«Պատերազմի դժվարություններն ինձ շատ են կոփել»

11/07/2009 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Յուրաքանչյուրիս մեջ նստած է մի երեխա, որին պետք է միշտ արթուն պահել»,- ասում է Վիվա Սել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա հետ զրուցեցինք այն երեխայի մասին, որը մեծացավ անհոգ խաղերին փոխարինած լիբանանյան պատերազմի ռմբակոծությունների ու դժվարությունների հորձանուտում:

Դեպի մարդը

Վիվա Սել-ՄՏՍ-ի կենտրոնական շենքի շեղ կտրված աստիճաններով բարձրանում եմ չորրորդ հարկ, որտեղ գտնվում է գլխավոր տնօրենի` Ռալֆ Յիրիկյանի գրասենյակը: Այստեղ բոլոր դռները թափանցիկ են, պարզ եւ պատրաստ բացվելու հյուրերի առջեւ: Աշխատակիցներն էլ խոսում են անաղմուկ, ու հաստատ այստեղ չես տեսնի պարապությունից սուրճ խմող աշխատակիցների: Արդեն Ռալֆ Յիրիկյանի սենյակում էի, երբ նկատեցի, որ նոթատետրիս վրա սեւ հետքեր են գոյանում: Երթուղային տաքսու դռան վրայի յուղի հետքերն էին: Ռալֆ Յիրիկյանը լուռ ինձ է մեկնում անձեռոցիկն ու ձեռքերը լվանալու հեղուկը: Թաքուն ժպտում ենք: Այստեղ հիշում ենք Էքզյուպերիի հայտնի խոսքը` մենք բոլորս գալիս ենք մանկությունից: Ռալֆ Յիրիկյանին հարցնում եմ իր մանկությունից, չգիտես ինչու, համոզված լինելով, որ շուտով կլսեմ մի հարուստ ընտանիքի պատմություն: «Մենք ապրում էինք ամսական աշխատավարձով: Մենք հարուստ չէինք,- նկատում է Ռալֆ Յիրիկյանը,- Երբ Լիբանանում պատերազմը սկսվեց, ես մոտ ութ տարեկան երեխա էի: Եվ պատկերացրեք` 1975թ. մինչեւ 1990-ական թթ. պատերազմ էր: Այդ ընթացքում երեխան մեծանում է 12,14,17,20 տարեկան, եւ պատերազմի ամբողջ դաժանությունն է նա տեսնում` ռմբակոծում, սպանված մարդիկ: Այդ տարիներին հոսանք չէր լինում, խմելու ջուր չկար: Երբեմն էլ հերթ էինք կանգնում մի կտոր հաց ստանալու համար: Մենք եղբայրներով էինք հերթ կանգնում, որ մեծ քանակությամբ հաց ստանայինք: Երբեմն էլ դույլերով գնում էինք ջուր բերելու: Հիշում եմ` հիվանդանոց կար, որը մեր տնից 3-4 կիլոմետր հեռու էր: Մենք հերթով գնում էինք այնտեղից ջուր բերելու: Ամեն մեկիս ձեռքին երկու դույլ կար: Այդ դույլերից ամեն մեկը 25 լիտրանոց էր: Եվ մենք 150 լիտր ջրով վերադառնում էինք տուն: Օրական երկու կամ երեք անգամ գնում էինք ջուր բերելու: Երբեմն էլ պատերազմի պատճառով խանութները փակ էին լինում, մթերային որոշ ապրանքներ չէին լինում: Երբեմն էլ ռմբակոծության պատճառով դպրոց չէինք գնում, որովհետեւ վտանգավոր էր, եւ ծնողները երեխաներին պահում էին տանը: Երբեմն էլ իջնում էինք նկուղ` արկերից պաշտպանվելու համար»:

Ադանայից դեպի Բեյրութ

Յիրիկյանների գերդաստանի արմատները գալիս են Ադանայից: Ռալֆ Յիրիկյանի հայրը` Սեսար Յիրիկյանը, ապրելով արաբական միջավայրում` չէր տիրապետում հայերենին: Գուցե սա էլ պատճառ է դառնում, որ Սեսար Յիրիկյանն ամուսնանա արաբուհի Էմիլի Յուսուֆի Սալամինի հետ: Ինչպես ասում են` սերը ազգություն չի ճանաչում: Նրանք ունեցան երեք որդի եւ մեկ դուստր` Պողոսը, Պետրոսը, Ռալֆն ու միակ աղջիկը` Միրեյը: Ու հետաքրքիրն այն է, որ հենց ծնողների պահանջով` երեխաները սկսում են հաճախել հայկական դպրոց: «Մայրիկս հայ չէ, հայրիկս հայ է, բայց հայերեն չգիտի: Մենք տան մեջ միշտ արաբերեն էինք խոսում: Սակայն հայրս ուզեց, որ առաջին օրից մեզ ուղարկի հայկական դպրոց: Մանկապարտեզից մինչեւ շրջանավարտ դառնալը մենք սովորեցինք հայկական դպրոցում»,- ասում է Ռալֆ Յիրիկյանը` հիշելով, թե ինչպես էր մայրը, ով հայերեն չգիտեր, ամեն օր երեխաներին ստիպում յուրաքանչյուր դաս կրկնել հինգ անգամ` փորձելով երեխաների ձայից հասկանալ, թե նրանք ինչպես են վերարտադրում դասը:

Կրթություն եւ առաջին աշխատավարձ

1987թ. Ռալֆ Յիրիկյանն ընդունվում է Բեյրութի Ամերիկյան համալսարան: «Համալսարանում սովորելու տարիներին էլ պատերազմը շարունակվում էր: Համալսարանը երկու մասի էր կիսվել` արեւելյան եւ արեւմտյան: Հենց այս կիսվելու պատճառով էլ դժվար էր ինչ-որ մասնագիտություն ընտրել, որովհետեւ շատ էի սիրում գծագրություն եւ ուզում էի ճարտարապետ դառնալ: Դա չեղավ, որովհետեւ այս մասնագիտությամբ բաժինը գտնվում էր համալսարանի մյուս մասում, որը մայրաքաղաքի մյուս կողմում էր: Իսկ այնտեղ գնալը վտանգավոր էր: Հետեւաբար, ստիպված էի այնպիսի մասնագիտություն ընտրել, որն ուներ ոչ մայրաքաղաքի ծայրամասում գտնվող մասնաշենքը: Ընտրեցի տնտեսագիտությունը: Վերջին տարում` 1991թ., արդեն հնարավորություն եղավ, որ ես անցնեմ մայր բուհ, բայց արդեն ուշ էր, որպեսզի մարդ սկսեր զրոյից սովորել: Դա ավարտելուց հետո եւս մեկ տարի սովորեցի համալսարանում, եւ ստացա մենեջմենթի դիպլոմ: 1992թ. ամռանը սկսվեց իմ իսկական աշխատանքային կյանքը: Համալսարանում սովորում էի անվճար` թոշակի 50 տոկոսը համալսարանն էր տալիս, իսկ մյուս 50 տոկոսը ապահովում էր մեկ այլ հիմնադրամ` մեր եկեղեցու կաթողիկոսարանի հիմնադրամը: Դրանից ինձ մի փոքր էլ գումար էր մնում, որ ծախսեի: Աշխատում էի համալսարանում մոտ 80 ժամ, եւ դրա դիմաց համալսարանն ինձ գումար էր տալիս»,- պատմում է Ռ. Յիրիկյանն, ով ուսանողական տարիներին աշխատում էր Բեյրութի ամերիկյան համալսարանի «Ջաֆետ» գրադարանում` որպես փաստաթղթերի բաժնի պետ, այնուհետեւ` Լիբանանի «Ջորջ Մաթթա իստեբլիշմենթ» ընկերությունում` որպես համակարգչային օպերատոր:

«1992թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին սկսվեց իսկական աշխատանքային կյանքը: Առավոտյան ժամը 7-ից մինչեւ երեկոյան 7-ը աշխատում էի կահույքի սրահում` իբրեւ համակարգչային օպերատոր: Աշխատավարձս էլ 250 դոլար էր:

Այնքան ուրախ էի, երբ ստացա առաջին աշխատավարձս… Ամբողջ գումարը տվեցի մայրիկիս: Չէ, ես հեծանիվ չեմ գնել: Գիտեք` պատերազմում մեծացած երեխան այնքան դաժանություններ է տեսել, որ ցանկություն էլ չունի ինչ-որ հեծանիվ գնելու: Նա ուզում է` իրեն մի կերպ հաստատել կյանքի ճանապարհին: Բայց միեւնույն ժամանակ գիտեի, որ հայրս միշտ արտասահմանում է, եւ մայրիկս շատ էր տանջվում, որ մեզ դաստիարակի, ապահով պահի, սոված չմնանք: Առաջին աշխատավարձը շատ մեծ նշանակություն ունի: Ես զգում էի, որ ճիշտ է մայրիկիս նվիրելը: Հետո արդեն մյուս աշխատավարձերով ինձ համար հագուստ էի գնում: 1993թ. մեկնեցի Արաբական Էմիրություններ, որտեղ աշխատում էր հայրիկս: Արդեն հնարավորություն կար, որ ես աշխատեմ արտասահմանում»,- պատմում է Ռ. Յիրիկյանը:

1933թ. Ռալֆ Յիրիկյանն աշխատել է Քաթարի «Ալ Մահա գրուպ հոլդինգս» ընկերությունում` որպես նախագահի գործադիր քարտուղար, իսկ 1994-ին` Կիպրոսի «Նասսեր, Ղաթթաս եւ Կո» ընկերությունում, որպես կառավարման խորհրդատուի օգնական: 1994-96թթ. զբաղեցրել է «Ալ Մահա գրուպ հոլդինգ» ընկերության վարչակազմի եւ կադրերի ղեկավարի պաշտոնը: 1997-1999թթ. եղել է «Նասսեր, Ղաթթաս եւ Կո» ընկերության վարչակազմի եւ մարքեթինգի տնօրենը: 1999-2001թթ. Ռալֆ Յիրիկյանը պաշտոնավարել է «Լիբա Սել» ընկերությունում` որպես ադմինիստրատիվ բաժնի տնօրեն:

Ռալֆ Յիրիկյանը կնոջ՝ Արմինեի հետ ծանոթացել է համալսարանում սովորելու տարիներին. «Նրա հետ ծանոթացա իմ ուսանելու վերջին տարվա ընթացքում: Նա դեռ մի քանի տարի ուներ, որ ավարտեր: Մենք ամուսնացանք 1996թ. հոկտեմբերին: Հիմա ունենք երկու երեխա` աղջիկ ու տղա: Աղջիկս` Սարին, 9 տարեկան է, իսկ Նարեկը` 5 տարեկան: Երբ առաջին անգամ եկա Հայաստան` 2001թ. օգոստոսին, մենակ էի: Հետո նույն թվականի նոյեմբերին ընտանիքով եկանք: Սկզբից աշխատում էի Ղարաբաղում: Աղջիկս 18 ամսական էր եւ շատ հաճախ էր հիվանդանում: Կամաց-կամաց մեր տունը դեղատուն էր դառնում: Երբ 2004թ. նոյեմբերին լիցենզիան ստացանք Հայաստանում, ինձ համար շատ ծանր էին այդ ամիսները, որովետեւ շաբաթական երկու-երեք անգամ գնում էի Ստեփանակերտ ու ետ գալիս: Կարծես կյանքս ճանապարհի վրա էր անցնում: Արդեն 2005թ. ապրիլին տեղափոխվեցինք Երեւան»:

Վերադարձ դեպի մանկություն

Այսօր արդեն պատերազմ տեսած երեխան մեծացել է ու աշխատանքային երկար ճանապարհ անցնելով` դարձել է Հայաստանի ամենամեծ բջջային օպերատորի գլխավոր տնօրենը: Նա, սակայն, չի մոռացել այն փոքրիկին, ով մեծացել է արկերի պայթյունների տակ, հացի հերթ կանգնելով, սեփական մաշկի վրա զգացել առօրյա կյանքի ծանրությունները: «Պատերազմի ընթացքում երեխան, որ շատ բաներ է տեսնում, մեծ փորձ է ձեռք բերում: Հայրիկս աշխատավարձով էր պահում ընտանիքը: Այն ամսին, որ աշխատավարձ չկար, մենք նեղության մեջ էինք հայտնվում: Որոշ շրջան էլ հայրս անգործ էր, փորձում էր մի բան անել, որ գումար ունենար, ընտանիքի ապրուստը հոգար: Մի հին մեքենա ուներ, որով տարբեր տեղերից ապրանքներ էր բերում, վաճառում: Ես գնում էի իր հետ, տեսնում էի, թե ինչպես է նա տանջվում, համոզում մարդկանց, որ իրենից ինչ-որ ապրանք գնեն: Դա բավական ազդում է երեխայի վրա: Ազդում է նրա մտածելակերպի, հոգեբանական կառուցվածքի վրա: Տարիների ընթացքում դա մեծանում է երեխայի հետ: Եվ հենց դա էլ սովորեցնում է երեխային, որ կյանքը հեշտ չէ: Մարդ պետք է աշխատի: Միեւնույն ժամանակ՝ նա փորձում է իր անհատական արժեհամակարգը ստեղծել: Ես 13 տարեկան էի, երբ սկսեցի հասկանալ, թե ինչպես է գումար աշխատում հայրս: 80-ական թթ. երեխան այսօր արդեն ընտանիքի տեր է: Հիմա ինքը փորձում է ապահովել իր երեխաներին, որ նրանք այդ կյանքի փորձը չունենան: Միեւնույն ժամանակ, նրանց դաստիարակելով ու սովորեցնելով նույն մարդկային արժեքներով, մոտեցումներով, որոնց իրենց հայրիկը հավատում է ու հիմնված է դրանց վրա»,- ասում է Ռալֆ Յիրիկյանը, ով կրում է պատերազմի հիշողությունները եւ համոզված է, որ պատերազմը որոշ մարդկանց տնտեսական ապահովություն տալու միջոց է, եւ որի արդյունքում տուժում է մի ամբողջ ժողովուրդ: Զրույցը դեռ շարունակվում էր, եւ ես հասկանում էի, որ մի հրապարակումը բավարար չէ մի ամբողջ էություն բացահայտելու համար: Ռալֆ Յիրիկյանը ժպտալով պատմում էր, թե ինչպիսի հաճույքով է իր տղայի հետ խաղալիքներով խաղում: «Ամեն մեկի հետ պետք է խոսել իր լեզվով»,- եզրափակում է նա, ով օգնելով շատերին` մինչ օրս ապրում է վարձակալած բնակարանում: