Թեկուզ վերջինը

11/07/2009

«Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ՀՀՇ-ի առաջնորդը, եւ նրա կուսակցությունը հիմնականում ՀՀՇ-ն է համարվել: Չե՞ք կարծում, որ այսօր ընդդիմության շարժման առանցքում ձեր կուսակցությունը կարծես առաջնային նշանակություն չունի, եւ Տեր-Պետրոսյանի պայքարի համար առանցքային չէ»` մեր այս հարցին ի պատասխան, ՀՀՇ վարչության փոխնախագահ Արամ Մանուկյանը պատասխանել է. «Ոչ, չէի ասի: Մեզ այսօր շատ ավելի բարձր արժեքներ են ոգեւորում, շատ ավելի լուրջ նպատակներ, քան իշխանափոխության մեջ թիվ 1-ը լինելը: Ինձ ու իմ բոլոր ընկերներին խնդրի լուծումն է հետաքրքրում: Իսկ խնդրի լուծումը թող լինի 20-30 ուժով, դու լինես վերջին համարներում, տեղ չունենաս, միայն թե խնդիրը լուծվի: Երեւանի ավագանու ցուցակի վերջին համարը ես ու ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն էինք: Մենք նպատակային, եթե կուզեք` ցուցադրական ասացինք, որ մեզ դիրք պետք չէ: Համաձայն եմ սովորական ուսուցիչ աշխատել, միայն թե իշխանափոխություն լինի: Խիղճդ հանգիստ ապրելը, քո երկրում երեխաներիդ անվտանգությունն ապահովելը շատ ավելի բարձր խնդիր է, քան պաշտոն ունենալը: 10 տարի պաշտոն եմ ունեցել, 10 տարի էլ պաշտոնյա չեմ եղել, բայց նույն մարդն եմ: Այնպես որ` ՀՀՇ-ն բացարձակ ամբիցիա չունի: Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ է անում, թող շատ մարդ ընդգրկվի, համաժողովրդական լինի, թող մենք էլ լինենք ոչ առաջին դիրքերում, բայց թող խնդիրը լուծվի: Ես հաճույքով ծառայում եմ այդ գործին ու Արաբկիրի ամբողջ գործընթացը կազմակերպում եմ»: