Դեդեկտիվի հրավեր

11/07/2009 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

«Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ն 2007 թվականին անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագիր է կնքել քաղաքացի Արուսյակ Պետրոսյանի հետ, համաձայն որի՝ պարտավորվել է Փ. Բուզանդի 13-21 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի յոթերորդ հարկից 66 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով բնակարան վաճառել։ Գնորդը «Նարեկ Շելթերին» որպես կանխավճար տվել է ամբողջ գումարը՝ 50.853.000 դրամ։ Մի այլ պայմանագրով քաղաքացին «Նարեկ Շելթերին» է վճարել 13.869.000 դրամ նույն շենքից 36 քառակուսի մետր բնակարան եւ շենքի տակ տեղակայված մեկ ավտոկայանատեղ գնելու համար։

Անցել է մոտ երկու տարի, գնորդը ոչ միայն բնակարանները չի ստացել, այլեւ չի տեսել կառուցվող շենքը։ Փ. Բուզանդի 13-21 հասցեում, որտեղ պիտի լիներ Արուսյակ Պետրոսյանի բնակարանը, առայժմ խոր փոս է։

Ինչո՞ւ մինչ օրս չի կառուցվել շենքը։ Քանի որ պայմանագրում հիշատակվում է ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 909-Ն որոշումը, փորձում ենք քաղաքացուն հետաքրքրող հարցի պատասխանը գտնել այդ տեքստում, որտեղ, սակայն, «Նարեկ Շելթեր» անունը չի հանդիպում։

ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 909-Ն որոշումը «Երեւան քաղաքի Գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացնելու նպատակով առանց մրցույթի հողամասեր տրամադրելու մասին» է։ Որոշման առաջին կետի համաձայն՝ կառավարությունը պետք է թույլատրի Երեւանի քաղաքապետին «կնքել կառուցապատման իրավունքի պայմանագրեր՝ առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, երեք տարի ժամկետով»։ Որոշման մեջ նշվում են հինգ կազմակերպության եւ մեկ անհատի անուններ՝ «Էլիտ Փրոջեքտ Շին», «Գլենդել Հիլզ», «Գրիար», «Ավանտ Տուր», «ԳԱՊ բնակշին» եւ քաղաքացի Մելիք Գասպարյան, ով հիմա ԱԺ պատգամավոր է ՀՀԿ-ից։

Ըստ ՀՀ կառավարության այս որոշման՝ քաղաքացի Արուսյակ Պետրոսյանին վաճառված բնակարանի շենքը պետք է կառուցեր «Ավանտ Տուր» ՍՊԸ-ն՝ որոշմամբ նախատեսված երեք տարվա ընթացքում։ Այսինքն՝ շենքը պետք է արդեն պատրաստ լիներ այն պահին, երբ «Նարեկ Շելթերը» պայմանագիր էր կնքում քաղաքացու հետ։

909-Ն որոշման ընդունումից մոտ չորս ամիս անց քաղաքապետ Երվանդ Զախարյանն ինքնակամ փոփոխություն է կատարում կառավարության վերոհիշյալ որոշման մեջ՝ առաջարկելով առաջին կետի «Ե» ենթակետում նշված «Ավանտ Տուր» ՍՊԸ-ի փոխարեն կարդալ «Վիզկոն» ՍՊԸ»։ Կառավարությունը Զախարյանի ինքնակամ այս քայլին որոշման տեսք է տալիս միայն 2005 թվականի հուլիսին (1074-Ն որոշում), այսինքն՝ Զախարյանի նախաձեռնությունից ութ ամիս անց։ Որոշման մեջ փոփոխությունը ոչ մի կերպ չի հիմնավորվում՝ պարզապես բառը փոխարինվում է բառով։ Կառավարության ութամսյա հապաղումը, սակայն, Երվանդ Զախարյանին չի խանգարում՝ 909-Ն որոշմանը (այստեղ դեռ «Ավանտ Տուրն» է) հղում անելով, 2004-ի դեկտեմբերին լիազորել «Վիզկոն» ՍՊԸ-ին դիմելու դատարան եւ վտարելու Բուզանդի 13-21 հասցեում ապրող սեփականատերերին։ Կառավարության որոշման մեջ «Վիզկոնի» չգոյությունը ոչ միայն չի անհանգստացնում, այլեւ չի հետաքրքրում վտարման վճիռներ արձակող դատավորներին։

2005թ. քաղաքացիներ Ս. Բաղդասարյանի, Լ. Ղասաբյանի եւ մյուսների նամակին Երեւանի քաղաքապետարանի «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն Կարեն Դավթյանի տված պատասխանից տեղեկանում ենք, որ կառավարության որոշման մեջ այս փոփոխությունը կատարվել է առանց ձեւականությունների։ Կառավարության համար հիմք է հանդիսացել «տվյալ ընկերության («Վիզկոնի») ցանկությունը մասնակցելու կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանը» եւ «Ավանտ Տուր» ՍՊԸ-ի ներկայացրած դիմումը, որով «նա հրաժարվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացումից՝ միաժամանակ առաջարկելով, որ թույլատրվի այդ ծրագրերի իրականացումը «Վիզկոն» ՍՊԸ-ի կողմից»։

Միանգամից արդարացի հարց է առաջանում՝ արդյո՞ք պետռեգիստրում գրանցված ցանկացած ՍՊԸ կարող էր ցանկություն հայտնել մասնակցելու կառուցապատման ներդրումային ծրագրերին։ Եթե կարող էր, ինչո՞ւ իրացման գոտու բնակիչներին հնարավորություն չէր տրվում մասնակցել կառուցապատմանը։ Այս հարցին իբրեւ պատասխան՝ Կարեն Դավթյանի նամակից տեղեկանում ենք, թե հաշվի է առնվել ընկերության «ֆինանսական, մասնագիտական, տեխնիկական եւ գույքային ներուժը»։ Բայց սրա մասին հետո, կամ՝ հերթով։ Առայժմ փորձենք հասկանալ, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Վիզկոն» ՍՊԸ-ն, եւ ի՞նչ կապ ունի այն «Նարեկ Շելթերի» հետ, որն աջուձախ կնքել է պայմանագրեր՝ վաճառքի հանելով «Վիզկոնի» չկառուցած շենքի բնակարանները։

2006թ. նոյեմբերին «Պետական կարիքների զոհեր» հ/կ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը դիմում է ՀՀ Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալություն եւ խնդրում իրեն տրամադրել «Վիզկոնի» տվյալները։ Գործակալությունը տրամադրում է։ Այդ փաստաթղթից պարզվում է, որ «Վիզկոն» ՍՊԸ-ն գրանցված է Երեւանի Մաշտոց 42Ա-2 հասցեում, որ գործադիր ղեկավարը Պավել Անդերսենն է, իսկ հիմնադիրները՝ երկու տիկնայք Ամերիկայի Միացյալ Նահանգներից։

Նույն՝ Մաշտոց 42Ա-2, հասցեում է գրանցված նաեւ «Նարեկ Շելթեր» ՍՊԸ-ն, որի հիմնադիրներն են Սիմոն Աղազարյանը (նաեւ տնօրենն է) եւ Գագիկ Պապոյանը։

ՀՀ կառավարության 909-Ն որոշմամբ կառուցապատման իրավունք ստացած մի այլ կազմակերպություն՝ «ԳԱՊ բնակշինը», թեեւ գրանցված է Եկմալյան 6 հասցեում, բայց սերտ առնչություն ունի թե «Վիզկոնի» եւ թե «Նարեկ Շելթերի» հետ։ «Վիզկոնի» գործադիր ղեկավար Պավել Անդերսենն այստեղ չորս հիմնադիրներից մեկն է։ Մասնաբաժին ունեն նաեւ «Նարեկ Շելթերի» հիմնադիրներ Սիմոն Աղազարյանն ու Գագիկ Պապոյանը։

«Վիզկոնը» գրանցվել է 2003թ. սեպտեմբերի 26-ին։ «ԳԱՊ բնակշինը»՝ 2004-ի փետրվարի 17-ին, իսկ «Նարեկ Շելթերը»՝ 2004-ի հուլիսի 29-ին։ Մանրամասներ, որոնք կարող են լույս սփռել, թե ինչո՞ւ է կառավարությունը որոշում ընդունել հատկապես առանց մրցույթի ընտրել կառուցապատող կազմակերպություններին։ Ինն ամսական «Վիզկոնն» ու չորս ամսական «ԳԱՊ բնակշինը» մրցույթ անցկացնելու դեպքում դժվար թե համապատասխանեին մրցութային չափանիշերի մեծ մասին, իսկ քաղաքապետի մոտ անցկացվող գաղտնի բանակցություններում դրանք անշուշտ չէին հանդիպի լուրջ խոչընդոտների։

Ասվածը փաստելու համար պետք է մեջբերենք ՀՀ Քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի պետ Ա. Համբարձումյանի նամակից մի հատված, որտեղ աներկմիտ կերպով արձանագրված է, որ «Վիզկոն» ՍՊԸ-ն 2008 թվականի հոկտեմբերի դրությամբ «որպես լիցենզավորված կազմակերպություն գրանցված չէ ՀՀ Քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնում»։ Իսկ Կարեն Դավթյանն ասում էր, թե հաշվի է առնվել «Վիզկոն» ՍՊԸ-ի ամեն տեսակ ներուժը։

Միանգամայն պարզ է, որ առանց մրցույթի կառուցապատման իրավունք տալով, կառավարության որոշման մեջ հեշտորեն բառը բառով փոխարինելով՝ ոչ ժամանակի վարչապետը, ոչ ժամանակի քաղաքապետը, ոչ էլ ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանը չեն առաջնորդվել պետական կամ հանրային շահով։ Սա կոռուպցիայի դասական մի օրինակ է, որի զոհն են դարձել ոչ միայն իրացման գոտու բնակիչները, այլեւ այդ գոտում բնակարան ձեռք բերել ցանկացող բազմաթիվ մարդիկ։

Քանի որ այս թեմայի նկատմամբ իրավապահ մարմինների հետաքրքրությունը պատկերացնելի չէ, հրավիրում ենք դեդեկտիվ ժանրում ստեղծագործելու հակումներ ունեցողներին եւ անգամ հուշում ապագա վեպի վերնագիրը՝ «Մաշտոց 42Ա-2-ի առեղծվածը»։