Պոտյոմկինը
Պատմում են, թե իբր Պոտյոմկինը տառապում էր ծանր, կանոնավորապես կրկնվող ընկճախտերով, որոնց ժամանակ ոչ ոք չէր հանդգնում մոտենալ նրան, իսկ մուտքն իշխանի ննջասենյակ խստորեն արգելված էր: Պալատում իշխանական տկարության մասին հիշատակելն ընդունված չէր, հատկապես կայսրուհի Եկատերինայի ներկայությամբ` այդ թեմայով նվազագույն ակնարկի համար անգամ հեշտությամբ կարելի էր անողորմածության արժանանալ: Ընդ որում, գեներալ-ֆելդմարշալի ընկճախտերից մեկը հատկապես երկար տեւեց, ինչը որ լուրջ ակնարկություններ առաջացրեց` գրասենյակներում կուտակվում էին կարեւոր հրամանագրեր, որոնց կատարումը, որն անհնար էր առանց Պոտյոմկինի ստորագրության, կայսրուհին սպառնալից պահանջում էր: Պետական այրերն իրարանցման մեջ էին: Հենց այդ ժամանակ դիպվածի խաղով հայտնվեց մանրապճեղ, խղճուկ դատական ատենակալ Շուվալկինը` Պոտյոմկինի պալատի ընդունարանում, ուր, ըստ իրենց սովորության, խմբվում էին, գանգատվելով կյանքից ու կոծելով, պետական աստիճանավորները: «Ի՞նչ է պատահել, Ձերդ պայծառություններ: Արդյոք չե՞մ կարող օգտակար լինել»,- հետաքրքրվեց հաճկատար Շուվալկինը: Նրան բացատրեցին, թե բանն ինչ է, ոչ առանց հեգնանքի հասկացնելով, որ, ավաղ, նրա ծառայությունների կարիքը չունեն: «Եթե բանն ընդամենն այդ է,- պատասխանեց Շուվալկինը,- ապա տրամադրեք, պարոններ, ձեր թղթերն ինձ, ես նույնիսկ ձեզ խնդրում եմ այդ մասին»: Պետական այրերը, որոնք, միեւնույն է, արդեն կորցնելու բան չունեին, տեղի տվեցին նրա հորդորներին, եւ ահա Շուվալկինը թեւատակին թղթերի տրցակով շարժվեց անվերջանալի սրահներով ու անցումներով դեպի իշխանական ննջարանը: Առանց թակոցի, նույնիսկ դռան մոտ չհապաղելով, նա սեղմեց բռնակը: Պարզվեց, որ դուռը փակ չէր: Ներսում, մգդակած խալաթով, համարյա աննշմարելի կիսախավարում, նստած էր իր բազմոցին Պոտյոմկինն ու եղունգներն էր կրծում: Շուվալկինը մեկեն ուղղվեց գեպի գրասեղանը, գրիչը թաթախեց, եւ բառ իսկ չասելով՝ մեկնեց իշխանին առաջին հրամանագրի հետ: Նայելով անկոչ հյուրին բացարձակ դատարկ աչքերով, Պոտյոմկինը դրեց իր ստորագրությունը, հետո՝ երկրորդը, եւ այդպես մինչեւ վերջ: Ճանկելով վերջին թուղթը, Շուվալկինը, նույնքան անպատշաճ ու մունջ, թղթապանակը թեւատակին լքեց իշխանական ննջարանը: Հաղթական տարուբերելով ստորագրված թղթերը, նա ելավ ընդունարան: Նրա ընդառաջ խմբով նետվեցին պետական աստիճանավորները, ամեն ոք նրա ձեռքից խլելով իր թղթերը: Չհավատալով իրենք իրենց, նրանք հակվում էին ազնվազարմ ստորագրության վրա… եւ պապանձվում էին: Ոչ ոք ոչ մի բառ չարտասանեց, վրա հասավ համընդհանուր ընդարմացումը: Այդժամ Շուվալկինը դարձյալ մոտեցավ պարոններին, որպեսզի անշրջահայացաբար հետաքրքրվի, թե ինչու են նրանք այդպիսի ապշանքի մեջ կենում: Նրա հայացքը սահեց թղթերի վրայով: Բոլոր հրամանագրերի վրա անխտիր վսեմափայլ ձեռքով գրված էր` Շուվալկին, Շուվալկին, Շուվալկին…
Պատմությունն այս, հանց մունետիկ, կանխագուշակում է Կաֆկայի ստեղծագործությունները նրա արարումից երկու հարյուր տարի առաջ: Նրանում թաքնված անիմանալի հանելուկը` տիպիկ կաֆկայական է: Դե, նա ու ողջ այդ գրասենյակների եւ ընդունարանների աշխարհը, կիսախավար ննջարանների, մգլոտած ու խարխուլ սենյակների աշխարհը` կաֆկայական աշխարհ է: Անշրջահայաց Շուվալկինը, ով ամեն ինչին այդքան թեթեւ է վերաբերվում եւ ի վերջո մշտապես ձեռնունայն է մնում` դա կաֆկայական պերսոնաժ Կ-ն է:
Իսկ Պոտյոմկինը, կիսանինջ եւ նկուն, ինչ-որ տեղ պալատական ննջասենյակի խորքերում ննջած, ուր ոչ ոք մուտք չունի` այն իշխանավորների նախահայրն է, որ բնակվում են Կաֆկայի մոտ դատավորաց տեսքով ինչ-որ տեղ ձեղնահարկերում, կամ քարտուղարություն են անում եւ ովքեր միշտ, որքան էլ բարձրում գտնվեն, մնում են նկուն էակներ, ավելի ճիշտ` վհատված, որպեսզի դրանով առավել անկասելիորեն դրսեւորեն իրենց հզորությունը ամենաաննշան ու կորսված մարդկանց` ամենավերջին դռնապանների եւ ծերությունից զառամած փաստաբանների հանդեպ: Միայն թե այդ ինչի՞ց են նրանք այդքան խոնջացել, որ անընդհատ ննջում են: Կարելի է մտածել, թե նրանք ատլանտների ժառանգորդներն են եւ երկրագունդը պահում են իրենց վզակոթերի վրա: Գուցե, հենց այդ պատճառով էլ, նրանց գլուխները հակված են «այնքան ցած դեպի կուրծքը, որ աչքերը համարյա չեն երեւում», ինչպես դղյակի տեսուչի դիմանկարում կամ ինչպես Կլամի պարագայում, երբ նա ինքն իր հետ է մնում: Բայց ոչ, նրանք բնավ էլ երկրագունդը չեն պահում` պարզապես ամենասովորական բաները նույնպես ունեն իրենց ծանրությունը եւ ունակ են մարդուն եռատակ ծալելու` «ինչպես գլադիատորի ուժասպառությունը մարտից հետո, իսկ արած գործը` գրասենյակի անկյունը սպիտակեցնելն էր: Դյերդ Լուկաչը մի անգամ նկատել է` մեր օրերում մի կարգին սեղան սարքելու համար պիտի Միքելանջելոյի պես ճարտարապետական հանճար ունենաս: Սակայն այն, ինչը Լուկաչի համար պատմական դարաշրջաններն են, Կաֆկայի համար` հավերժությունն է: Եվ այդպես է ամեն ինչում, նույնիսկ ամենաաննշան շարժմունքում: Կաֆկայի պերսոնաժները, մեկ էլ տեսար, ամենաբազմազան եւ անհեթեթ առիթներով ծափ են զարկում: Եվ սոսկ մեկ անգամ, ասես հարեւանցիորեն, հեղինակը բերանից թռցնում է, որ այդ ափերը «իրականում` հանց շոգեմուրճեր են»:
Մենք հայում ենք այդ իշխանավորներին դանդաղ, բայց անկանգ շարժման մեջ` կամ վեր, կամ վար: Սակայն երբեք նրանք ավելի սարսափելի չեն լինում, քան երբ հառնում են խորագույն ամայացման վիհերից` հայրությունից, նախահայրերից: Ահա որդին հանգստացնում է իր խելապակաս, զառամ հորը, ում նա հենց նոր անկողին է պառկեցրել` «Դե հանգստացիր, դու լավ ծածկված ես»: «Ոչ»,- գոչեց հայրն այնպես, որ պատասխանը բախվեց հարցին, եւ, վերմակը դեն նետեց այնպիսի ուժով, որ մի պահ այն պատմուճանի պես ծավալվեց, հասակով մեկ կանգնեց մահճակալի վրա: Լոկ մի ձեռքով նա բռնել էր լամպից: «Դու ուզում էիր ծածկել ինձ, զարմ իմ, բայց հաշվի առ, ես դեռ ամենեւին չեմ ծածկվել: Թող որ սրանք իմ վերջին ուժերն են, բայց քեզ համար կբավի, առավել քան կբավի… Բարեբախտաբար, հայրերը որդիներին տեսնում են մինչեւ ուղնուծուծը, դա սովորեցնել պետք չէ…»,- նա կանգնած էր ազատ, վստահ, մեկ՝ մի, մեկ՝ մյուս ոտքը թափահարելով: Նա ճշմարտության գիտակցումից ամբողջովին շողշողում էր… «Հիմա դու գիտես, աշխարհի երեսին քեզանից զատ էլ ինչ-որ բան կա, իսկ առաջ դու միայն քեզ գիտեիր: Դու, պարզ ասած, անմեղ մանուկ էիր, բայց ավելի պարզ ասած` դու սատանի վիժվածք էիր»: Իր վրայից ծանր վերմակը դեն նետող հայրը, դրա հետ մեկտեղ, ասես դեն է նետում եւ տիեզերքի ճնշումը: Նա հարկադրված է շարժման մեջ դնել հարյուրամյակները, որպեսզի կենդանացնի, այստեղից սերող բոլոր հետեւանքներով, հոր եւ որդու հնամենի հարաբերությունները: Միայն թե ինչ հետեւանքներ են դրանից սերում: Նա դատապարտում է որդուն մահացման ջրով: Հայրն այնտեղ հանդես է գալիս պատժիչ աջի դերում: Մեղքը գրկում է նրան ճիշտ այնպես, ինչպես դատական չինովնիկներին: Շատ բան մեզ մատնանշում է այն, որ չինովնիկների աշխարհն ու հայրերի աշխարհը Կաֆկայի համար`միեւնույն բանն է: Եվ այդ նմանությունը չինովնիկներին ամենեւին պատիվ չի բերում: Բթությունը, ստորությունը, կեղտը` ահա եւ նրանց բոլոր սխրագործությունները: Հոր համազգեստն ամբողջովին բծերով է պատված, դե, իսկ դրա տակինն էլ մաքրությամբ չի առանձնանում: Կեղտը` չինովնիկության հարազատ տարերքն է: «Նա չէր կարողանում հասկանալ, թե ընդհանրապես ինչու է արվում հաճախորդների ընդունելությունը»: «Դե, որ ինչ-որ մեկը առմուտքի աստիճանը կեղտոտի»,- պատասխանեց նրան, հնարավոր է, պարզապես չարությունից, չինովնիկներից մեկը, բայց չգիտես ինչու՝ հատկապես այդ բացատրությունը նրան համոզիչ էր թվում: Անմաքրությունը այն աստիճանի անբաժան է չինովնիկությունից, որ հենց իրենք սկսում են թվալ ինչ-որ վիթխարի մակաբույծներ: Ոչ թե տնտեսական իմաստով, իհարկե, այլ մարդկության եւ բանականության անօգուտ վատնումի տեսանկյունից, որոնց հաշվին այդ խմբակը քարշ է տալիս իր գոյությունը: Սակայն ճիշտ նույնպես Կաֆկայի բոլոր տարօրինակ ընտանիքներում հայրը քարշ է տալիս իր գոյությունը որդու հաշվին, ընկնելով նրա վրա հրեշավոր բոռի պես: Խժռելով ոչ միայն նրա բոլոր ուժերը, այլ նաեւ գոյության նրա իրավունքը: Դա դեռ քիչ է, հայրը, որ մարմնավորում է պատիժը, հանդես է գալիս նաեւ որպես մեղադրող: Եվ մեղքը, որում նա մեղադրում է, առաջին մեղքի պես մի բան է: Քանզի ում է այդ աստիճանի առավել հարմար գալիս այդ մեղքի բնութագրումը, եթե ոչ որդուն` «Առաջին մեղքը, դա մարդու գործած հինավուրց անարդարությունն է, եւ մարդը չի դադարում գանգատվել իր հետ պատահած անարդարությունից, իր դեմ կատարված առաջին մեղքից»: Սակայն էլ ո՞վ կարող է կշտամբել ինչ-որ մեկին առաջին մեղքի համար` իրեն ժառանգ ծնելու մեղքի համար` եթե ոչ որդին՝ հորը: Ինչից որ ակնհայտորեն բխում է, որ իսկական մեղավորը հենց որդին է: Ընդ որում, սակայն, Կաֆկայի կանխադրույթից ամենեւին չի հետեւում, թե ամբաստանությունը մեղսալի է, քանզի ճշմարտությանը չի համապատասխանում: Կաֆկան որեւէ տեղ չի գրել, թե այն անարդար է կամ անիրավացի: Դա մի պրոցես է, որը միշտ անդադար արտադրության մեջ է, եւ ոչ մի գործ չի կարող ներկայանալ ավելի վատ լույսի ներքո, քան այն, որում հայրը դիմում է օգնությանը չինովնիկական խմբակի, որ նստած է այդ դատական գրասենյակներում, ընդ որում, որ անսահման ծախուությունը դեռեւս նրանց վատագույն հատկությունը չէ: Քանզի նրանց բնույթը այնպես է կառուցված, որ ծախուությունը հույսի վերջին շողն է նրանց դեմքերին, եւ որի վրա դեռեւս կարող է հույս դնել նրանց կողմից ոտնահարված մարդկային էակը: Քանզի դատարաններում կան իհարկե օրինաց հավաքածուներ: Միայն թե դրանք տեսնելն անհնար է, «…այդպիսին է, երեւի թե, այդ արդարադատությունը, որ քեզ դատապարտում են ոչ միայն առանց մեղքի, այլ նաեւ անգիտության մեջ»,- սկսում է գլխի ընկնել Կ-ն: Օրենքներն ու գրված նորմերը մնում են այդ, ըստ էության, նախնադարյան աշխարհում չգրված օրենքներ: Մարդն անգիտաբար կարող է խախտել դրանք եւ դրանով իսկ իր գլխին պատիժ բերել: Սակայն, որքան էլ չարաբախտորեն պատիժ գա իր մեջ ոչ մի մեղք չզգացող մարդուն, դրա վրա հասնելը իրավական տեսանկյունից ամենեւին էլ պատահականություն չէ, այլ ճակատագիր, որ այստեղ դրսեւորվում է իր ողջ երկակիությամբ: Դեռեւս Գերման Կոգենը ճակատագրի մասին այդ վաղնջական պատկերացումը բնութագրող իր թռուցիկ գրառումներից մեկում այդ պահը կոչում էր «Անխուսափելի դարձող պայծառացում», այնպես որ, թվում է, «թե իրադարձությունների ընտել ընթացքը եւ ընդհանուր աշխարհակարգը իրենց մեջ կրում են պատճառը, որի հետեւանքով տեղի է ունենում ուխտազանցությունը»: Այդպես է եւ արդարադատության դեպքում, որը Կ.-ի հանդեպ կիրառում է իր դատավարությունը: Նա, այդ դատավարությունը, տանում է մեզ նախնական ժամանակները, տասներկու աղյուսակների դարաշրջանից շատ առաջ, որն էլ հենց գրված իրավունքի առաջին հաղթանակն էր նախնադարյան կացութաձեւի նկատմամբ: Քանզի թեպետ այստեղ գրված իրավունքը գոյություն ունի օրինաց ժողովածուներում, բայց գոյություն ունի գաղտնաբար, ծպտյալ կերպով, որի շնորհիվ նախնականությունը, հենվելով այդպիսի օրենքների վրա, առավել անպատիժ կարող է իրագործել իր անսահման կամայականությունը:
Ընդհանրապես, կարգերն իշխանության մեջ եւ կարգերն ընտանիքում Կաֆկայի մոտ երբեմն շփման մեջ են մտնում ամենաքմահաճ կերպով: Գյուղում, դղյակամերձ լեռան ստորոտի կողքին, բնակիչների մեջ այսպիսի ասույթ է տարածված, որն այս կապակցությամբ շատ բաներ պարզաբանում է: «Մենք այսպիսի մի ասույթ ունենք, գուցե դու նույնպես այն արդեն լսել ես` իշխանությունների որոշումները այնքան երկչոտ են, որքան ջահել աղջիկները»: «Հետաքրքիր միտք է,- արձագանքեց Կ-ն,- նույնիսկ չափազանց հետաքրքիր, ասել կուզի, իշխանությունների որոշումների եւ աղջիկների միջեւ ընդհանրապես շատ ընդհանուր բան կա»: Ամենադիտարժանը այդ առանձնահատկություններից` ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի կպչելու ձգտումն է, ինչպես դա անում են բոլոր երկչոտ աղջիկները, որ պատահում են Կ.-ին «Դատավարությունում» եւ «Դղյակում», իրենց տալով անառակությանը թե՛ ընտանիքի գրկում, թե՛ անկողնում: Ամեն քայլափոխին նրանք պատահում են նրան, մնացյալն այնքան պարզ է, որքան պանդոկային մատուցողուհու նվաճումը. «Նրանք փաթաթվեցին, փոքրիկ մարմինն այրվում էր Կ.-ի ձեռքերում, բարկ ուշագնացության մեջ, որից Կ.-ն անընդհատ, բայց ապարդյուն փորձում էր դուրս պրծնել, նրանք թավալվեցին հատակին, խուլ բախվեցին Կլամի դռանը, մինչեւ որ հենց հատակի վրա հանդարտվեցին, գարեջրի եւ այլ աղտեղությունների մեջ: Այդպես ժամեր անցան,… եւ ողջ այդ ընթացքում Կ.-ին չէր լքում այն զգացողությունը, որ նա մոլորվել է կամ նույնիսկ ինչ-որ օտար տեղում է հայտնվել, այնպիսի հեռավոր մի վայրում, ուր մինչեւ ինքը ոչ մի մարդ չի հասել, որտեղ նույնիսկ օդում հայրենիքի մասնիկ չի մնացել, որտեղ հիմա-հիմա պիտի խեղդվի օտարությունից, բայց միեւնույն է՝ ոչինչ չես կարող անել նրա անհեթեթ գայթակղությունների դեմ, առաջ ու առաջ գնալուց բացի, ավելի ու ավելի անհետ կորչելով»: Այդ օտարության մասին մենք դեռ կխոսենք: Հատկանշական է, սակայն, որ այդ կին-պոռնիկները երբեք գեղեցիկ չեն լինում: Կաֆկայի աշխարհում գեղեցկությունն ավելի շուտ դրսեւորվում է միանգամայն անսպասելի, թաքուցյալ վայրերում, օրինակ, դատապարտյալների դեմքերում: «Դա իհարկե զարմանալի, ինչ-որ իմաստով նույնիսկ բնագիտական երեւույթ է… Եվ մեղքը չէ, որ նրանց այդչափ գեղեցիկ է դարձնում… եւ ոչ էլ արդարացի պատժի կանխազգացումը… ուրեմն, պատճառը նրանց դեմ սկսված գործն է, այն է, որ այդպես փոխակերպում է նրանց»:
«Դատավարություն» վեպից, սակայն, դժվար չէ եզրակացնել, որ այդ հետաքննությունը մեղադրյալների համար անհուսալի ավարտվելու սովորություն ունի` անհուսալի նույնիսկ այն դեպքում, եթե նույնիսկ մնում է արդարացման դատավճռի հույսը:
Հնարավոր է, որ հենց այդ անհուսությունն էլ, Կաֆկայի երեւակայության միակ ծնունդը, նրանց հաղորդում է գեղեցկության փայլը: Համենայն դեպս, այդ կռահումը լավ միահյուսվում է հենց Կաֆկայի ասածին, որը մեզ է հասցրել Մաքս Բրոդը: «Ես հիշում եմ,- գրում է նա,- Կաֆկայի հետ մեր զրույցներից մեկը, որը սկսվեց այսօրվա Եվրոպայից եւ մարդկության անկումից: «Մենք, երեւի,- ասաց նա այն ժամանակ,- Աստծո գլխում ծնված նիհիլիստական, իսկ գուցե, ինքնասպան մտքերն ենք: Սկզբում դա ինձ հիշեցրեց աշխարհի մասին գնոստիկների պատկերացումները, որոնց համար Աստված չարի արարիչն էր, իսկ տիեզերքը` նրա մեղսագործությունը»: «Օ՜ ոչ,- առարկեց նա,- մեր աշխարհը սոսկ Աստծո քմայքն է, այն օրը, երբ նա տրամադրություն չի ունեցել»: «Դե, ուրեմն, ինչ-որ տեղ մեզ հայտնի աշխարհից զատ կարող է գոյություն ունենալ հույսը»: Նա ժպտաց. «Օ՜ այո, որքան ասեք, չափազանց շատ հույս, բայց միայն ոչ մեզ համար»: Այս խոսքերը մեզ համար կամուրջ են նետում առ այն Կաֆկայի պերսոնաժները, որոնք կարողացել են պոկվել ընտանիքի գրկից, եւ որոնց համար, հնարավոր է, համենայն դեպս, հույս կա: Դրանք կենդանիները չեն եւ ոչ էլ այլ կաֆկայական սոսկալի խառնուրդները եւ կատվագառան կամ Օդրադեկի պես ֆանտաստիկ էակները: Դրանք, համենայն դեպս, դեռեւս գոյում են ընտանիքի գրկում: Զուր չէ, որ Գրեգոր Զամզան միջատ է զարթնում հենց ծնողների տանը, եւ պատահական չէ, որ եւ մյուս տարօրինակ գազանիկը, կեսկատու-կեսգառնուկը, հորից հասած ժառանգություն է, դե, եւ Օդրադեկը, պատահական չէ, որ հենց հոր խնամքի առարկան է: Բայց ահա «օգնականները»` ահա նրանք, իրոք որ այս շրջանակից դուրս են մնում:
Օգնականները պատկանում են պերսոնաժների այն յուրահատուկ կարգին, որ հանդիպում են Կաֆկայի բոլոր ստեղծագործություններում: Նրանց խմբից են եւ «Հայեցման» մեջ մերկացվող խարդախը, եւ պատշգամբում հայտնված Կարլ Ռոսմանի հարեւան ուսանողը, եւ այն տխմարները հարավային ինչ-որ քաղաքից, որ երբեք չեն հոգնում: Նրանց գոյության վրա փռված երկվության աղջամուղջը հիշեցնում է այն փոփոխական լուսավորության մասին, որում ներկայանում են Ռոբերտ Վալզերի փոքր արձակի պերսոնաժները, Վալզերը նաեւ հեղինակն էր «Օգնական» վեպի, որը շատ էր սիրում Կաֆկան: Հնդկական լեգենդներում հանդիպում են գանդխարվաները, կիսապատրաստ էակները, միգամածության փուլի արարածները: Նրանց նման են եւ Կաֆկայի օգնականները` լինելով բոլորից տարբերվող, նրանք դրա հետ մեկտեղ՝ ոչ մեկին օտար չեն, նրանք` բանբերներ են, այլոց միջեւ վազքի մեջ: Նրանք, ինչպես Կաֆկան է ասում, նման են Վարնավային, իսկ Վարնավան բանբեր է: Նրանք դեռեւս բնության գրկից լիովին դուրս չեն եկել, այդ պատճառով «… տեղավորվել են անկյունում` հատակին երկու կանացի հին շրջազգեստների վրա… «Նրանց համար դա պատվի գործ է… հնարավորինս քիչ տեղ գրավելը, այդ պատճառով, նրանք միշտ, ճիշտ է, սվսվացնելով ու քմծիծաղելով, փորձում էին ավելի կիպ տեղավորվել, ձեռ ու ոտքով այնպես էին միահյուսվում, որ մթնշաղում երեւում էր անկյունում միայն մի մեծ կծիկ»: Ահա նրանց եւ նրանց նմանների համար` անտաշների, անհմուտների, անպատրաստների համար` նրանց համար հույս կա:
Սակայն այն, ինչը ավետաբերների կերպարում սքողված է նրանց թեթեւամիտ ունայնությամբ, ընկած է բոլոր մնացյալ արարածների վրա օրենքի անխախտելի ծանրությամբ: Ոչ մեկն այս աշխարհում չունի իր համար ամրագրված տեղը, փոփոխության չենթակա ուրվագիծը, ոչ ոք հանգիստ չունի` միմիայն վերելքի կամ վայրէջքի ամենօրյա տառապանքը, ոչ մեկին չի տրված հարեւանի կամ թշնամու հետ տեղերով փոխվել, չկա մեկը, որ մնա չհասած, նույնիսկ սպառելով իր ժամկետը, եւ չկա մեկը, ով իր փորձության ամենասկզբում ծայրաստիճան ուժասպառված չլինի: Այստեղ կարգուկանոնի ու աստիճանակարգերի մասին խոսելն անհնար է: Առասպելների աշխարհը, որը բոլոր այդ աստիճանակարգերն ու կարգուկանոնը նախակարգադրում է, Կաֆկայի աշխարհից անհամեմատ ջահել է` հենց այն աշխարհից, որին առասպելը դեռեւս փրկություն էր խոստանում: Սակայն, եթե մենք մի բան հաստատ գիտենք, դա այն է, որ Կաֆկան այդ խոստումներին չհավատաց: Բոլորովին այլ մի Ոդիսեւս, նա «նրանց նույնիսկ թույլ չտվեց դիպչել իր հեռաստաններ փնտրող հայացքին», «ծովահարսերը տառացիորեն թոշնեցին նրա հաստատակամության առաջ, հենց այն ժամանակ, երբ նա նրանց ամենից մոտ էր, նա ամենից քիչ էր նրանց մասին հիշում»: Կաֆկայի նախորդների մեջ վաղնջական անցյալում, բացի նախնի-հրեայից եւ նախնի-չինացուց, որոնց մենք դեռ կհանդիպենք, չմոռանանք եւ սրան, հույնին: Քանզի Ոդիսեւսը կանգնած է այն շեմին, որը առասպելը բաժանում է հեքիաթից: Բանականությունը եւ ուշիմությունը առասպելի մեջ արդեն բացել են իրենց ուղի-ճամփաները` առասպելի հզորությունը արդեն դադարում է անհաղթահարելի թվալ: Ըստ էության, հեքիաթը հենց ավանդույթն է առասպելի հանդեպ հաղթանակի մասին: Կաֆկան, երբ սկսում էր պատմել, դիալեկտիկների համար հեքիաթներ էր հորինում: Նա այնտեղ փոքրիկ խորամանկություններ էր ներհյուսում, որպեսզի հետո դրանցում տեսներ այն բանի ապացույցը, որ «երբեմն ակնհայտ անպետք, նույնիսկ մանկական հնարքները ունակ են փրկություն բերելու: Այդ բառերով է նա սկսում «Ծովահարսերի լռությունը» պատմվածքը: Բանն այն է, որ նրա ծովահարսերը լռում են, դա «նրանց եւս մեկ զենքն է, նույնիսկ ավելի սարսափելի, քան նրանց երգեցողությունը… նրանց լռությունը»: Հենց դա էլ նրանք գործածեցին Ոդիսեւսի դեմ: Սակայն նա, մեզ հաղորդում է Կաֆկան, «այնպիսի խորամանկի մեկն էր, այնպիսի աղվես էր, որ նույնիսկ ճակատագրի աստվածուհին չկարողացավ տեսնել, թե ինչ է նրա հոգու խորքում: Նա, գուցե իսկապես, թեպետ մարդկային բանականությունը հրաժարվում է դա հասկանալ, նկատել էր, որ ծովահարսերը լռում են, եւ, ուրեմն, միայն ձեւի համար, նրանց եւ աստվածներին սիրաշահելու համար, իրեն այդպես պահեց»,- այդպես է հաղորդում ավանդությունը, «ծածկվելով այդ մանկական հնարքով, ինչպես յուրատեսակ վահանով»:
Կաֆկայի ծովահարսերը լռում են: Հնարավոր է, նրանք լռում են նաեւ այն պատճառով, որ երաժշտությունն ու երգեցողությունը նրա մոտ ամենաքիչը փրկության արտահայտությունը կամ գրավականն են: Հույսի գրավականը, որ նետված է մեզ այն նոսր, անկատար եւ դրա հետ մեկտեղ՝ առօրեական, մխիթարիչ եւ նաեւ տխմար միջնական աշխարհիկից, որտեղ հիմնավորվել են, ինչպես իրենց տանը, Կաֆկայի օգնականները, ինչպես այն տղեկը, որ ուղեւորվել էր վախ փնտրելու: Եվ հասել էր Պոտյոմկինի պալատը, բայց արդեն ի վերջո պալատական նկուղների մթին որջերում դեմ էր առել Ժոզեֆինային, հենց այն երգող մկանը, ում մեղեդին նա հետեւյալ կերպ է նկարագրում. «Նրանում ինչ-որ բան կա աղքատ եւ կարճատեւ մանկությունից, ինչ-որ բան կորուսյալ եւ այլեւս երբեք ձեռք չբերվող երջանկությունից, բայց միաժամանակ՝ ինչ-որ բան այսօրվա մեր գործունյա կյանքից, նրա չնչին, անիմանալի, բայց դեռեւս գոյություն ունեցող եւ անշիջանելի առույգ ունայնությունից»:
Սանչո Պանսան
Պատմում են, որ մի խասիդական գյուղում մի երեկո շաբաթվա վերջին աղքատիկ պանդոկում հրեաներ էին նստած: Նրանք բոլորը բնիկներ էին, բացի մեկից, ում ոչ ոք չէր ճանաչում, դա լրիվ չքավոր ու խղճուկ թափառաշրջիկ էր, որ տեղավորվել էր ամենահեռավոր ու մթին անկյունում: Խոսում էին դեսից-դենից, մինչեւ որ մեկն առաջարկեց յուրաքանչյուրին երեւակայել, որ կկատարեն նրա մի ցանկությունը, եւ հարցրեց, ով ինչ իրեն կցանկանար: Մեկը փող ուզեց, երկրորդը` փեսա, երրորդը` նոր դազգահ, եւ այդպես շարունակ, մինչեւ որ յուրաքանչյուրն արտահայտվեց եւ մնաց միայն մութ անկյունում նստած չքավորը: Նա երկար չեմուչում էր անում, եւ վերջապես դժկամորեն եւ անվստահ պատասխանեց. «Ես կուզենայի լինել մեծ երկրի ամենազոր արքան, եւ ահա պառկած կլինեի ես գիշերով իմ պալատում եւ հանգիստ քնած, իսկ այդ ժամանակ սահմանն հատելով երկիր կմտներ թշնամին եւ մինչ լուսաբացը նրա հեծելազորը կհասներ իմ երկրի պարիսպներին, դիմադրության դեմ չառնելով, եւ ես, քնաթաթախ, նույնիսկ չհասցնելով հագնվել, շապիկով, ստիպված կլինեի փախուստի դիմել եւ կփախչեի լեռներով ու հովիտներով, օր ու գիշեր, առանց դադարի ու հանգստի, մինչեւ որ փրկված հայտնվեի հենց այս նստարանին ձեր պանդոկի ամենամութ անկյունում»: Մնացած հրեաները տարակուսած միմյանց նայեցին: «Դե եւ ինչ կտար քեզ քո ցանկությունը»,- հարցրեց, վերջապես, նրանցից մեկը: «Վերնաշապիկ»,- հետեւեց պատասխանը:
Այս պատմությունը մեզ հեռու է տանում, կաֆկայական աշխարհի ամենախորքերը: Չէ՞ որ ոչ ոք չի ասել, որ աղճատումները, որոնք մեսիան երբեւէ կգա շտկելու մանրուքներում` դա լոկ մեր տարածության աղճատումներն են: Դրանք, անշուշտ, եւ մեր ժամանակի աղճատումներն են: Կաֆկան հաստատ այդպես էլ մտածում էր: Այդ պատճառով էլ պապը նրա պատմվածքներից մեկում ասում է. «Այդուհանդերձ կյանքը շատ կարճ է, իմ հիշողության մեջ այն այնքան է սեղմվել, որ, օրինակ, ինձ դժվար է հասկանալը, թե ինչպես է ջահել տղան խիզախում ձիով թեկուզ հարեւան գյուղը գնալ, չերկյուղելով ոչ թե դժբախտ պատահարից, այլ պարզապես այն բանից, որ նրա սովորական, միանգամայն փախչող կյանքը այդպիսի ուղեւորության համար չի բավի»: Այդ պապի եղբայրը` այն անեկդոտի չքավորն է, ով իր «սովորական, միանգամայն փախչող» կյանքում նույնիսկ բաղձալի ցանկության համար ժամանակ չի գտնում, փոխարենը անսովոր եւ դժբախտ պատմության մեջ է ընկնում, ուր նրան բերում է իր իսկ հորինած պատմությունը եւ որտեղ նա ստիպված է լինում փախուստի դիմել, եւ բաղձալի ցանկությունը քամահրելով, այն փոխարինում է առօրեականի կատարմամբ:
Ի դեպ, Կաֆկայի ստեղծագործություններից մեկում կա մի ընտանիք, որը տարօրինակ կերպով հաշվի է նստում կյանքի կարճատեւության հետ: Ծնունդով այն «հարավային մի քաղաքում… որի մասին ասում են. «Այ թե մարդիկ են այնտեղ: Պատկերացնում եք, ընդհանրապես չեն քնում»: «Ինչպե՞ս թե չեն քնում»: «Դե որովհետեւ չեն հոգնում»: «Ինչպե՞ս թե չեն հոգնում»։ «Դե որովհետեւ տխմար են»: «Իսկ ի՞նչ է, տխմարները չե՞ն հոգնում»: «Իսկ ինչի՞ց պետք է տխմարները հոգնեն»: Ինչպես երեւում է, այդ տխմարները ինչ-որ բանով նման են «Դղյակի» անդադրում օգնականներին: Սակայն այս ընտանիքի գործն ավելի բարդ է: Ասես հարեւանցիորեն, օրինակ, օգնականների մասին ասված է, որ նրանց դեմքերին նայելով՝ «կարելի էր լրիվ մեծահասակի կամ ուսանողի տեղ դնել»: Եվ իրոք, հենց ուսանողներն են հայտնվում Կաֆկայի գործերում ամենաանսպասելի տեղերում, դառնալով այդ տարօրինակ ցեղի մունետիկներն ու առաջնորդները: «Բա դուք ե՞րբ եք քնում»,- հարցրեց Կարլը, ավելի ու ավելի զարմանալով: «Երբ եմ քնո՞ւմ,- հարցրեց նա: -Ահա կսովորեմ-կպրծնեմ, այդ ժամանակ էլ կքնեմ»: Ինչպես այստեղ չհիշել երեխաներին, այ թե ինչքան չեն սիրում նրանք պառկել քնելու: Քանզի քանի դեռ նրանք քնած են, կարող է ինչ-որ կարեւոր, հետաքրքիր բան բաց թողնեն: «Մի մոռացիր ամենալավը»,- ասված է ասույթում, որը մեզ ծանոթ է աղոտ «բազում հինավուրց վիպակներից, թեեւ, կարող է եւ ոչ մեկում չպատահի»: Բայց մոռացությունը հատկապես խփում է ամենալավին` այն վերացնում է փրկության հնարավորությունը: «Ինձ օգնելու մտադրությունը,- հեգնաբար նկատում է որսորդ Գրակխի անհանգրվան հածող ոգին,- հիվանդություն է, որը պետք է անկողնում բուժել»: Ուսանողները, յուրացնելով գիտությունը, չեն քնում, եւ, հնարավոր է, դա հենց ուսմունքի առաքինությունն է` ստիպել մարդուն արթուն կենալ: Քաղց պահողը ծոմ է պահում, դռնապանը լռում է, իսկ ուսանողները արթուն են կենում: Այդպես, թաքուցյալ, Կաֆկայի աշխարհում գործում են ճգնակեցության մեծ կանոնները:
Ուսմունքը նրա պսակն է: Մեծ ակնածանքով Կաֆկան դուրս է կորզում հուշը դրա մասին անվերադարձ կորած մանկական օրերի խորքերից: «Համարյա այնպես, ինչպես ժամանակին Կարլը, ինչ վաղուց էր այդ ամենը, նստած տանը ծնողական սեղանի մոտ, գրում էր իր տնային առաջադրանքները, հայրն այդ ժամանակ կամ թերթ էր կարդում, կամ գրառումներ էր անում գրասենյակային գրքույկում եւ պատասխանում էր ֆիրմայի նամակներին, իսկ մայրը կար էր անում, գործվածքի միջից հանելով երկար թելով ասեղը: Որպեսզի հորը չխանգարի, Կարլն իր առաջ սեղանի վրա դրել էր միայն գրիչն ու տետրը, իսկ դասագրքերն ու խնդրագրքերը ըստ կարգի դարսում էր բազկաթոռների վրա: Նույնքան լուռ էր եւ տանը: Ինչ հազվադեպ էին նրանց սենյակ օտար մարդիկ մտնում»: Հնարավոր է, որ այդ պարապմունքները դատարկ բան էին, ոչինչ: Սակայն դրանք շատ մոտ են այն Ոչնչին, որը հենց ապահովում է Ոչնչի պիտանելիությունն ու գոյությունը, եւ ուրեմն դաոն: Հենց դա նկատի ուներ Կաֆկան, ցանկություն ունենալով «Արհեստի բոլոր կանոններով սեղան սարքել եւ միաժամանակ ոչինչ չանել, ընդ որում, ոչ այնպես, որ կարելի լիներ ասել. «Նրա համար սեղան սարքելը դատարկ բան է», այլ այնպես, որ ասեին. «Նրա համար սեղան սարքելը իսկական աշխատանք է, բայց միաժամանակ` դատարկ բան», ինչից որ աշխատանքն ավելի խիզախ կդառնար, ավելի հանդուգն, ավելի ճշմարիտ, եւ, եթե կուզես, ավելի խելագար: Ահա այդպիսի խելագար, մոլեռանդ ջանք են ցուցաբերում եւ ուսանողներն իրենց պարպմունքներում: Դժվար է ավելի տարօրինակ բան պատկերացնելը: Գրագիրները, ուսանողները չեն հասցնում շունչ քաշել: Նրանք չեն աշխատում, այլ գլուխները ցցած վազում են: «Հաճախ չինովնիկը թելադրում է այնքան կամաց, որ գրագիրն իր տեղից նրան ընդհանրապես չի լսում, եւ այդժամ նա ստիպված է լինում տեղից վեր թռչել, ունկ դնելով շարադրանքին, մեկ էլ տեսար, աճապարանքով վազել, նստել ու գրառել, հետո կրկին վեր թռչել, եւ այդպես շարունակ»:
Հնարավոր է, փոքր-ինչ հասկանալի կլինի, եթե հիշենք Օկլահոմայի անսովոր թատրոնի դերասաններին: Չէ՞ որ դերասաններին հարկ է ակնթարթաբար արձագանքել տեղին արված արտահայտությանը: Դե, նաեւ շատ այլ բաներով նրանք նման են այդ խենթուխելառներին: Չէ՞ որ նրանց համար «սեղան սարքելը իսկական աշխատանք է եւ միաժամանակ` դատարկ բան», եթե ըստ դերի այդպես է գրված: Ահա հենց այդ դերն էլ նրանք բոլորը սովորում են, ով որ դրանից թեկուզ մի բառ կամ մի շարժմունք մոռանա, նա որպես դերասան բանի պետք չէ: Սակայն Օկլահոմայի թատրոնի խմբի անդամների համար իրենց դերերը` նրանց անցած կյանքն է: Այստեղից է հենց այս թատրոնի «բնույթը»: Նրա դերասանները արդեն փրկված են, ազատ են արձակված: Իսկ ահա ուսանողը, ում պատշգամբից նայում է Կարլը, դեռեւս փրկված չէ. նա «Կարդում է իր գիրքը, ժամանակ առ ժամանակ` անդադար կայծակնային արագությամբ` ճանկում է մյուս գիրքը, որպեսզի այնտեղ ինչ-որ բան նայի, եւ անընդհատ ինչ-որ բաներ է գրառում հաստ տետրի մեջ, անսպասելի ցած հակելով գլուխը»:
Կաֆկան այդ ժեստերը վերարտադրելիս չի հոգնում: Եվ անընդհատ դա անում է ոչ այլ կերպ, քան զարմանքով: Եվ իրոք, Կ.-ին զուր չէին համեմատում Շվեյկի հետ` մեկին զարմացնում է ամեն ինչ, մյուսին` ոչինչ: Մարդկանց միմյանցից օտարվելու բարձրակետին հասած դարաշրջանում, անըմբռնելի միջնորդավորված հարաբերություններում, որը հենց նրանց միակ հասանելիքն էր, այդ դարաշրջանում հորինվեցին կինոն եւ գրամոֆոնը: Կինոյում մարդը չի ճանաչում իր քայլքը, գրամոֆոնի մեջ` իր ձայնը:
շարունակելի