Ջարդենք կարծրատիպերը

11/07/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Խաղատների թեման շարունակում է մնալ մոդայիկ: Որովհետեւ երկու-երեք շաբաթ առաջ խաղատների հարցը քննարկվում էր խորհրդարանում: Իսկ հուլիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտավ կազինո-խաղատները բնակավայրերից դուրս բերելու մասին օրենքը: Մի տարի հետո մենք համարյա նույնությամբ կկրկնենք մեր ռազմավարական գործընկերոջը: Պառլամենտական քննարկումներից պարզ դարձավ, որ խաղատների գործունեության նկատմամբ հասարակական դժգոհությունը կիսում է նաեւ մեր պատգամավորների մի մասը: ՀՀ Ֆինանսների նախարարությունը ամեն ամիս պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում խաղատների, շահումով խաղերի ու վիճակախաղերի մասին: 2009թ. հունվարի 1-ի դրությամբ «ՀՀ տարածքում ուժի մեջ էին 118 շահումով խաղի, 15 խաղատան եւ 4 վիճակախաղի կազմակերպման լիցենզիաներ»: Այս հիմնարկությունները 2008թ. պետբյուջե են մուծել 1 մլրդ 385 մլն պետական տուրք: Այդ գումարից 400-ական մլն դրամ մուծել են խաղատներն ու վիճակախաղերը: Եթե որեւէ մեկը համարի, որ այս տուրքերի ծավալը համեստ է, նրան խոր հիասթափություն է սպասում: Այս տարվա տնտեսական վիճակագրությունն ընթերցելը նրանից ամուր նյարդեր կպահանջի: Տնտեսական ճգնաժամը միայն իրական ոլորտում չէ, որ անկում է արձանագրում: 2008թ. առաջին կիսամյակի ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել: Դատելով պաշտոնական տեղեկատվությունից՝ 4 խաղատուն չի վերահաստատել իր արտոնագիրը: Փոխարենը հունիս ամսին եւս 1 խաղատուն նոր արտոնագիր է ստացել: Ըստ Ֆինանսների նախարարության՝ «2009թ. հուլիսի մեկի դրությամբ ՀՀ տարածքում ուժի մեջ են 111 շահումով խաղի, 11 խաղատան եւ 4 վիճակախաղերի կազմակերպման լիցենզիաներ»: Բայց նախարարության տարածած հաղորդագրության մեջ ուշագրավ ինտրիգ կա: Նախ նշվում է, որ հունիս ամսին «…կասեցվել է թվով 5 շահումով խաղի լիցենզիայի գործողություն»: Բառացիորեն վերջակետից հետո մյուս նախադասության մեջ ասվում է. «Արձանագրվել է 6 շահումով խաղի կազմակերպման լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում»: Արտոնագրից զրկվելու արժանի գործողություն կատարել է 6 կազմակերպություն, բայց զրկվել է` 5-ը: Անհասկանալի է, թե ինչ երկակի ստանդարտներ են կիրառվել չզրկված մեկի նկատմամբ: Եվ ինչո՞ւ: Հո չե՞նք կարող ենթադրել, որ կատարվածը կոռուպցիայի պաշտոնապես արձանագրված փաստ է: Ավելին՝ անմեղության կանխավարկածից ելնելով՝ կարող ենք ենթադրել, որ տրամաբանական հակասությունը պարզապես մտքի անհաջող ձեւակերպման արդյունք է: Զրկված 5 կազմակերպությունները կապ չունեն խախտում արած 6-ի հետ: Այս դեպքում ենթադրվում է, որ այդ 6-ի հարցը քննարկման փուլում է, եւ դրանք եւս կզրկվեն արտոնագրից, եւ պարզապես թյուրիմացություն է, որ այդ մասին հաղորդագրության մեջ չի խոսվում: Հաղորդագրության մեջ արձանագրված է նաեւ մի տհաճ փաստ: Իհարկե, պաշտոնապես հունվար ամսվա նկատմամբ առաջընթաց կա: Հունվարին խաղատներից գանձվել է 35 մլն դրամ պետտուրք, իսկ հունիսին` 85 մլն դրամի չափով: Բայց այս ցուցանիշը ցանկալի չես համարի: Ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի 15-ի փոխարեն՝ գործում է 11 խաղատուն: Բայց նախորդ տարվա համեմատ բյուջետային մուծումները պակասել են կրկնակի: ՀՀ տարածքում գործող բոլոր խաղատները առաջին կիսամյակում մուծել են ընդամենը 100 մլն դրամ պետական տուրք: «2009թ. հունվար-հունիս ամիսներին այս ոլորտից գանձվել է 290 մլն դրամի չափով պետական տուրք` 190 մլն դրամ` շահումով խաղերի գծով, 100 մլն դրամ` խաղատների գծով»: Ընդ որում, պետական տուրքերը գանձվում են տարօրինակ դինամիկայով: Խաղատները կիսամյակի առաջին 5 ամսվա ընթացքում մուծել են 50 մլն դրամ, եւ եւս այդքան՝ վերջին մեկ ամսվա ընթացքում: Ակնհայտ է, որ բյուջեի մուտքային հատվածն անհուսալիորեն թերակատարող հարկային մարմիններն իրար են անցել ու կիրառել «Կիսամյակը` մեկ ամսում» լոզունգը: Կիրառել ու նախորդ տարվա համեմատ ապահովել կիսով չափ ցածր արդյունք: Հավանաբար այս պատճառով է վարչապետն իր հրապարակային ելույթներում խոսում տնտեսության հնարավոր երկնիշ կրճատման մասին: Խոսում ու մեղքը բարդում համաշխարհային տնտեսական ճգնաժամի վրա: «Կոտրենք կարծրատիպերը» մայրաքաղաքի բանուկ փողոցներում տեղադրված գովազդային վահանակներով համոզում է խոշոր խաղատներից մեկը: Կարծրատիպերն իսկապես կկոտրվեն: Հատկապես այն կարծրատիպը, որ խաղատները հարուստ ու հարկվող կազմակերպություններ են: Բոլոր խաղատների մուծած հարկերի չափ գումար մուծում է պետական ցանկացած բուհ: Առանձին վերցրած ու ամենափոքր բուհը: