Այս օրերին Ֆրանսիայում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հուլիսի 6-ի երեկոյան «InterContinental PARIS-LE GRAND» հյուրանոցում հանդիպել է ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Իր ելույթում Հ. Աբրահամյանն ընդգծել է, որ` հայ-ֆրանսիական բարեկամությունը հիմնված չէ շահի կամ որեւէ պատեհապաշտության վրա: «Այդ բարեկամությունն արդեն վերածվել է արժեքի: Սակայն ամեն արժեք գնահատանք եւ խնամք է պահանջում, եւ մեզ վրա է դրված, մեզ եւ ձեզ վրա, այդ անգին գանձը փոխանցել մեր սերունդներին: Ես կարծում եմ՝ ֆրանսահայության ամենամեծ առաքելությունը հենց սա է: Մանավանդ այնպիսի բարենպաստ պայմաններում, ինչպիսին ստեղծել է Հայաստանի անկախացումը»,- ասել է Հ. Աբրահամյանը: Նրա խոսքով` Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը մշտապես գտնվել են Հայաստանի ուշադրության կենտրոնում, եւ հենց Հայաստան-Սփյուռք կապերի զարգացման եւ ամրապնդման եւ մասնավորապես Սփյուռքի հայապահպանության խնդիրների լուծմանը զորավիգ կանգնելու պատրաստակամությամբ էր պայմանավորված Հայաստանի կառավարության կազմում Սփյուռքի նախարարության ստեղծումը: «Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններն իրենց յուրահատկությունն ունեն, իրենց զարգացման տրամաբանությունը եւ շարժառիթները, որոնք կապված են շատ ու շատ պայմանների հետ: Բայց մենք արդեն ճանապարհ ենք անցել, նույնիսկ սառը պատերազմյան դժվար շրջանը, փորձ ենք կուտակել, եւ դրա հիման վրա կարող ենք կառուցել մեր հարաբերությունները, որոնք նպաստում են ոչ միայն հայության առջեւ կանգնած խնդիրների լուծմանը, այլեւ ժողովուրդների մերձեցմանը, միջմշակութային երկխոսության ծավալմանը եւ խաղաղության ամրապնդմանը: Հայերը խոր դարերից սկսած եղել են առաջընթացի, լուսավորության եւ նոր գաղափարների մարտիկներ: Այդ արժեքներն այսօր էլ պահպանում են իրենց ուժը, եւ մենք պետք է հավատարիմ մնանք դրանց: Մենք պետք է դավանենք եւ ծառայենք համընդհանուր մարդկային արժեքներին, որպեսզի կարողանանք ծառայել մեր Հայրենիքին եւ ժողովրդին»,- ասել է նա: Անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, ԱԺ նախագահն ասել է. «Լեռնային Ղարաբաղի անկախությունը մեզ համար սակարկման առարկա չի կարող լինել: ԼՂ ժողովրդի բնական եւ անքակտելի իրավունքն է տնօրինելու իր ճակատագիրը, հիմնված միջազգային համընդհանուր նորմերի վրա: Հայ ժողովուրդը չափազանց թանկ է վճարել Լեռնային Ղարաբաղի անկախության համար եւ հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանելու է նրա ազատ եւ անկախ ապրելու իրավունքն ու ձգտումը, եւ ոչ մի ուժ, ոչ մի ռազմատենչ հայտարարություն չի կարող կոտրել հայության անսասան կամքը: Ուզում եմ կրկին ընդգծել, բացի խաղաղ բանակցություններից, հարցի լուծման այլ ճանապարհ չկա»: Ֆրանսահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձել է նաեւ Հայաստանի ներքաղաքական խնդիրներին` ասելով, թե իշխանությունները հետեւողական քայլեր են իրականացնում երկրի «ներքին կյանքի կարգավորման, պետական հիմնարկների գործունեության կատարելագործման, ժողովրդավարական նորմերի եւ սկզբունքների ամրապնդման, դրանք ապրելակերպ եւ կենսակերպ դարձնելու ուղղությամբ»: Նաեւ ընդգծել է. «Մեզ մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է, մենք երիտասարդ ժողովրդավարություն ենք, եւ այդ ճանապարհին լինում են նաեւ բացթողումներ: Բայց մենք հաստատակամ ենք մեր նպատակների մեջ: Մենք կատարել ենք մեր ընտրությունը`որպես կենսակերպ ընտրել ենք ժողովրդավարությունը, ազատ շուկայական տնտեսությունը, խոսքի եւ խղճի ազատությունը: Դա մեր հասարակության, մեր ժողովրդի բնական զարգացման արդյունքն է, ցանկությունն է, քանի որ ինքներս մեզ համարում ենք եվրոպական քաղաքակրթության մասնիկ եւ կրող, քանի որ մեր պատմությունը եւ մեր արմատները մեզ տանում են դեպի այդ քաղաքակրթության ակունքները»: