Այս անգամ Երեւանը կանադահայ իրավաբան Հայդուկ Շամլյանին ավելի շատ զարմացրել է, քան հիացրել: Իրավաբանին հատկապես զարմացրել է ոստիկանների առատությունը: «Սա հետամնաց քաղաքների է նմանվում: Ամեն քաղաքացու վրա դրել են չորս ոստիկան»,- նկատում է Հայդուկ Շամլյանը` հիշելով օրեր առաջ իր հետ կատարվածը, երբ ընտանիքի հետ գնացել էին շուկա: «Երբ ուզում էինք շուկան լուսանկարել, հսկիչը մոտեցավ մեզ ու ասաց, որ չենք կարող նկարել: Երբ ես փորձեցի պնդել, հարցնել, թե ինչո՞ւ չի թույլատրվում, մեզ մոտեցավ մեկ ուրիշ ոստիկան: Դա ծիծաղելի է. մի՞թե շուկան ռազմավարական նշանակություն ունեցող վայր է»,- նշում է Հայդուկն ու ավելացնում, որ անգամ այսքանից հետո իրենք Սփյուռքում պատմում են միայն Հայաստանի լուսավոր կողմերի մասին, մինչդեռ իրականում Հայաստանն աստիճանաբար վերածվում է աֆրիկյան հետամնաց երկրի: «Շաբաթներով ուխտ էի արել, որ այս երեւույթի մասին չեմ խոսելու, բայց երբ գալիս եմ Հայաստան, իմ հողի վրա ես ինձ վատ եմ զգում: Ու էլ չեմ կարողանում չխոսել: Բայց դա չի նշանակում, որ ես Կանադայում պատմելու եմ այս մասին: Հակառակը` մենք այնտեղ պատմում ենք միայն առաջընթացի մասին»,- ասում է կանադահայ իրավաբանը: Վերջինս, արդեն 6-րդ տարին է, ընտանիքի հետ գալիս է Հայաստան: Առաջին այցելությունն ընտանիքի համար պարզապես շրջագայություն էր: «Այդ ժամանակ մենք հասկացանք, որ ինչ-որ ձեւով պետք է մեր նպաստը բերենք Հայաստանին: Ու ընտրեցինք Շուշին` որպես փլատակների երկիր: Արդեն 5-րդ տարին է, ինչ այնտեղ մենք կազմակերպում ենք ճամբար, որը տեւում է շուրջ երեք շաբաթ: Սկզբից 20 երեխա կար ճամբարում, հիմա արդեն՝ 150: Նրանց համար եւ՛ սնունդը, եւ՛ հագուստը մենք ենք Կանադայից բերում»,- պատմում է Հայդուկ Շամլյանը: Ըստ նրա` այդ երեխաները ոչ թե իրենց բերած սննդի կամ հագուստի կարիքն ունեն, այլ հոգեւոր սննդի, հաղորդակցության:
«Մինչ օրս Շուշիում փլատակներ են, ուրիշ բան չկա: Այդ երեխաները աչքները բացած տեսել են դրանք: Նրանցից շատերը նույնիսկ չգիտեն իրենց պատմությունը: Մենք ենք այդ մասին պատմում: Կանադայից վավերագրական ֆիլմեր ենք բերում»,- ասում է կանադահայ իրավաբանն ու ցավով նկատում եկեղեցիների սակավամարդ լինելը, երբ պատարագի ժամանակ եկեղեցում ընդամենը մի քանի մարդ է լինում: «Ճամբարն ավելի շատ ուսուցողական նշանակություն ունի: Ժամանցի միջոցով մենք դասեր ենք տալիս»,- նշում է Հայդուկ Շամլյանը: Իսկ դրա համար վերջինս համոզված է, որ պետք չէ անպայման հարուստ լինել, բավական է միջին դասակարգից լինել: «Այս նախաձեռնության համար մենք մեր ընտանիքի բյուջեից գումար ենք հատկացնում: Իհարկե, տարբեր միություններից եղել են առաջարկներ խաչաձեւելու, բայց մենք պարզապես ընտանեկան աջակցություն ենք անում»,- նշում է Հ. Շամլյանը: Վերջինս դեռեւս չի մոռացել շուշեցիների կասկածամտությունը իրենց ձեռնարկի նկատմամբ, երբ հարցնում էին` թե ինչու են հատկապես Շուշին ընտրել, հետո կարծես ուզում էին հասկանալ, որ իբր ընտանիքը Շուշիից է, շատ անգամներ էլ ռուսերենով էին խոսում կանադահայ ընտանիքի հետ: «Նրանք շատ հպարտ ժողովուրդ են: Մի քանի փուչիկով կամ խաղով չես կարող իրենց հմայել կամ կապ հաստատել: Դա հոգեկան աջակցություն է: Ու տեսնելով այդ երեխաների ժպիտները` հասկանում ես, որ դա է հայի ուժը»,- ասում է կանադահայ իրավաբանը` ընդգծելով այն խրամատը, որ փորձում են բացել Հայաստանի եւ Արցախի միջեւ: «Երեւանի մեջ եմ նկատել այդ լարվածությունը: Սկզբից, երբ իմացել էին, որ Շուշի ենք գնալու, պստիկ քմծիծաղներ էին տալիս: Փոխանակ այդ խրամատը ոչնչացնեն, այլ հակառակը` շարունակում են ընտրական շահերից ներքին տարակարծությունների սերմեր դնել»,- նշում է Հայդուկ Շամլյանը, ով, արդեն 20 տարի է, ինչ Մոնրեալում զբաղվում է իրավաբանությամբ: Նրա կինը` տիկին Աիդան, մասնագիտությամբ կենսաբան է: Վերջինս նկատում է, որ իրենց համար նույնն է Արցախն ու Հայաստանը: «Մեզ համար Շուշին հաղթանակի խորհրդանիշ է: Այն իբր քաղաք՝ անբացատրելի հմայք ունի: Ու թեեւ քաղաքի փլատակները ժխտական իմաստով մեծ ազդեցություն ունեն նրանց վրա, բայց այն չի կորցրել իր հմայքը: Նրանք հոգեկան աջակցության կարիք ունեն»,- ասում է Աիդա Շամլյանը: Իսկ Շամլյաններն ու նրանց երկու զավակները առաջիկայում կմեկնեն Շուշի, որտեղ մոտ 150 երեխա սպասում է նրանց: «Մենք էլ մեծ ոգեւորությամբ ենք սպասում մեր ընկերների հետ հանդիպմանը»,- ասացին երեխաները: