Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, ըստ էության, ավարտվեց «7-ի գործից» անջատված` Աբովյան քաղաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ Գրիգոր Ոսկերչյանի դատավարությունը: Երեկ Գ.Ոսկերչյանն ու իր պաշտպան Ստեփան Գրիգորյանը կարդացին պաշտպանական ճառը: Մեղադրող կողմը` Աշոտ Նադոյանը, մի քանի օր առաջ էր կարդացել իր մեղադրական ճառը եւ Գ.Ոսկերչյանի համար պահանջել էր 5 տարվա ազատազրկում` միաժամանակ ասելով, թե նրա վրա նույնպես համաներում կկիրառվի: Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը Ոսկերչյանի նկատմամբ առաջադրել էր ՔՕ 225-րդ հոդվածի «զանգվածային անկարգություն» մեղադրանքը: Երեկվա դատավարությունը դատավորը սկսեց կես ժամ ուշացումով։ Դատավարության համար ընտրել էին ամենափոքր դահլիճը, որտեղ նույնիսկ Գ.Ոսկերչյանի հարազատների համար տեղ չկար: Դատավոր Գագիկ Պողոսյանը պատճառաբանեց, թե մեծ դահլիճները զբաղված են: Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տեղեկացրեց, որ այդ դահլիճի կողքին գտնվող մեծ դահլիճը դեռ ազատ է, եւ դատավորը կարող է նիստը տեղափոխել այնտեղ: «Ես չգիտեմ, թե դուք ինչ եք ասում»,- արձագանքեց դատավորն ու մերժեց տեղափոխվելու իրավապաշտպանի առաջարկը: Այդ իսկ պատճառով երեկ ամբողջ օրը` մինչեւ ժամը 19-ը Գ.Ոսկերչյանի դատավարությունը տեղի ունեցավ այդ փոքր դահլիճում:
Երեկ պաշտպան Ս.Գրիգորյանը նախ մանրամասն վերլուծության ենթարկեց ողջ մեղադրական եզրակացությունը: Ասաց, որ մեղադրական փաստերն իրարամերժ են, եւ, որ շատ դեպքերում նույնիսկ վկաները չէին կարողանում վերականգնել իրենց «պատվիրված վկայությունը»: Եվ համաձայն չլինելով առաջադրված մեղադրանքի ու կիրառված խափանման միջոցի հետ` Գ.Ստեփանյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց արդարացնել Գ.Ոսկերչյանին: «Միջնորդում եմ` իմ պաշտպանյալին անմեղ հռչակել եւ արդարացման դատավճիռ կայացնել»,- հայտարարեց պաշտպանը:
Հետո պաշտպանական ճառով հանդես եկավ Գ.Ոսկերչյանը: «Չեմ անդրադառնա վկաների իրարամերժ ցուցմունքներին, ապացույցների հայթայթման ձեւերին կամ հայտնի ձեւերով կեղծ վկաների միջոցով սարքովի ապացույցների ստեղծմանը, ինձ` առանց հիմնավորման ձերբակալմանը, նախաքննության ու դատավարության ընթացքում թույլ տված ապօրինություններին: Դատավորի կողմնակալ որոշումներին, որ նախագահողը չեզոք դիրքեր էր գրավում միայն այն դեպքերում, երբ վտանգ չէր զգում մեղադրանքի հարցում, եւ դրանից ակնհայտ երեւում է պատվերի առկայությունը: Մնացած բոլոր կարեւոր եւ սկզբունքային նշանակություն ունեցող դեպքերում դատավորը հանդես էր գալիս մեղադրողի դիրքերի պաշտպանությամբ: Որոշ դեպքերում նաեւ գաղտնի տեղեկատվություն էր տրամադրում մեղադրողին»,- պաշտպանական ճառի սկզբում հայտարարեց Գ.Ոսկերչյանը:
Նա այնուհետեւ հայտարարեց, թե «մեղադրող կողմ» ասելով՝ հասկանում է դատարանում ոչ միայն մեղադրանքը պաշտպանող Աշոտ Նադոյանին, այլեւ իշխանություններին, հանձինս` Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության եւ Դատախազության: «Չմոռանամ ավելացնել նաեւ Հանրային հեռուստաընկերությանը: Բայց մեր պաշտպանական կողմին հաջողվեց ապացուցել սույն քրեական գործի կեղծ, շինծու լինելը, ինչի լավագույն ապացույցն է այն հանգամանքը, որ նախագահող դատավորը հաճախ էր ստիպված լինում մի կողմ թողնել դատավորի իր բարձր ու վեհ առաքելությունը եւ անցնել մեղադրող կողմի պաշտպանությանը… Եթե նույնիսկ չլինեին Մարտի 1-ի դեպքերը, միեւնույն է` իշխանությունները կայացրել են շարժման ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդում սկսելու իրենց որոշումը: Եվ փետրվարի 26-ին հրապարակում Սերժ Սարգսյանի հնչեցրած խոսքերը, թե Ազատության հրապարակում էլ մեր եղբայրներն ու քույրերն են, փարիսեցիություն է, որովհետեւ շարժման ակտիվիստների ձերբակալությունը սկսվել էր Մարտի 1-ից շատ առաջ: Սակայն լայնամասշտաբ ձերբակալությունների համար անհրաժեշտ էին ավելի առարկայական պատճառներ»,- հայտարարեց Գ.Ոսկերչյանը:
Իհարկե, մեղադրող կողմը առարկեց Ոսկերչյանին արդարացնելու` փաստաբանների միջնորդության: