Նպաստավոր են

11/07/2009

Երեկվա ասուլիսում քաղաքագետ Իգոր Մուրադյանն անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Մոսկվա կատարած այցին եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ ստորագրած համատեղ համաձայնագրերին՝ ասել է, թե Հայաստանի համար նպաստավոր երկու համաձայնագիր է ստորագրվել: Առաջինն, ըստ նրա` հարձակողական սպառազինման կրճատման մասին պայմանագիրն է, իսկ երկրորդը` Աֆղանստանի օպերացիայի համար ՌԴ տարանցիկ ենթակառուցվածքների օգտագործման մասին համաձայնագիրը: «Դա մեզ համար չափազանց կարեւոր է, քանի որ, այսպես թե այնպես, Հարավային Կովկասի նշանակությունը, որպես տարանցիկ տարածաշրջան, նվազում է: Մենք այդ խնդրում որեւէ դեր չէինք կատարում, այդ դերը կատարում էին Վրաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, Հարավային Կովկասը կմնա կարեւոր տարանցիկ տարածաշրջան: Բայց, ես կարծում եմ, որ եթե այդ պայմանագիրը Ռուսաստանի հետ իրականացվի եւ կայուն զարգացում ունենա, ապա, այսպես թե այնպես, Կովկասը կդառնա պահեստային տարբերակ: Այսինքն՝ նա կօգտագործվի, բայց կլինի պահեստային տարբերակ»,- ասել է Ի. Մուրադյանը` հավելելով, թե Հայաստանը կշահի, եթե Հարավային Կովկասը չլինի ենթակառուցվածքների հիմնական տարանցիկ ճանապարհ, որովհետեւ այդ առումով Հայաստանը որեւէ դերակատարում չունի: Ըստ նրա` եթե Կովկասը լինում է «պահեստային ճանապարհ», ապա նվազում է Կովկասի նշանակությունը տարանցիկության առումով, հետեւաբար այդ հարցում նվազում է նաեւ Վրաստանի ու Ադրբեջանի առավելությունը մեր հանդեպ: