Նարեկի պարզ, կրակոտ աչքերի ու խորիմաստ հայացքի արտահայտությունը բոլորին ստիպում է հավատալ կյանքի հրաշքին: 4-ամյա այս փոքրիկն արտառոց մարդ է. խորհրդավոր էներգետիկա ունի, ու նրա ներկայությունը ստիպում է հավատալ հեքիաթների: Ինքը` Նարեկը, լավ երաժշտության սիրահար է, բայց, երբ մելամաղձոտ, տխուր մեղեդի է լսում` սկսում է «մեծավարի» հեկեկալ: Մեկ էլ չի սիրում, երբ մարդիկ նայում են ուղիղ իր աչքերի մեջ: Նարեկն ինձ տեսնելուն պես հայացքս որսում է ու, երբ նկատում է իր աչքերի մեջ նայող աչքերս` լաց է լինում: Մայրը` Ռուզանը, որդուն քնքշորեն գրկելով անդադար կրկնում է` «Նարեկ ջան, բալե՛ս, ինքը քեզ չի նայում, մի լացի»: Հետո Ռուզանն ինձ խնդրում է երեխայի աչքերին չնայել, բայց, միեւնույն է` Նարեկը վիրավորվածի պես «սնգրտում» է: «Նարեկ ջան, ախր դու ես իրան նայում, մի նայի, ինքը քեզ չի նայում»,- Նարեկին հանգստացնում է Ռուզանն, ու ուղիղ 20 րոպե տան անդամները փորձում են երեխայի տագնապը հաղթահարել: 4-ամյա այս երեխան իրեն նայող ամեն մարդու աչքերի արտահայտության մեջ իրեն է տեսնում ու, երբ հասկանում է, որ իրեն նայող աչքերի արտահայտության մեջ զարմանք, տարակուսանք կամ խղճահարություն կա` տառապում է: Երբ մեկուսանում է իր տան մեջ` փոքրիկն ինքն իրեն սիրում է, պաշտպանված է զգում, որովհետեւ նրա ծնողների եւ քույրիկի անսահման սերը բավարար է Նարեկին ստիպելու ինքն իրեն սիրելու համար, իսկ յուրայինների հայացքները ստիպում են հիշեցնել, որ Նարեկը նման չէ իրենց: Երեխան վախենում է վերաբերմունք արտահայտող աչքերից: Փոխարենը, նա սիրում է բակում հեռվից հետեւել երեխաների չարաճճիություններին: «Ինքը շատ է սիրում, երբ բակի երեխաները վազվզում, հողի հետ են խաղում: Անընդհատ ձգտում է էդ միջավայրին, ուրախանում է երեխաների ներկայությունից: Ուզում է ինքն էլ խաղալ, թռվռալ, բայց…»,- ասում է հայրը` Պարույրը, ով Նարեկին հարմարավետություն ապահովելու համար պատրաստ է ամենածայրահեղ քայլին դիմել:
«Սա ծանր ողբերգություն է»
Չորս տարի առաջ ծնված Նարեկը երիտասարդ ամուսինների` Ռուզանի եւ Պարույրի առաջնեկն է, ում ծնունդին նրանք սպասել են անհամբերությամբ ու սիրով: Հղիության ընթացքում Ռուզանը ոչ մի գանգատ չի ունեցել, եւ պարբերական ստուգումների արդյունքները ցույց են տվել, որ հղիությունն ընթանում է բնականոն հունով: Երեխայի լույս աշխարհ գալու երկրորդ օրը Նարեկի վրա որոշակի դեղնություն է իջել, իսկ ծննդատնից դուրս գրվելուց հետո որոշ ժամանակ անց մաշկի դեղնությունն ավելի է ընդգծվել: «11-րդ օրը տարանք բժշկի, հետո տեղափոխվեցինք մանկական հիվանդանոց: Մոտ 15 օր բուժում ստացավ: Հետո պարզեցինք, որ դեղնախտի դեմ պատվաստում անել չէր կարելի, բայց երեխային սրսկել էին»,- պատմում է Պարույրն, ով հետագայում նկատել է, որ երեխան շարժունակ չէ, կծկվելով մկաններն անկառավարելի ձգում է: Ասում է` «Պատահում էր, որ մեջքը հակառակ կողմով կորացնում էր ու չէր կարողանում շարժումները կառավարել»: Հետագայում, երկարատեւ հետազոտություններից հետո բժիշկները տեղեկացրել են, որ Նարեկի մոտ ախտորոշվել է «ԺՃկ» մանկական ցերեբրալ կաթված («ՄՑԿ») հիվանդությունը: Երեխայի արատի պատճառը բժիշկները մեկնաբանել են ամուսինների արյան անհամատեղելիության հանգամանքով, ինչը թեեւ հազվագյուտ պատահող, այդուհանդերձ, ֆիզիկական արատի աղբյուր է հանդիսանում: «Ախր եթե նման վտանգ կա` պետք է հասարակությանը տեղեկացնել, իրազեկել: Մենք ընդհանրապես տեղյակ չենք եղել, որ ամուսինների արյան անհամատեղելիությունը կարող է երեխայի արատի պատճառ դառնալ: Բժիշկներն ասում են` նման բան լինում է հազվադեպ, բայց, նույնիսկ այդ հազվադեպ դեպքերի արդյունքում «ՄՑԿ»-ով հիվանդ երեխաների աճ է արձանագրվում»,- ասում է Պարույրն, ում տառապանքների փորձը ցույց է տվել, որ երիտասարդ ամուսիններն, այնուամենայնիվ, պետք է զգուշանան: Նարեկը թեեւ 4 տարեկան է, այդուհանդերձ, չի կարողանում ինքնուրույն շարժումներ կատարել, նստել, մարմինը կառավարել: Մանկական վերականգնողական «Արբես» կենտրոնում բժիշկները փորձում են երեխային բուժօգնություն ցուցաբերել, իսկ ֆիզիոթերապեւտի հետեւողական աշխատանքի շնորհիվ ծնողները երեխայի մոտ որոշակի փոփոխություն են նկատել: Մոտ 200 նման արատներով երեխաների համար նախատեսված այդ կենտրոնում մեծ հերթեր են գոյացել, քանի որ մասնագետների քանակը չի բավականացնում հիվանդների հետ անհատական բուժում իրականացնելու համար: «Բուժումն անվճար է, պետպատվերի շրջանակներում: Ճիշտ է` նման ծանր հիվանդության համար դա բուժում չէ, այլ վիճակի որոշակի ստաբիլացում, բայց ամեն դեպքում մենք դրական փոփոխություն նկատում ենք: Ճիշտն ասած, քանի որ հիվանդները շատ են, հերթեր կան` ամեն օր չենք կարող երեխային տանել, բայց պատահում է, որ ֆիզիոթերապեւտն ինքն է գալիս տուն»: Պարույրն ու Ռուզանը շշմելու չափ հոգատար ծնողներ են, ու երեխայի հաշմանդամության հանգամանքը հաճախ ստիպում է բացի Նարեկից ուրիշ ոչինչ չնկատել: Փոքրիկ Նարինեն նույնպես հաճախ մոռանում է ինքն իրեն, իր գոյությունը, որովհետեւ համակերպվել է այն մտքի հետ, որ ընտանիքի ամբողջ սերն ու ներուժը Նարեկինն է: Այս ընտանիքում բոլորը պատրաստ են ամեն ինչ զոհաբերել հանուն Նարեկի, դրա համար էլ նրանց տուն ոտք դնելուն պես հասկանում ես, որ այստեղ բոլորն իրար անչափ սիրում են, ու սիրով հագեցած մթնոլորտից ակամայից հավատում ես կյանքի հրաշքին ու, որ Նարեկն, անկախ ամեն ինչից, Աստծո պարգեւ է: Հայրը` Պարույրը, թեեւ կրկնում է, որ նման հիվանդներին բուժում չկա, այդուհանդերձ, մի ներքին, թաքուն հավատով է ապրում, որ տղան կբժշկվի: Պարույրի մայրը` Նարինեն, պատմում է, որ տղան բնակարանը վաճառել է միայն նրա համար, որ կարողանա որդու համար հաշմանդամության հարմարանքներ գնել` շարժասայլակ, մեջքի հենակ, ոտքերի հարմարանքներ եւ այլն: Շատ դեպքերում որդու ֆիզիկական հարմարանքները Պարույրն իր ձեռքով է պատրաստում: «Բնակարանս վաճառեցի եւ Մասիսում տուն գնեցի: Երեխային գրկած` երթուղային տաքսիով Մասիսից հասցնում էինք Արաբկիրի բուժկենտրոն: Մի օր կինս երեխան գրկին մտավ ներս ու սկսեց լաց լինել: Հղի վիճակում, հաշմանդամ երեխան գրկին, երթուղային տաքսով Արաբկիրից Մասիս կռացած եկել էր, ու ոչ ոք նստելու տեղ չէր տվել: Մեքենա գնեցի ու հարմարանքներ տեղադրեցի մեջը, որ Նարեկիս կարողանանք տանել հիվանդանոց ու բերել: Չեմ ուզում, որ Նարեկս իրան 3-րդ սորտի մարդ զգա, առանց էդ էլ սա ծանր ողբերգություն է»,- ասում է Պարույրն, ով ընտանիքի հետ այժմ ապրում է վարձակալած բնակարանում, որը գտնվում է վերականգնողական կենտրոնին մոտ տարածքում:
Հայաստանը մանկուց հաշմանդամ այս երեխայի համար հատկացնում է 10.000 դրամ թոշակ, որը նույնիսկ չի բավականացնում մի քանի օրվա տակդիրների համար: «Ամեն ինչ կվաճառեմ հանուն երեխայիս, չնայած էլ վաճառելու բան էլ չկա: Ինձ ոչինչ պետք չի, ողորմություն չեմ ուզում, մենակ ուզում եմ իմ մասնագիտությամբ աշխատանք, որի միջոցով երեխաներիս կարիքները կհոգամ»,- ասում է Պարույրը, ով զինվորականի մասնագիտություն ունի եւ պրոֆեսիոնալ բանակ զորագրվելու առաջնեկներից է եղել: Այս երիտասարդ տղամարդն այժմ գործազուրկ է, սակայն, երբ նայում ես տարբեր երկրների ղեկավարների, գեներալների կողմից միջազգային կարգի պատվոգրերը, շնորհակալագրերն ու դիպլոմները` ապշում ես, թե ինչո՞ւ են մեր ուժային կառույցները նման փորձառու կադրին անտեսում: Պարույր Էլոյանի զինվորականի բարձր գիտելիքներն ու հմտությունները գնահատել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Պաշտպանության նախարար եղած ժամանակ` վերջինիս երկու անգամ պարգեւատրելով: Կոսովոյում, Հունաստանում եւ տարբեր այլ երկրներում Պարույրը վերապատրաստվել է, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող 17 պետությունների մեջ առաջին տեղը գրավելու համար արժանացել է «Լավագույն ջանք» մրցանակին: Հունաստանում միջազգային խաղաղապահ օպերացիոն վարժական կենտրոնի, Բրիտանական խորհրդի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ շատ այլ հեղինակավոր մարդկանց, կառույցների կողմից մեդալների եւ պարգեւների արժանացած Պարույրը ներկայումս ժամանակ առ ժամանակ աշխատում է շինարարության վրա, քանի որ ուժային կառույցներում նման մասնագետի պահանջարկ չկա: Բանվորություն անող Պարույրն իր ողջ ներուժը վատնում է որդու առողջական վիճակն ինչ-որ կերպ թեթեւացնելու համար: «Ես, ճիշտն ասած, աշխատելուց չեմ վախենում. միակ բանը, որից վախենում եմ` որդուս կյանքն է»,- ասում է չափազանց հոգատար եւ նրբանկատ հայրը:
Վերջերս ռուսաստանյան հեռուստաալիքները «ՄՑԿ»-ով հիվանդների բուժման նոր ելքեր գտնելու մասին հաղորդումներ հեռարձակեցին, որոնք մեծ հնչեղություն եւ հետաքրքրություն առաջացրին ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ եվրոպական երկրներում: Հայաստանում, չգիտես ինչու, այդ մասին չեն խոսում, սակայն «ՄՑԿ»-ով հիվանդ երեխաների ծնողների մոտ այդ տեղեկատվությունը որոշակի աժիոտաժ է առաջացրել: Ըստ ՌԴ-ում գործող «Օգոնյոկ» գիտաարտադրական կենտրոնի վիճակագրության` այս հիվանդության բուժումը շատ դրական ցուցանիշներ է արձանագրում: Մեր թերթի առաջիկա համարում կներկայացնենք ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետի հետ հարցազրույց, որով կփորձենք ներկայացնել հայ եւ ռուս մասնագետների համագործակցությունն այս հիվանդներին բուժելու հարցում:
ՌԴ-ում «ՄՑԿ»-ով հիվանդների վիճակը վերականգնվում է
Մինչ այդ ներկայացնում ենք «Օգոնյոկ» կենտրոնի` «ՄՑԿ»-ով հիվանդ մարդկանց բուժման մեթոդների ինտերնետային վեբ-կայքերից ձեռք բերած տեղեկատվությունը: «Օգոնյոկ» գիտաարտադրական կենտրոնը 1987թ.-ից ռուսաստանյան վերականգնողական ինդուստրիայի առաջատար ձեռնարկություններից մեկն է: Այն արտադրում է օրթոպեդիկ ապրանքների ամենալայն տեսականին` սկսած կոշիկի ներդիրներից մինչեւ ամենաբարդ սարքավորումները, կազմակերպում է նյարդային համակարգի եւ հենաշարժական ապարատի խանգարումներ ունեցող հիվանդների վերականգնողական բուժում, զբաղվում է բժշկական համակարգչային տեխնիկայի մշակմամբ` վերականգնման եւ սկրինինգ-ախտորոշման համար: Սրանք են կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները:
1997թ. «Օգոնյոկ» ԳԱԿ-ի կոնստրուկտորները ստեղծել են ռեֆլեկտորային-ճնշող «Գրավիստատ» սարքը` մանկական ցերեբրալ կաթվածով («ՄՑԿ») հիվանդ երեխաների եւ գանգուղեղի վնասվածքների հետեւանքով հիվանդների համար: «Գրավիստատ» կոմբինեզոնի տարբեր ձեւափոխումները միանգամայն նոր սարքավորումների վերարտադրումն են, որ շարունակում են տիեզերական բժշկության տեխնոլոգիաների ավանդույթները` հենաշարժական ապարատի խանգարումներ ունեցող հիվանդների վերականգնողական բուժման համար:
«Գրավիստատը» մի շարք առավելություններ ունի նախորդ սերնդի սարքավորումների նկատմամբ («Պինգվին», «Ադելի»): Նրա կառուցվածքը թույլ է տալիս հաշվարկել եւ վերաբաշխել մարմնի ողջ երկայնքով ընկնող ծանրաբեռնվածությունը: Սա հատկապես կարեւոր է երեխաների հետ աշխատելիս: «Գրավիստատը» հատկապես մշակվել է դինամիկ պրոպրիոցետիվ շտկումների (ԴՊՇ) մեթոդի իրագործման նպատակով, որը հիմնավորված է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կ.Ա. Սեմյոնովայի աշխատություններում: Բացի պաթոլոգիկ դիրքի շտկումներից` այս սարքավորումով անցկացվող պարապմունքների ընթացքում տեղի է ունենում տոնիկական ռեֆլեքսների կայուն ճնշում եւ սարքային ռեֆլեքսների զարգացում: Այս փոփոխություններն անհրաժեշտ են երեխայի շարժական ապարատի զարգացման համար: ԴՊՇ մեթոդի հիման վրա «Օգոնյոկ» վերականգնողական կենտրոնում անցկացվում է «ՄՑԿ»-ի տարբեր ձեւերով ու գանգուղեղի վնասվածքների հետեւանքներից տառապող երեխաների եւ պատանիների վերականգնողական բուժում: «Գրավիստատ» կոստյումով հիվանդը բուժական ֆիզկուլտուրայի բարձր որակավորում ունեցող հրահանգչի օգնությամբ կատարում է մի շարք հատուկ վարժություններ: Բացի սարքավորումով անցկացվող անհատական պարապմունքներից` վերականգնման ծրագիրը ներառում է նաեւ վերականգնողական բուժման այլ ժամանակակից մեթոդներ` համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ` շարժումների արհեստական շտկումների, կենսաբանական հակադարձ կապերի, ապարատային ֆիզիոթերապիայի տարբեր մեթոդներ: Այս եւ մի շարք այլ մեթոդներ կազմում են սկոլիոզով, կիֆոսկոլիոզով եւ այլ խանգարումներով հիվանդ երեխաների վերականգնողական բուժման համակարգի հիմքը:
ԴՊՇ մեթոդով բուժման արդյունավետությունը
ԴՊՇ-ի մեթոդով «Գրավիստատ» սարքավորման միջոցով «ՄՑԿ»-ով հիվանդների վերականգնողական բուժման արդյունավետությունը ուսումնասիրվել է Մոսկվայի N 18 «Կալուգա-Բոր» մանկական հոգենեւրոլգիական առողջարանի, Ղթձկ ՂՃնՀԼ բազայի հիման վրա` համալիր կլինիկական-ֆիզիոլոգիական գնահատական նախատեսող ծրագրով: Հետազոտվել են 4-20 տարեկան 105 հիվանդների մասին տվյալները, որոնք ստացել են ԴՊՇ-ի 1-5 կուրս: Հիվանդների 31%-ի մոտ հայտնաբերվել էին հենաշարժական ապարատի 1-ին աստիճանի բարդություններ (33 մարդ), 42%-ի մոտ` 2-րդ աստիճանի (44 մարդ), 27%-ի մոտ` 3-րդ աստիճանի (28 մարդ): Հետազոտվող խումբը հիվանդության կլինիկական ձեւերով բաշխված էր հետեւյալ կերպ. 63 մարդու մոտ` սպաստիկ դիպլեգիա (60%), 16-ի մոտ` հիպերպարետիկ ձեւ (15%), 18-ի մոտ` հիպերկինետիկ ձեւ (17%), 8-ի մոտ` անոտիկ-աստատիկ ձեւ (8%): Բուժման կուրսը 20-30 պարապմունք էր` կախված հիվանդի շարժական ֆունկցիաների խանգարումների ծանրությունից: Պարապմունքներն անցկացվում էին ամեն օր` 45-90 րոպե տեւողությամբ` հաշվի առնելով երեխայի շարժական ապարատի զարգացածության աստիճանը: Դրական փոփոխությունները հիվանդի շարժական ոլորտում նկատելի էին դառնում 10-15 պարապմունքից հետո: