Գնացքների մոդելների հավաքածու ստեղծելը միայն հոբբի չէ

27/08/2005 Աննա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Սա ամենափոքր խելագարությունն է՝ մեծագույն խելագարությունից
խուսափելու համար»,- այդպես է արտահայտվում գնացքների փոքրիկ մոդելների
կոլեկցիոներ Սուրեն Աբաջյանն իր այս յուրահատուկ հոբբիի մասին: Իր այս
խոսքերն ընկերների շրջապատում աֆորիզմ են դարձել:
Մասնագիտությամբ՝ երաժիշտ, այժմ՝ փոքր բիզնեսով զբաղվող 45-ամյա Սուրեն
Աբաջյանի համար խաղալիք գնացքներ հավաքելը շատ ավելի լուրջ բնույթ է
կրում։ Հավաքածուն բաղկացած է մոտ 500 գնացքներից, ամենաթանկ նմուշի համար
վճարել է մոտ 200 ԱՄՆ դոլար: Սուրեն Աբաջյանի համար, սակայն, կարեւորն այն
հաճույքն է, որ պատճառում է հավաքածուն: Գոյություն ունի արտադրանքի կամ
նմուշի արժեք եւ գին, որոնք տարբեր հասկացություններ են: Մոդելի արժեքը
կարող է լինել օրինակ` 1000 դոլար, բայց պարտադիր չէ, որ գնորդը վճարի
այդքան: Էականը մոդելի թանկ լինելը չէ, ընդհակառակը՝ այն «հերոսությունը»,
թե որքան էժան հնարավոր կլինի ձեռք բերել ցանկալի նմուշը: Նա իր
հավաքածուն սկսել է հավաքել 12 տարեկանից։

– Դա ամենաճիշտ տարիքն է, երբ սկսում ես հասկանալ ու պահել խաղալիքը եւ ոչ թե կոտրել այն,- ասում է նա։

– Իսկ ինչո՞ւ գնացքներ։

– Յուրաքանչյուր մարդ փնտրում է
ինչ-որ դրական էմոցիաներ, որոնք գտնում է տարբեր հոբբիների մեջ։ Ես իմ
հետաքրքրությունը գտնում եմ գնացքների մեջ։
Գնացքների արտադրության մեջ առաջատար է համարվում Գերմանիան։ Նրանք
երկաթուղային մոդելիզմին մոտենում են ոչ մակերեսորեն. նրանց համար բավական
լուրջ բիզնես է։ Գերմանիայի երկաթուղային մոդելիզմի երկրպագուներն ավելի
շատ են, քան ֆուտբոլի ֆանատները։
Սկզբում գնացքները ասպարեզ են իջել, որպես մանկական խաղալիքներ։ Ժամանակի
ընթացքում դրանք հետաքրքրություն են առաջացրել նաեւ մեծահասակների
շրջանում։ Ուստի արտադրողները սկսել են ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել
իրենց գործին՝ զարգացնելով ու նորացնելով մոդելները։ Մեծահասակների՝
խաղալիք գնացքների նկատմամբ աճող հետաքրքրությունը, փաստորեն, պահանջարկ
էր ստեղծում։

– Չե՞ք կարծում, որ այս գործի զարգացմանը նպաստել եւ նպաստում են կոլեկցիոներները։

– Ոչ միայն կոլեկցիոներները։ Գործի առաջընթացին նպաստում են նաեւ արտադրողները։

– Բայց եթե չլինեին կոլեկցիոներները, ապա արտադրատեսակը կմնար որպես մանկական խաղալիք։

– Անշուշտ։ Կոլեկցիոների դերը բիզնեսի զարգացման մեջ բավական մեծ է,
կարելի է ասել՝ 60-70 տոկոսն է կազմում։ Նշեմ, որ տարբերություն կա
կոլեկցիոների եւ պարզապես հավաքածու ստեղծողի մեջ։ Հավաքածու ստեղծող իր
հավաքածուից ստանում է զուտ էսթետիկական հաճույք։ Կոլեկցիոները գիտի
յուրաքանչյուր մոդելի նախապատմությունը։ Որոշ կոլեկցիոներների մոտ այս
հետաքրքրությունն անցնում է տրամաբանական սահմանները։ Նրանք գումար են
տնտեսում, օրինակ՝ կահույք գնելու համար, բայց վերջին վայրկյանին այն
ծախսում են գնացքների վրա։
Կոլեկցիոներներին կարելի է առանձնացնել տարբեր խմբերի։ Ոմանք հավաքում են
միայն շոգեքարշներ, մյուսները ձեռք են բերում միայն այն մոդելները, որոնք
արտադրվել են, օրինակ՝ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ։ Կան
այնպիսիները, ովքեր իրենց հավաքածուները ստեղծում են ըստ կատալոգների, կամ
էլ՝ թեմատիկ ուղղվածությամբ։ Բայց բոլորը չէ, որ կարող են կոլեկցիոներ
դառնալ։ Կան երկաթուղային մոդելիզմով զբաղվողների տարբեր կատեգորիաներ,
որոնցից լավագույնը համարվում են նրանք, ովքեր մոդելները հավաքում են
ձեռքով։ Նրանց արտադրանքը ամենաբարձր գնահատվողն է։
19-րդ դարի վերջին մոդելիզմը ազնվականության մենաշնորհներից էր։ Այս
ժամանակաշրջանը մեխանիկայի դարն էր, որը շուտով ստացավ ինդուստրիալ
բնույթ։ 1948-1950թթ. գնացքների արտադրությունը դարձավ առանձին
ուղղություն։
Այժմ արտասահմանում կան բազմաթիվ մոդելային գնացքների մասնագիտացված
խանութներ ու դրանք այնքան շատ են, որ զարմանում ես։ Այս խանութների
հիմնական այցելուները մեծահասակներն են։ Նույնիսկ գոյություն ունի 90
էջանոց շաբաթաթերթ, որն ընթերցելով կարելի է կարծել, թե երկրի միակ խնդիրը
գնացքների մոդելներն են։

– Իսկ մոդելները կյանքի կոչվո՞ւմ են, այսինքն, այդ մոդելների հիման վրա հետագայում գնացքներ արտադրվո՞ւմ են:

– Ճիշտ հակառակը: Մոդելները ստեղծվում են իսկական գնացքներից, եւ երբեմն
մոդել պատրաստելն ավելի դժվար է լինում, քան իսկական գնացքը: Օրինակ` այս
մոդելը` Ե -103, լեգենդար մոդել է: Այն ստեղծել է Հենշել Վեգմանը 60-ական
թթ. սկզբին: Այն հիմնականում հանդիպում է Մյունխենում: Նրա հզորությունը
7000-8000 ձիաուժ է: Եվ չնայած այն ամենաարագընթացը, ամենահզորը չէ, բայց
միշտ գտնվում է 2-րդ տեղում:

– Իսկ ինչպե՞ս եք հայթայթում մոդելները։

– Առաջ բերան էինք ծռում, որ ինչ-որ մեկն արտասահմանից բերի։ Սովետի
ժամանակ Մոսկվայից էին բերում։ Հիմա գոյություն ունեն ինտերնետային
աուկցիոններ, որոնց միջոցով մոդելների ձեռքբերումն ավելի հարմար է։ Բացի
այդ, կապի մեջ ես լինում ողջ աշխարհի հետ։ Դա յուրօրինակ քաղաքակրթության
չափանիշ է, որն ապացուցում է, որ մենք՝ աշխարհում շատերին անհայտ հայերս
գաղափար ունենք գնացքների մոդելիզմից։
Ցավալին այն է, որ ինտերնետի միջոցով պատվերների իրականացումն էլ է պրոբլեմ, որը ստեղծում է կառավարությունը։
Ըստ մաքսատան «վայրենի» օրենքի՝ պատվիրատուն իրավունք չունի ստանալ 100
ԱՄՆ դոլարը գերազանցող ծանրոց։ Եթե գերազանցի, ապա ստիպված ես վճարել
արժեքի 30%-ը։ Այս դեպքում ստիպված ենք լինում պատվերներն ուղարկել տարբեր
մարդկանց անուններով՝ տոկոսներից խուսափելու համար։