Ուռապատրիոտիզմ, քվազիլիբերալիզմ, պարադեմոկրատիա

11/07/2009

Որեւէ մեկին հաջողվե՞լ է ձեւակերպել հայրենասիրության ճշգրիտ սահմանումը: Առավելությո՞ւն է այն, թե՞ թերություն, հոգեւո՞ր է, թե՞ նյութական, իրավո՞ւնք է, թե՞ պարտականություն:

Հրեաների ազգային գաղափարախոսությունն, օրինակ, սիոնիզմն է, որն ունի հստակ ձեւակերպում, իսկ ահա հայրենասիրության մասին աշխարհասփյուռ հրեաների պատկերացումները խիստ տարբեր են: Ասել է թե, անգամ ազգային ձեւակերպված գաղափարախոսության առկայության պարագայում հայրենասիրությունը բնավ չի նույնացվում դրա հետ: Ուր մնաց ազգային համապարփակ գաղափարի բացակայության մեր դեպքը: Սա չեմ արձանագրում իբրեւ ազգային ամոթ եւ ճակատագրական բացթողում: Գուցեեւ լավ է, որ չունենք հստակ սահմանումներ այդչափ նուրբ եւ անհատական ընկալման հարցում: Ազատ մտածող անհատի բանականությունն իբրեւ կանոն ընդվզում է որեւէ կաղապարի, քարացած կարծրատիպի դեմ: Ու եթե ընդունում ենք յուրաքանչյուրի անհատական ընկալումը հարգելու կանխավարկածը, կարելի է եւ հանգել հետեւյալ սահմանմանը.

ոչ ոքի տրված չէ գնահատելու ուրիշի հայրենասիրության չափը:

Հակառակ պարագայում հայրենասիրությունը չափելու իրավունքը ծնում է դավաճան պիտակավորելու լիազորություն, դրանից բխող բոլոր հետեւանքներով…

Թուրքի հետ բնականոն հարաբերություններ հաստատելը, ադրբեջանցու հետ ընդհանուր եզրեր փնտրելը, վրաց ղեկավարին շքանշան հանձնելը, ռուսի հետ չափազանց սերտ բարեկամությունը, իշխողին քննադատելը եւ շատ ու շատ ուրիշ համանման երեւույթներ հաճախ հակված ենք որակելու ազգադավություն: Իսկ հայրենի օրենքներն ամեն քայլափոխի ոտնահարելը, ընտրությունից ընտրություն հայրենի ժողովրդի կամքը բռնաբարելը եւ այս շարքի բոլորին քաջ հայտնի ուրիշ դրսեւորումներն ի՞նչ ընդհանուր աղերսներ ունեն հայրենասիրության հետ: Դատողը դատվողին է դատում, դատվողը դատում դատողին ու այսպես շարունակ: Ժողովուրդներն ու ազգերը, որ ժամանակին հսկայական առաջընթաց են արձանագրել ու ցայսօր առաջատար դիրքեր են գրավում աշխարհում, հավանաբար հասարակական կոմպրոմիսը գտել են «հայրենասիրության չափանիշն օրինապաշտությունն է» ձեւակերպման մեջ: Ընդ որում, լավ ու վատ օրենքների մասին շահարկումները, իմ տպավորությամբ, մշտապես նպատակ են հետապնդել վիժեցնելու այդ կոմպրոմիսի կայացումը: Օրենքի վատը լինելու պատճառաբանությունը չպետք է ծնի այն ոտնահարելու իրավունք: Օրենքի առաջ հավասարության սկզբունքի անվերապահ կատարումը, դրա դրույթների տարածումն այդ թվում՝ եւ օրենսդիրների վրա, արդար օրենսդրություն ունենալու լավագույն երաշխիքն է: Գուցե արժե՞ փորձել հաղթահարել մեր բացառիկության մարմաջը ու պարզապես ընդօրինակել պատմականորեն ապացուցված առաջավորը: Չէ՞ որ կարելի է լինել ինչպես բացառիկ տաղանդավոր, այնպես էլ…

Քվազիլիբերալիզմն ու պարադեմոկրատիան, բնականաբար, սերտորեն շաղկապված են, ինչպես անքակտելի են լիբերալիզմն ու դեմոկրատիան: Լիբերալիզմն ընդունված է հասկանալ մարդու առաջին հերթին տնտեսական ազատությունների որոշակի կոդեքս՝ իր հստակ ձեւակերպումներով: Տնտեսության ոլորտում լիբերալիզմը մարդկության անանց ու մնայուն ձեռքբերումներից է, որին ի վերջո գալիս են ոչ միայն դեմոկրատական, այլեւ անգամ ավտորիտար համակարգերը: Վերջիններիս լիբերալիզմն անսպասելիորեն օգնության է հասնում ավտորիտար համակարգի դիրքերն անսասան պահելու գործում: Տնտեսական լիբերալիզմն ու ավտորիտար քաղաքական համակարգը, շուկայական խաղի դասական կանոններով, առեւտուր է հասարակության ու իշխող վերնախավի միջեւ: Յուրօրինակ կոմպրոմիս, երբ հասարակությունն իր քաղաքական ազատությունների մի մասը, կամ մի զգալի մասը, զիջում է տնտեսական գործունեության որոշակի ազատությունների, համեմատաբար առավել բարեկեցիկ կենցաղ ունենալու խորապես մարդկային ու բնական ցանկության դիմաց: Այս տրանսֆորմացիայի դասական օրինակ է Չինաստանի Տյանանմեն հրապարակի ջարդին հետեւած տնտեսական ռեֆորմների փաթեթը, որը դարերով տնտեսապես ճնշված չինացուն հնարավորություն տվեց ճաշակել տնտեսական գործունեության ազատության հմայքը: Արդյունքում՝ Չինաստանն աշխարհի ամենադինամիկ զարգացող երկիրն է եւ բոլոր շանսերն ունի ոչ հեռու ապագայում համարվելու աշխարհակարգ սահմանող գերտերություններից մեկը: Եվ, որ հատկանշական է` դժգոհ կողմ չկա` համակարգը պահպանեց իրեն, հասարակությունը բարձրացավ բարեկեցության իրեն մինչ այդ անհայտ մի նոր մակարդակի, միջազգային հանրությունն ի դեմս Չինաստանի՝ ունի քաղաքական ու տնտեսական առումով եթե ոչ կատարյալ, համենայնդեպս, կանխատեսելի պարտնյոր:

Ճիշտ նույն ճանապարհով գնաց 21-րդ դարի Ռուսաստանը, բարեբախտաբար, առանց Տյանանմեն հրապարակի: Ռուս հասարակությունը եւս, չէի ասի՝ թե հաճույքով, սակայն բավական պատրաստակամությամբ իր քաղաքական ազատությունների մի մասը զոհաբերեց հանուն տնտեսական ազատությունների եւ բարեկեցության, չընկնելով սին պատրանքների գիրկը: Ապրող սերունդը գերադասեց իր բարեկեցությունը «բոլոր զրկանքները հանուն սերունդների» վիճելի կարգախոսից: Ըստ երեւույթին, ժողովրդական իմաստությունը հուշեց, որ ընչազուրկ հասարակությունը չի կարող ազատամիտ ու բարեկեցիկ սերունդ վերարտադրել: Նյութապես ապահով ու բարեկեցիկ հասարակությո՞ւնն ավելի հաջողակ կլինի դեմոկրատիա կառուցելու գործում, թե՞ ունեզրկողներին ունեզրկելու ծարավ լյումպենը: Ռուսաստանը դառը փորձ ունի այս խնդիրներում, եւ այս հարցադրումն այլեւս դիլեմա չէ ռուսաստանցիների համար:

Նույն ճանապարհն է բռնել Բելառուսը եւ բոլոր հնարավորություններն ունի խուսափելու այն կատակլիզմներից, որ ցայսօր ցնցում են, օրինակ՝ Ուկրաինան: Բերված օրինակներն ամենեւին գովք չեն ավտորիտար համակարգի ու տնտեսական լիբերալիզմի անանուն սիմբիոզի, պարզապես պատմությունը նոր էջեր է գրում, որոնք առնվազն կարդալ պարտավոր ենք: Հասկանալի է, որ գերադասելի է ամեն ինչ եւ միանգամից (դեմոկրատիա, լիբերալիզմ), սակայն, ինչպես ասում են` քաղաքականությունը հնարավորի արվեստ է: Մեզ քաջ ծանոթ տերմինոլոգիայով ասած` լավ է փուլ առ փուլ առաջանալ, քան անվերջ դոփել տեղում՝ «այս պահին փաթեթով չի ստացվում» պատճառաբանությամբ: Համբերություն էմոցիան ծանոթ չէ ժամանակ սուբստանցին:

Ո՞ր ճանապարհով է գնում Հայաստանը: Տնտեսական լիբերալիզմ Հայաստանում կարելի է արձանագրել միայն մի դեպքում. եթե հստակ երաշխիքներ տրվեն, որ արձանագրությունը չի հրապարակվելու: Կոռուպցիան եւ տնտեսության մոնոպոլիզացումը, ցավոք, բնորոշ են գրեթե բոլոր զարգացող երկրներին, առավել եւս` հետխորհրդային, սակայն կան որոշակի տարբերություններ, որոնք էլ ի վերջո դառնում են տնտեսական համակարգի բնորոշիչներ: Օրինակ՝ Ռուսաստանում մոնոպոլիզացված են տնտեսության այն ոլորտները, որոնք առնչվում են երկրի բնական պաշարների արդյունահանմանը, արտահանմանը եւ մասնակիորեն վերամշակմանը: Այդօրինակ «Բնական մոնոպոլիաների» գոյությունը բացատրվում է երկրի ազգային անվտանգության շահերով եւ հաճախ ծառայում է իբրեւ քաղաքական գործիք միջազգային ասպարեզում: Սրանից հասարակությունն ամենեւին չի տուժում, քանզի կան բազմաթիվ այլ ոլորտներ, ուր յուրաքանչյուրը կարող է իրացնել իր պոտենցիալը: Հայաստանի պարագայում կարծես թե անաքրոնիզմ է դարձել պետական մոնոպոլիա հասկացությունը: Դժվար է մտաբերել ոլորտներ, որոնք պետական սեփականություն են: Մի կողմից՝ առկա է սեփականաշնորհման ամենաբարձր աստիճան, մյուս կողմից՝ այն ամբողջովին կենտրոնացված է մի քանի անհատի ձեռքում, ինչը բացառում է մրցակցությունը, մանր եւ միջին բիզնեսի զարգացումը: Տնտեսության չափազանց մոնոպոլացումը եւ ահռելի չափերի հասնող կոռուպցիան Հայաստանի դեպքում ոչ միայն ի չիք են դարձնում տնտեսական լիբերալիզմը, այլեւ սկսել եւ շարունակում են պայմանավորել քաղաքական համակարգի բնույթը: Վերջինս չի կարող լինել ոչ այլ ինչ, քան ավտորիտար, քանզի մոնոպոլ սեփականությունը պետական մեքենայի ուժերով պահպանելու ամենօրյա խնդիր գոյություն ունի: Ստացվում է փակ շղթա, երբ քաղաքական համակարգն իրեն պահպանելու եւ վերարտադրելու համար հասարակությանը չի կարող առաջարկել տնտեսական ազատությունների կոմպրոմիսը, որովհետեւ ինքը ծնունդ է եւ ամբողջովին հենված է օլիգարխիկ տնտեսության վրա: Տնտեսական ազատությունները քաղաքականով փոխարինելու հնարավորություն եւս չկա: Օլիգարխիկ, մոնոպոլացված տնտեսությունն ու դեմոկրատիան իրար դեռ երբեք չեն հանդիպել, ու հազիվ թե այդօրինակ պատմական հանդիպում տեղի ունենա Հայաստանում, ինչքան էլ մեծ լինի մեր ավանդը համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ: Սա է պատճառը, որ Հայաստանում մշտապես առկա է պայթյունավտանգ հեղափոխական իրավիճակ: Համակարգը հասարակությանն իրական առաջարկ չունի անելու, անգամ անկեղծ ցանկության դեպքում, ելնելով ինքնապահպանության նկատառումներից: Էվոլյուցիոն ճանապարհով ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու հասարակությանն արած ընդդիմության առաջարկը եւս, մեղմ ասած, մշուշոտ հեռանկարներ ունի վերը նշված պատճառներով: Առիթ ունեցել եմ ասելու, երբ ընտրությունն ասոցիացվում է Ավարայրի հետ, առնվազն միամտություն է հույսը դնել այն բանի վրա, որ հարբած փղերը խոտակեր են:

Ակնհայտ է երկրում իրական փոփոխությունների հասարակական պահանջը, եւ ինչ հակափաստարկներ էլ բերվեն, դրանք առնվազն համոզիչ չեն, իսկ համոզիչ չեն, որովհետեւ անկեղծ չեն: Իսկ անկեղծ չեն, քանզի համակարգը մոնոլիտ չէ, եւ փոփոխության պահանջ կա նաեւ, որքան էլ տարօրինակ հնչի, իշխող էլիտայի մի մասի մոտ, եւ դա քաջ հայտնի է քաղաքական վերնախավին: Իրավիճակն ավելի են բարդացնում եւ սպասվող փոփոխություններն արագացնում արտաքին մարտահրավերներն ու տնտեսական ճգնաժամը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոփոխությունների պահանջի առկայության պարագայում հեղափոխությունն իբրեւ միջոց մերժում են թե՛ իշխանությունը, թե՛ արմատական ու ոչ արմատական ընդդիմությունը, մնում է արձանագրել, որ առավել եւս քվազիլիբերալիզմի եւ պարադեմոկրատիայի պայմաններում փոփոխությունները կարող են լինել միայն քաղաքական էլիտայի կուլիսային պայմանավորվածությունների արդյունք, եւ կտրվի՞ դրանց ընտրությունների տեսք, թե՞ ոչ, երկրորդական հարց է (քաղաքական էլիտա ասելով՝ տվյալ դեպքում ներառում եմ նաեւ ընդդիմությունը): Մնում է փափագել, որ փոփոխությունները հնարավորինս շուտ տեղի ունենան: Ի դեպ, նկատի ունեմ բացառապես էլիտայի վերադասավորումները, առանց անձնավորելու, թե գործող նախագահի թիմում ովքեր կհայտնվեն, կամ գործող նախագահը ում թիմում կհայտնվի: Անարդար ճանապարհով արդար կառավարիչներ չեն հայտնվում, ժամանակի հրամայականն է՝ ունենալ գոնե արդյունավետ կառավարիչներ: Երկրի առաջ ծառացած խնդիրները չեն սպասելու, իսկ լուծումները պարտադրվելու են գնալով ավելի կոշտ: Գուցեեւ կառավարման արդյունավետության նշաձողի բարձրացումը կարող է այս պարագայում հանդիսանալ ժամանակավոր կոմպրոմիս հասարակության եւ դիմադիր ու ընդդիմադիր էլիտաների միջեւ: Իրատեսության ու անկեղծության դեֆիցիտ կա Հայաստանում: Պարադեմոկրատական խաղերում շարունակ վարպետությունը կատարելագործելու «պատասխանատու» գործին լծված՝ մոռանում ենք, որ պարաօլիմպիական խաղերում հաղթանակն անգամ չի տալիս օլիմպիադային մասնակցելու հնարավորություն…

Աշոտ ԱՆՏԻՆՅԱՆ