Մոծակների, մժեղների եւ այլ միջատների խայթոցները, բացի քորից, կարող են առաջացնել մաշկի ընդհանուր գրգռվածություն, ախորժակի վատացում, անքնություն եւ րնդհանուր նյարդային լարվածություն: Բացի այդ, շատ փոքրիկ միջատները կարող են մտնել աչքի կամ ականջի մեջ:
Միջատներից պաշտպանվելու լավագույն մեթոդն, իհարկե, տարբեր սպրեյներն են, բայց եթե արդեն միջատը խայթել է, ուրեմն պետք է այլ միջոցներ ձեռնարկել: Օրինակ, մեղվի կամ իշամեղվի խայթոցը ծանոթ կլինի շատերին: Առաջանում է տեղային կամ ընդհանուր ռեակցիա` ուժեղ ցավ, քոր, այրոց, ուժեղ կարմրություն ու խայթոցի շրջանում բավական մեծ այտուց: Հատկապես ավելի շատ այտուցվում են կոպերը, այտերը եւ շուրթերը: Տեղային ռեակցիան կարող է տեւել 1-8 օր` կախված օրգանիզմից:
Ընդհանուր ռեակցիան կարող է լինել թունավոր եւ ալերգիկ: Թունավոր ռեակցիան առաջանում է այն դեպքում, երբ միանգամից մի քանի տասնյակ միջատի խայթոց է լինում: Պետք է ասել, որ կանայք ու երեխաները ավելի զգայուն են միջատների խայթոցի նկատմամբ, քան տղամարդիկ:
Ընդհանուր թունավոր ռեակցիայի ժամանակ կարող է առաջանալ եղնջատենդ` ամբողջ մարմնով մեկ` բլիթներով ցան, որը կարող է ուղեկցվել բարձր ջերմությամբ, կտրուկ գլխացավով, փսխումով, երբեմն զառանցանքով ու ցնցումներով:
Ալերգիկ ռեակցիա թաղանթաթեւավոր (մեղու, իշամեղու եւ այլն) միջատների խայթոցից կարող է լինել մարդկանց 1-2 տոկոսի մոտ եւ դրա զարգացման համար թույնի չափը կարեւոր չէ: Բավական է նույնիսկ մեկ մեղվի խայթոցը: Նման ռեակցիայի առաջացման աստիճանները կարող են տարբեր լինել: Դրա արտահայտությունը եղնջատենդն է` ուղեկցված դեմքի ու ականջախեցիների այտուցով: Շատ վտանգավոր է լեզվի ու բկանցքի այտուցը, որից հնարավոր է մարդը խեղդվի: Առանձին դեպքերում կարող է նկատվել շնչահեղձություն, խռպոտ արտաշնչում, ուժեղ սրտխփոց, գլխապտույտ, ցավ որովայնի շրջանում, հնարավոր է նույնիսկ գիտակցության կարճատեւ կորուստ: Ամենածանր ալերգիկ ռեակցիան անաֆիլակտիկ շոկն է, որ սպառնում է տուժածին: Այն զարգանում է խայթոցից անմիջապես հետո: Մարդու մոտ կարող է խախտվել օրգան-համակարգերի աշխատանքը, առաջին հերթին` սիրտ-անոթային համակարգն ու նյարդային համակարգը:
Թաղանթաթեւավորների խայթոցից հետո տուժողին պետք է աշխատել գոնե առաջին օգնություն ցույց տալ: Դրանցից միայն մեղուն է, որ թողնում է իր խայթը: Պետք է զգուշությամբ եղունգի ծայրով հանել մեղվի խայթը իր պարկի հետ միասին: Ընդհանուր թունավորման ռեակցիայի դեպքում, որպեսզի դանդաղի թույնի ներծծումը, պետք է այտուցի վրա սառույց դնել կամ մի այլ սառը բան: Տուժողին խորհուրդ է տրվում հնարավորինս շատ ջուր խմել: Չի կարելի տեղային անզգայացման համար օգտագործել սառը հողը կամ կավը, հակառակ դեպքում մեծ է փայտացման վտանգը: Եղնջատենդի ժամանակ հիվանդի ճնշումը բավականին ընկնում է, այդ պատճառով կարելի է նրան 20-25 կաթիլ «կորդիամին» տալ: Ալկոհոլը խիստ հակացուցված է: Ընդհանուր ալերգիկ ռեակցիան հնարավոր է մեղմել ցանկացած հակագիստամինային պրեպարատի (սուպրաստին) օգնությամբ: Իհարկե, բոլոր դեպքերում ավելի ճիշտ կլինի շուտ դիմել բժշկի: Նա, ով թեկուզ մեկ անգամ մեղվի կամ իշամեղվի խայթոցից ունեցել է ալերգիկ ռեակցիա, անպայման պետք է դիմի ալերգոլոգին:
Իսկ առհասարակ միջատներից խուսափելու մի քանի ժողովրդական միջոց կա, որ բավականին արդյունավետ են.
– Սովորական դեղատնային երիցուկը այնպիսի նյութ է պարունակում, որն այրելիս՝ հոտից փախչում են բոլոր միջատները, բավական է դրանից մի փոքրիկ փունջ այրել:
– Ծաղկող բեկտենու հոտը եւս շատ է վախեցնում բոլոր տեսակի մոծակներին ու մժեղներին:
– Սողացող ծոջոր բույսի ծաղիկներն ու տերեւները շատ լավ կարող են օգնել, եթե այն դնեք մեղվի խայթոցից այտուցված տեղում:
– Սխտորի թարմ հյութը կարելի է քսել մեղվի կամ իշամեղվի խայթածին, այն եւս շատ լավ օգնում է:
– Մոծակի կամ մլակի խայթոցին շատ լավ օգնում է սովորական հում կարտոֆիլից պատրաստված խյուսը:
– Անանուխի հոտից վախենում են հատկապես մեղուները, իսկ եթե արդեն խայթել է, կարելի է խմել անանուխի թուրմը, այն շատ լավ հանգստացնում է:
– Մեղվի խայթոցին կամ այլ միջատի խայթոցին շատ լավ է սպիտակ կաղամբի թեւը: