Առողջարաններում կարող են բուժվել շատ հիվանդություններ` սիրտ-անոթային համակարգի, մարսողական համակարգի օրգանների, նյարդային համակարգի, նյութափոխանակության հետ կապված խնդիրներ, շնչուղիների հիվանդություններ, որոնք տուբերկուլյոզային բնույթ չեն կրում, գինեկոլոգիական բնույթի հիվանդություններ, մաշկային, միզուղիների հիվանդություններ:
Առողջարաններում հաջողությամբ բուժվում են նաեւ ականջի ու քիթ-կոկորդի հիվանդությունները: Այս կարգի հիվանդներին խորհուրդ է տրվում այնպիսի կլիմա ունեցող կուրորտավայրերը, ինչպիսիք են` Անապան, Սուխումին եւ այլն: Վերին շնչուղիների քրոնիկական հիվանդություններով տառապողները (րինիտ, լարինգիտ, ֆարինգիտ) հաճախ բողոքում են քթի չորությունից, չոր հազից եւ այլն: Մի մասի մոտ հայտնաբերվում է քրոնիկական տոնզիլիտ, մյուս մասի մոտ՝ ռեֆլեկտորային հարբուխ եւ այլն: Այսպիսի հիվանդները կարող են բուժվել ցանկացած կուրորտում, որտեղ կա հանքային ջրով ինհալացիոն թերապիա: Խմբակային ինհալացիայի տարբերակը կիրառվում է Պյատիգորսկի, Բորժոմիի, Կիսլովոդսկի, Տրուսկավեցի առողջարաններում: Խմբակային ինհալացիայի ժամանակ հիվանդները մոտ 20 րոպե գտնվում են մի սենյակում, որը լցված է հանքային ջրի խիտ գոլորշիով: Այս պրոցեդուրայից հետո հիվանդների մեծ մասի մոտ լավանում է ինքնազգացողությունը եւ բարձրանում է այդ օրգան-համակարգերի դիմադրողականությունը: Հանքային ջրեր խմելու պրոցեդուրաներն էլ լավացնում են օրգանիզմում նյութափոխանակության պրոցեսները: Այս հիվանդներին օգնում է նաեւ ցեխաբուժությունը: Հաշվի առնելով սիրտ-անոթային վիճակը` երբեմն քրոնիկական հիվանդությունների ժամանակ նշանակում են ուլտրամանուշակագույն ճառագայթներ:
Հիպերտրոֆիկական րինիտը, այն էտապում, երբ վիրաբուժական միջամտություն չի պահանջում, հաջողությամբ բուժվում է մերձծովյան, անտառային ու լեռնային կլիմայական պայմանների կուրորտներում:
Կուրորտային վայրերում բուժվող հիվանդությունների շարքում մեծ տեղ են զբաղեցնում շնչուղիների հիվանդությունները` օրինակ` թոքերի հիվանդությունը: Այս հիվանդությունները զարգանում են արտաքին միջավայրի ոչ բարենպաստ պայմանների` օդի աղտոտվածության պատճառով, կամ հանդիսանում են այլ հիվանդությունների հետեւանք: Առողջարանա-կուրորտային բուժումները արդյունավետ նշանակություն են ունենում պլեւրիտից ու պնեւմանիայից հետո առաջացած մնացորդային երեւույթների դեպքում: Նման հիվանդությունների համար խորհուրդ են տրվում այնպիսի կուրորտները, ինչպիսիք են` Արշանը, Գագրան, Նալչիկը, Գելենջիկը, Սուրամին, Ղրիմի հարավային ափերը:
Կուրորտավայրերում հնարավոր է բուժել կանացի որոշ հիվանդություններ` արգանդի խոռոչի ոչ սուր բորբոքային հիվանդություններ, փոքր կոնքի շրջանի որոշ հիվանդություններ, անպտղություն, կլիմակտերիկ սինդրոմ եւ այլն:
Նշված հիվանդությունների համար խորհուրդ տրվող կուրորտավայրերն են` Ջերմուկը, Անապան, Եվպատորիան, Թեոդոսիան եւ այլն:
Կուրորտային բուժումները հակացուցված են արգանդի վզիկի պոլիպների, արյունահոսող էրոզիաների, արգանդի միոմայի ժամանակ եւ չարորակ ուռուցքների վիրահատությունից հետո:
Առողջարանային բուժում ցուցված են ստանալու ճարպակալումով հիվանդները. ճարպակալում, որն առաջացել է նյութափոխանակության խանգարման հետեւանքով: Այս կարգի հիվանդությունները բուժվում են հիմնականում հանքային ջրերով հարուստ վայրերում:
Երիկամների ու միզուղիների մի շարք հիվանդություններ` միզաքարային հիվանդությունները, քրոնիկ պիելոնեֆրիտը, ցիստիտը արդյունավետ բուժում են ստանում առողջարաններում, որոնք գտնվում են Արշանում, Ջավայում, Կուկայում, Պյատիգորսկում:
Սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդներին եւս խորհուրդ է տրվում առողջարանային բուժումը: Այս հիվանդների համար համեմատաբար բարենպաստ կլիմայական պայմաններ են հանդիսանում Մերձբալթյան շրջաններն ու Սեւ ծովի Կովկասյան մասը` հատկապես գարնանն ու աշնանը: Միայն այս հիվանդությունների մի քանի դեպքում է հակացուցված առողջարանային բուժումը` ստենոկարդիայի նոպաներով ուղեկցվող կորոնար անբավարարություն, ուղեղի անոթների արտահայտված սկլերոզ եւ այլն:
Նյարդային համակարգի մի շարք հիվանդություններ անթերի կուրորտային բուժում են ստանում: Իհարկե, բացառություն են կազմում պարալիչները, պարկինսոնիզմը, հոգեկան խանգարումները:
Կուրորտներում արդյունավետ բուժում են ստանում հատկապես հոդերի հիվանդությամբ տառապողները: Իհարկե, բացառություն են կազմում հիվանդության սուր վիճակները: Առհասարակ կան հիվանդություններ, որոնց դեպքում կուրորտային կամ առողջարանային բուժումը հակացուցված է` բոլոր հիվանդությունները իրենց սրված վիճակում, բոլոր վեներական հիվանդությունները, որոնք վարակիչ բնույթ են կրում, հոգեկան հիվանդությունները, թմրամոլությունն ու ալկոհոլիզմը, արյան հիվանդությունները, կախեքսիան, չարորակ նորագոյացությունները, տարբեր ծագման արյունահոսությունները, բոլոր տեսակի ակտիվ տուբերկուլյոզները: Նշենք, որ հղիներին եւս` անկախ հղիության ընթացքից, 26 շաբաթական հղիությունից հետո խորհուրդ չեն տրվում առողջարանային պրոցեդուրաները: