Հուլիսի 7-ին Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասությունների առաջին ատյանի դատարանում պետք է հրապարակվեր 14 օր առաջ արագացված դատաքննության անհապաղ վճիռը:
Հիշեցնենք, որ Արաբկիր համայնքի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանն անձնական նկատառումներով աշխատանքից ազատել էր Արաբկիրի թիվ 8 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Գեւորգյանին: Ընդ որում` վերջինիս ազատելուց մի քանի օր առաջ Ա. Երիցյանը Ա. Գեւորգյանի հետ կնքել էր աշխատանքային պայմանագիր: Այնուհետեւ նախկին թաղապետը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի կնոջը` Լուսինե Դարբինյանին: Որոշ ժամանակ անց թաղապետը Լ. Դարբինյանի ժամանակավոր պաշտոնը դարձնում է առանց ժամկետի, ասել է թե` նրան հաստատում է այդ պաշտոնում:
Ա. Գեւորգյանը հայցով դիմել էր դատարան: Նախորդ օրը պետք է այլեւս հրապարակվեր դատավճիռը, որը, սակայն, տեղի չունեցավ: Ըստ հայցվոր կողմի փաստաբան Ժորա Վարոսյանի` աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը վերաբերում է այն իրավիճակներին, երբ կամ տվյալ կազմակերպությունում տվյալ հաստիքն է կրճատվել, կամ լուծարվել է տվյալ կազմակերպությունը: Մինչդեռ պատասխանող կողմի փաստաբան Գեղամ Կարապետյանն այս անգամ դատարանին ներկայացրեց Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից լիազորված լինելու մասին փաստաթուղթը եւ եւս 2 փաստաթուղթ, որոնք տեղեկացնում էին Ա. Երիցյանի կողմից Լուսինե Դարբինյանի` տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին, եւ երկրորդ փաստաթղթով էլ նախկին թաղապետը հաստատել է, որ Լ. Դարբինյանին նշանակում է թիվ 8 մանկապարտեզի տնօրեն: Սա՝ այն դեպքում, երբ Ա. Գեւորգյանը համարվում է հարկադիր պարապուրդի ուղարկված եւ վճարվում է դրա դիմաց: Դատավորը վճռի հրապարակման օր հայտարարեց հուլիսի 13-ը: Ի դեպ, հենց Արաբկիրի փոխթաղապետ Հարություն Խաչատրյանն Ա. Գեւորգյանին ժամանակին փոխհատուցում էր առաջարկել` հայցից հրաժարվելու եւ դատական գործին ընթացք չտալու համար: Փոխհատուցմամբ գործը փակվելու է: Ա. Գեւորգյանը հրաժարվել է եւ դիմել դատարան: