Հարցեր «Նաիրիտի» շուրջ

11/07/2009

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը երեկվա ասուլիսում հայտարարել է, թե «Նաիրիտ» գործարանի պայթյունի մեջ տեսնում է նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեղքի բաժինը: Հիշեցնենք, որ ՀՌԱԿ-ը «Նաիրիտի» պայթյունի ուսումնասիրման հանձնախումբ է ստեղծել եւ մի շարք բացահայտումներ է արել. «Եթե «Նաիրիտում» խոստացած ներդրումների 10 տոկոսն արված լիներ, այսօր այդ պայթյունը տեղի չէր ունենա, եւ այդքան մարդ չէր մահանա: Էներգետիկայի նախարարն էլ չէր ուղղորդի նախաքննությունը, թե՝ վինտիլների հարց է: Ինչպես միշտ՝ Հայաստանում մեղքը փորձում են գցել մահացածների վրա»,- ասել է նա:

Հ. Առաքելյանը նաեւ մի հարցաշար է պատրաստել այն մասին, թե ինչու 2006թ. չի իրականացվել «Նաիրիտի» ուղիղ վաճառքը, ինչպես այդ կազմակերպությունը կարողացավ վերցնել 70 միլիոն դոլարի վարկ, որի միայն 39 միլիոն դոլարն է եկել Հայաստան, իսկ մնացածը մինչ օրս անհետացած է: Հարություն Առաքելյանը նաեւ պարզել է, որ 2006թ. մինչ օրս արտադրված հազարավոր տոննա կաուչուկից ստացված գերշահույթը կազմում է 60 մլն ԱՄՆ դոլարից ավելի, ուստի հռետորական հարց հնչեցրեց, թե` ո՞ւմ գրպանն է մտել մնացած գումարները: Հ. Առաքելյանը նշեց նաեւ, որ Տիգրան Սարգսյանի եղբայրը նույնպես աշխատում է «Նաիրիտում»: «Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է այն, որ գործարանի աշխատավարձի ֆոնդը կազմում է շուրջ 350 մլն դրամ, որից 20 հոգանոց ղեկավարությունը ստանում է 60 մլն դրամ: 700 հոգանոց ուռճացված վարչակազմը ստանում է 150 մլն դրամ, իսկ հիմնական բարիք ստեղծող եւ կյանքի համար վտանգավոր պայմաններում աշխատող 2100 մասնագետները ստանում են ընդամենը 140 մլն դրամ աշխատավարձ»,- հետաքրքրվեց ՀՌԱԿ ատենապետը: Ըստ նրա` այսօր «Նաիրիտում» գործում են 1937թ. բարքերը: Նա ձեռք է բերել «Նաիրիտի» տնօրինության եւ աշխատակիցների միջեւ կնքված մի փաստաթուղթ, որտեղ արձանագրված է, թե` «աշխատակիցն իրավունք չունի ոչինչ հայտնելու, հակառակ դեպքում կհեռացվի աշխատանքից», այն դեպքում, երբ «Նաիրիտը» չի համարվում գաղտնի ձեռնարկություն: Ի դեպ, Հ. Առաքելյանը վստահեցնում էր, որ ինքը պատրաստ է իր վերոնշյալ խոսքերը կրկնել նաեւ դատարանում: