստեղծման թուրքական նախաձեռնությունից դուրս թողնել Իրանին, սակայն Ռուսաստանը պահանջել է Թուրքիայից բանակցել նաեւ Իրանի հետ: Ավելին, ըստ Ս.Շաքարյանցի, Ռուսաստանը պահանջել է, որ այդ բանակցություններում ընդգրկվեն նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի մասամբ ճանաչված հանրապետությունները: Նրա դիտարկմամբ` Թուրքիայի կողմից իր նախաձեռնությունից հետ կանգնելը պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ Թուրքիային պարտադրվել է որպես նախաձեռնող պետություն՝ չանտեսել նաեւ ԼՂ գոյությունը: Թուրքիան այս պարագայում չգիտի՝ ինչպես իրեն պահել: Ամեն դեպքում, ըստ Ս.Շաքարյանցի, պետք է ընդունել, որ ԱՄՆ գոյությունը, քաղաքական դրսեւորումները տարածաշրջանում օգնում են հավասարակշռություն պահպանել: Հակառակ պարագայում, տարածաշրջանի նորագույն ճարտարապետությունը լրիվ կփոխվի: «Ոչ ԱՄՆ-ի, ոչ Եվրամիության առաջարկություններն ի վիճակի չեն կոտրել Ռուսաստանի վճռականությունը Կովկասում: Դա փաստեց նաեւ նախորդ տարվա օգոստոսյան պատերազմը: Ռուսաստանն ամեն րոպե պատրաստ է ընդհուպ մինչեւ ռազմական միջամտությամբ պաշտպանել տարածաշրջանի երկրներին ոտնձգություններից»,- ասել է նա` պարզաբանելով, որ Ռուսաստանը կմիջամտի Իրանի դեմ ԱՄՆ ցանկացած ոտնձգության դեպքում: